«Ես նրանց կոկորդին մնացած վերջին ոսկորն եմ». «Դոլմամա»-ի սեփականատերը հարկադիրից նամակ է ստացել տարածքը 15 օրում լքելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Դոլմամա»-ի սեփականատեր Ժիրայր Ավանյանը։ Սեփականատերը ԴԱՀԿ-ից նամակ է ստացել, որ 15 օրվա ընթացքում պետք է ազատ տարածքը։

Հիշեցնենք, որ խնդիրը առաջացել է դեռ 2008-ին, երբ կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, որը ձեռք է բերել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը: Նա տարածքում պատրաստվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնել:

– Պարո՛ն Ավանյան, ի՞նչ խնդիր է առաջացել հիմա, և ի՞նչ քայլեր եք դուք ձեռնարկելու:

– Եթե նորմալ երկիր լիներ, կմտածեի, որ սա արդեն վերջն է, բայց քանի որ մենք դեռևս չկայացած երկիր ենք, իմ կարծիքով՝ դեռ բավականին քայլեր ունեմ անելիք: Մի մասն այն է, որ մեկ է՝ չեմ տալու, երկրորդը՝ բոլոր դեպքերում մարդու սեփականությունը պետք է գերակա մնա: Եթե մենք Ազգային ժողովով այդ որոշումը չփոխենք, մենք ունենալու ենք շարունակություն: Ես վերջին ոսկորն եմ իրենց կոկորդին մնացած, որին ուզում են վերացնել: Ինձնից հետո արդեն իրենք կարող են ամբողջ Պուշկինի փողոցը մաքրել և սեփականաշնորհել: Արդեն 13 տարի է՝ ես պայքարում եմ։

– Նոր իշխանությունների օրոք ոչ մի փոփոխություն չեղա՞վ:

– Ո՛չ, չեղավ: Հարցը երբեք չմտավ Ազգային ժողով: Իհարկե, մեկ անգամ խորհրդարանում լսումներ եղան, որին մարդիկ ներկայացան, խոսեցին, իրար մեջ եղած սխալները բոլորը տեսան, բայց քայլ չկատարվեց: Իսկ դատավորները նույն դատավորներն են, որոնց առաջադրանքը տրված էր, այսինքն՝ ամեն բան խախտումներով է արված: Պատկերացնո՞ւմ եք՝ իրենք իմ սեփականության տերն են, բայց գումար են տվել, որ չի գնահատել այդ տարածքը: 

– Կառավարությունից ինչպիսի՞ պատասխան եք ստացել այս 2,5 տարվա ընթացքում: Նոր կառավարությունը ոչ մի քայլ չարե՞ց որպես ներդրող ձեզ աջակցելու համար:

– Ես հարցում չեմ արել կառավարությանը, չեմ դիմել՝ մտածելով, որ այդ պրոցեսն ինքն իրեն պետք է ուղղվի, որովհետև ներդրումների առումով ես շատ վատ օրինակ կլինեմ իրենց համար: 

– Հարկադիր ծառայությունից արդեն եկե՞լ են:

– Ո՛չ, դեռ չեն եկել, ընդամենը Հարկադիրից ինձ նամակ են ուղարկել, որ 15 օրում տարածքը պետք է ազատել։ Այն բաղկացած է չորս կտոր անշարժ գույքից: Դրանցից մեծը, որ իմ սեփականությունն է, իմ անունով է։ 

Մենք այս տարի գնացել էինք, որ հարկերը վճարեինք, մեզ ասացին՝ ինչի՞ եք հարկ վճարում, դա ձերը չէ: Այդպես ենք իմացել, որ այդ մարդիկ վտարել են մեզ: 

– Փաստորեն դուք մեծ ներդրումներ եք արել ու հիմա փաստի առջև՞ եք կանգնած:

– Ճիշտն ասած, եթե մեկ դրամ էլ ներդրում արած լինեի, նույն ձևով կվարվեի, որովհետև ես 13 տարի է՝ այդ բիզնեսն ունեմ: Իմ սեփականությունը պետք է մնա ինձ: Սամվել Մայրապետյանը վերցնելով այդ տարածքները, որը 70 տոկոսով վերցրել ու վարձով է տվել, ու դա ազգային գերակա շահ է՝ ես դա չեմ պատկերացնում: Մեկի սեփականությունը ձեռքից վերցնելը և վարձով տալը չեն կարող հանրային գերակա շահ լինել: 

– 15 օրից ի՞նչ եք անելու, եթե գան Հարկադիրից:

– Չգիտեմ՝ ինչ ասեմ, ծեծելու եմ: Ինձ թվում է՝ չեն գա, իրենք քաղաքացիական բողոքի չեն ուզենա մասնակցել կամ դրա համար պատճառ լինել, որովհետև ես իսկապես կարծում եմ, որ այդ օրը լիքը մարդ կողքիս կանգնած կլինի: Իրենք հաստատ 15-րդ օրը չեն գա, կարող է 14-րդ օրը կամ 18-րդ օրը գան, ու ես չեմ կարող մարդ հավաքել, այնտեղ կանգնել, սպասել: Դրա համար ես մի քիչ թեթև եմ տանում, ուղղակի զարմացած եմ, որ մեզ մոտ դեռ կան այն բարքերը, որը թույլ են տալիս ավազակին, որը երկրից փախած է փող լվանալու պատճառով, հետախուզման մեջ է, կարողանում է դեռ դատարանների միջոցով հարցեր լուծել Հայաստանում: 

Մանե Հարությունյան

MediaLab.am