Գորիսի և Սիսիանի շրջանում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հնգամյա գործունեության ծրագրի ներկայացման ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային հատվածի երկայնքով կայունության պահպանման մասին իր առաջարկներին:

«Մի քանի տարբերակներ եմ տեսնում՝ օրինակ՝ ռուս սահմանապահների տեղակայում հայ-ադրբեջանական սամանային հատվածների երկայնքով, ՀԱՊԿ դիտորդական առաքելության գործուղում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդության իրականացում։ Ուրախ եմ արձանագրել, որ ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ հիմա ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, ՀԱՊԿ հետ աշխատանքը շարունակվում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը նույնպես որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում հարցի վերաբերյալ։ Մենք շարունակելու ենք աշխատանքը նաև այդ ուղղությամբ»,- նշել է նա։

Նա նշեց, որ ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքը Հայաստանի անվտանգության «ճարտարապետության հենասյուներից» է։

«Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի շրջանում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր, ՀՀ պետական սահմանային մի շարք հատվածներում պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները, Ռուսաստանի հետ մենք սերտ համագործակցության մեջ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի ֆորմատով, Ռուսաստանը ներգրավված է Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներին։ Եվ, իհարկե, ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոն է»,- նշել է նա։

Փաշինյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին տարածաշրջանում խաղաղության ամրապնդման հարցում ներդրած ջանքերի համար:

Նա նկատել է, որ Ադրբեջանում այդ առիթով հակառուսական տրամադրություններ են ու «հուժկու հակաքարոզչություն է իրականացվում» մասնավորապես՝ ՌԴ խաղաղապահների դեմ:

«Եվ կարծում եմ՝ ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև ՌԴ խաղաղապահ ուժերին և ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի դատարանների կողմից երկար տարիների ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»,- նշել է վարչապետը։