Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեռ գիշերը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ ինձ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել:

Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը: Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։

Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով»: