ԵԽԽՎ բանաձևը ճնշում է Ադրբեջանի վրա և կարող է լծակ դառնալ Հայաստանի համար, սակայն իշխանությունները չեն օգտագործում այն. Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Երևանում ընթանում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին Ադրբեջանի նախագահը մասնակցել է հեռավար: Նա արդեն ելույթ է ունեցել տեսաուղերձով, որի ընթացքում պնդել է, թե «եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս հռետորաբանությունը:

– Ալիևը գնահատանքի խոսքեր շռայլելուց հետո անմիջապես ի լուր ամենքին մեղադրական տոնով ներկայացրեց իր կարծիքը «հակաադրբեջանական» վերջին բանաձևի վերաբերյալ ու ուղիղ մեղադրեց ԵՄ-ին ու բոլոր հնարավոր եվրոպական կառույցներին՝ անկողմնակալության ու անաչառ չլինելու մեջ: Այս հայտարարությունն իհարկե անարձագանք չմնաց, դրան անմիջապես հետևեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հայտարարությունը՝ բավականին դիվանագիտական խոսույթով: 

Առհասարակ, ինչի մասին էր այդ բանաձևը, որը ցայտնոտի պատճառ դարձավ Ադրբեջանում: Մինչև այս վերջին բանաձևը, որն ընդունվեց 2026-ի ապրիլի 30-ին, նախորդ տարի ևս երկու լուրջ բանաձև է ընդունվել՝ Ադրբեջանին մեղադրելով պատերազմական հանցագործությունների, մշակութային ժառանգության ոչնչացման և այլնի մեջ: Այս տարվա Եվրոպական խորհրդարանի բանաձևը վերաբերում էր հիմնականում արցախահայությանը, ինչն էլ պատճառ դարձավ, որ Ադրբեջանը կոշտ արձագանք տա: 

Առաջինը գերիներին վերաբերող հարցն էր, որով դատապարտվում էր Ադրբեջանը այդ մարդկանց «անարդար կալանքի» ենթարկելու համար, պահանջվում էր անհապաղ ու անվերապահ ազատ արձակել: Երկրորդ կետով վերահաստատվում էր, որ արցախահայությունն ունի իրենց տներ վերադարձի իրավունք, ընդ որում՝ միայն անվտանգ ու արժանապատիվ միջազգային երաշխիքներով: Կար նաև մշակութային ժառանգության մասով կետ, որով պահանջվում էր պատասխանատվության ենթարկել հայկական եկեղեցիների, մշակութային հուշարձանների վնասման համար, ու այդ մասով առաջարկվում էր միջազգային առաքելություն կազմել՝ վիճակը գնահատելու նպատակով: 

Կար նաև կետ մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի տեսակետից, որ կոչ էր անում Ադրբեջանին պահպանել հումանիտար իրավունքը, քննադատում էին դատավարությունները, որ կիրառվում էին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ: Շատ փոքր խոսք կար, որ աջակցում են Հայաստանի ժողովրդավարությանը, ընտրություններին, եվրոպական ինտեգրմանը և այլն: Այս պատճառով էր, որ Ադրբեջանը խզեց կապերը Եվրախորհրդարանի հետ՝ բանաձևը որակելով կողմնակալ, անհիմն, իրենք փորձեցին հիմնավորել, որ գերիները հանցագործներ են, այլ ոչ թե՝ ռազմագերիներ, հատուկ շեշտեցին, թե արցախահայությունն իբր ինքնակամ է հեռացել: 

Ադրբեջանի պահվածքը, բնականաբար, հասկանալի էր, քանի որ այդ բանաձևը որոշակի քաղաքական ճնշում է ստեղծում Ադրբեջանի վրա միջազգային հարթակներում ու կարող է «լծակ» լինել Հայաստանի համար: Հասկանալի է նաև, որ բանաձևը պարտադիր իրավական ուժ չունի, բայց ունի քաղաքական արժեք, որովհետև եվրոպական մակարդակով ամրագրվեց, որ գերիների հարցը խնդիր է, օրակարգում է, որ այդ մարդիկ դիտարկվում են որպես ռազմագերիներ, լեգիտիմացվում է, որ արցախահայության վերադարձի իրավունքը պետք է վերանայվի, այսինքն՝ դա ևս օրակարգում է: Սա ցույց է տալիս, որ եթե նման տրամաբանությամբ ամեն ինչ շարունակվի, ապա այդ բանաձևը կարող է ապագայում պատժամիջոցների առիթ դառնալ, ինչ-որ տեղ նաև տպավորություն է, որ Հայաստանի դիվանագիտության տեսանկյունից միջազգային հարթակներում սա օգնություն էր: 

– Պաշտոնական Երևանից հանդիպե՞լ եք արձագանք Եվրոպական խորհրդարանի այդ բանաձևին:

– Ես գեթ մեկ հայտարարություն չեմ տեսել որպես այդպիսին, որը շնորհակալական խոսք լիներ կամ քաջալերանք այդ արդար որոշմանը: Ինչ-որ դրական արձագանքներ եղել են, բայց ոչ պաշտոնական մակարդակով, այսինքն՝ այս բանաձևն իրականում Հայաստանի համար քաղաքական աջակցություն էր, ինչ-որ տեղ ճնշում՝ Ադրբեջանի նկատմամբ: 

Հայաստանը կարող է օգտագործել այս բանաձևը, բայց հայկական կողմը, ելնելով խաղաղության օրակարգի տրամաբանությունից, հետամուտ չի լինում իր մասով գոնե քաղաքական գնահատական տալուն: Սա իհարկե շատ վատ է, հայկական կողմը փորձում է զրո պրոբլեմ ունենալ Ադբեջանի հետ, դրա համար էլ կարևորություն չի տալիս նման բանաձևերին: 

– Պարո՛ն Կարապետյան, իսկ այս գագաթնաժողովին Ալիևի հնչեցրած հայտարարությանը Փաշինյանի արձագանքը ինչպիսի՞ն պետք է լիներ:

– Որպեսզի այսպես կոչված խաղաղության օրակարգը էլի չտուժեր, պետք է պարզապես ասեր, որ դա բացառապես այդ կառույցի մենաշնորհն է, մենք առերեսվում ենք այն իրականությանը, որը հողի վրա տեղի է ունենում, հետևաբար այս ամենը թույլ է տալիս, որ մենք նորմալ ընդունենք այդ բանաձևերն ու հաշվի առնենք դրանք, ու նույն տրամաբանությամբ հորդորեր ադրբեջանական կողմին հետամուտ լինել նման բանաձևերի կատարմանը: 

Սա պետք է լիներ պաշտոնական ձևակերպում՝ անկախ նրանից, թե ինչ արձագանք կլիներ, որովհետև դու այդպիսով քո իրավունքներն ես պաշտպանում, ինչպիսին էր Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի պատասխանը Ալիևին: Շատ լակոնիկ ու գրագետ պատասխան էր: Այո՛, այդ բանաձևերն ընդունվում են մեծամասնության համաձայնությամբ, ու արդյունքները չեն կարող լինել ինչ-որ մեկի քմահաճույքին համապատասխան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am