«Սերժիկը սրանով ասում է՝ ես անսասան եմ, հաշվեհարդար է տեսնում նրանց հետ, ովքեր իր կառավարման համար ռիսկ են ներկայացնում». Լեւոն Բարսեղյան

«Սերժիկը սրանով ասում է՝ ես անսասան եմ, հաշվեհարդար է տեսնում նրանց հետ, ովքեր իր կառավարման համար ռիսկ են ներկայացնում». Լեւոն Բարսեղյան
«Սերժիկը սրանով ասում է՝ ես անսասան եմ, հաշվեհարդար է տեսնում նրանց հետ, ովքեր իր կառավարման համար ռիսկ են ներկայացնում». Լեւոն Բարսեղյան

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և նրա գործով անցնող մյուս անձանց ազատազրկման դատապարտելով՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքն անսասան է, թող չհամարձակվեն իրեն հակաճառել:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նրա խոսքով՝ միայն այսօր չէ իշխանությունը նման քաղաքականություն վարում, հատկապես 2008 թվականի մարտի մեկից սկսած հասարակությանը հասկացրել են, որ ամեն ինչ անելու են իշխանությունը պահելու համար:

«Այս վճիռն, իհարկե, սպասելի էր: Սերժիկը սրանով ասում է՝ ես անսասան եմ, հաշվեհարդար է տեսնում նրանց հետ, ովքեր իր կառավարման համար ռիսկ են ներկայացնում, ովքեր արմատական ընդդիմադիր են և բացահայտել են իր ստերը, հատկապես 2016 թվականին կորցրած տարածքների մասով»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 20-ին հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով դատավճիռը: Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի, 5 ամիս, իսկ Գևորգ Սաֆարյանը՝ 5 տարի, 5 ամիս ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրելու՝ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու միջոցով։

Նա նաև մեղադրվում է այն բանի համար, որ կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք՝ նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ։ Բայց, ըստ մեղադրական եզրակացության, նա չի հասցրել ավարտել այդ գործողությունները։

Ք ննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ 2016 թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Դա, ըստ Քննչական կոմիտեի, եղել է Սեֆիլյանի մեքենան:

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ այս գործով առաջին հանգամանքը, թե Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոմեքենաներից մեկի միջից զենք են գտել, որն իբր նախատեսված էր զինված հեղաշրջման համար, դեռևս շատ վաղուց հերքվել է: Ոստիկանությունը այդ դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին տեղեկացրել էր, որ այս օրը այդ տարածքում որևէ ավտովթար չի եղել:

«Այս գործով ընդամենը մեկ վկայի ցուցմունք կա, ով ամենափոքր պատիժն ստացավ և երկու ամսից ազատության մեջ կլինի: Այսինքն՝ ակնհայտ է, որ սա թխած գործ է: Հայաստանում 37 թվականն է, ոչինչ չարած մարդու համար 10 կամ 2 տարվա ազատազրկումը անմարդկային վերաբերմունք է»,- «Մեդիալաբին» ասում է Լեւոն Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ Հայաստանում միշտ նման վճիռներ կայացվել են և կարող են կայացվել: Սա առաջին դեպքը չէ, 1996 թվականից սկսած նման վճիռներ կայացվել են, և Հայաստանում քաղբանտարկլների պակաս չի եղել:

Հարցին, թե ի՞նչ պետք է անել իրավիճակը փոխելու համար, Բարսեղյանը պատասխանեց, որ շատ բարդ է իրավիճակը, մինչև Սերժ Սարգսյանի ռեժիմը որևէ եղանակով չփոխվի, մենք նման դեպքերի ենք ականատես լինելու:
«Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իշխանություն չունենալն իր համար սարսափելի է այնքանով, որ ազատազրկման, ունեզրկման ռիսկ է պարունակում: Եվ նա ատամներով պահում է իշխանությունը, իր հրոսակախմբով ամեն ինչ անում է, որպեսզի իշխանությունը հանկարծ չհասնի ուրիշ մարդկանց»,- նշում է Բարսեղյանը։

Այս պայմաններում, Լևոն Բարսեղյանը նկատում է, որ քաղաքական ընդդիմությունը լուրջ ավանդույթների առաջ է կանգնած, իսկ հանրությունը, ճիշտ է, վախեցած է, բայց այդ վախը աղետալի մակարդակի չի հասել: Ովքեր էլ հույս չունեն, արտագաղթում են, բանալի չունեն, որպեսզի խնդրին լուծում առաջակեն:
«Շատ դժվար է մտածել, որ իշխանություն կարող է փոխվել երկրում: Իշխանություն չունենալու դեպքում ահռելի թվով մարդիկ դատաքննության առաջ են կանգնելու: Դրա համար էլ ոստիկանությունն ուռճացնում են՝ իրենց ինքնապաշտպանության նպատակով»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am