Մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները որոնք որդեգրում ենք: Այս մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ անդրադառնալով Ալիևի պնդմանը, որ Եվրախորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ:
«Կոնկրետ ելույթներից մեկը վերաբերում էր Եվրոպական խորհրդարանին, և կարծում եմ՝ այն պետք է արագ արձագանք ստանա։ Անհամաձայնություններով հանդիպումները բնական են, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանը ժողովրդավարական մարմին է՝ ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով։ Նրա բանաձևերն ընդունվում են մեծամասնությամբ, և թեև դրանց արդյունքները կարող են անհարմար լինել որոշների համար, մենք չենք փոխի մեր աշխատակարգը և որդեգրած դիրքորոշումները»,- ասել է Մեցոլան։



















