Արտյոմ Վարդանյանը պետք է հերքի նախկին նախարարի մասին հրապարակած տեղեկությունը․ Դատարանը բավարարել է Էրիկ Գրիգորյանի պահանջը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, օրերս Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանն ընդդեմ «Ջամբո»-ի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի գործով որոշում է կայացրել։ Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Գործը վերաբերում էր զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալուն և տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն։

Այսպես, դատարանը պարտավորեցրել է  Արտյոմ Վարդանյանին «Tert.am» կայքում հերքել Էրիկ Գրիգորյանի վերաբերյալ արտահայտված իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները: Հերքման տեքստը սահմանել հետևյալ կերպ. ««Tert.am» կայքում 01.05.2019 թվականին` «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է Բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն» վերնագրով հրապարակված նյութը «Կենդանաբանական այգու տնօրենը նոր հովանավորներ է գտել, այդ իսկ պատճառով հրաժարական չի տալիս, իր արարքների համար պատասխանատվություն չի կրում, որ Բնապահպանության ներկա նախարարն է իր մեջքին կանգնած, իր մոտ ինչ որ բիզնես ունի» փաստացի տվյալը չի համապատասխանում իրականությանը»:

Գրիգորյանն իր հայցով Արտյոմ Վարդանյանից որպես փոխհատուցում պահանջել էր 2 մլն դրամ, սակայն այս մասով դատարանը Գրիգորյանի պահանջը չի բավարարել։ Փոխարենը դատարանը որոշել է պատասխանող Արտյոմ Վարդանյանից հօգուտ հայցվոր Էրիկ Գրիգորյանի բռնագանձել 200 հազար դրամ` որպես զրպարտության արդյունքում պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում: