«Լուկաշենկոն կորցրել է իրականության զգացումը. առաջիկա օրերը վճռորոշ են հետխորհրդային տարածքի համար». Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարոն Մեհրաբյան, Բելառուսում հետընտրական զարգացումները սրվում են, մարդիկ զանգվածային դուրս են գալիս բողոքի, բայց Լուկաշենկոն կարծես մտադիր չէ հեռանալ։ Ի՞նչ սպասել այս գործընթացից։

– Մենք գործ ունենք հետևյալ գործընթացի հետ։ Առաջին՝ Բելառուսի հասարակությունը միասնական դեմ է Լուկաշենկոյի հետագա պաշտոնավարմանը և կոչ է անում օր առաջ հրաժարական տալ ու նոր ընտրություններ հայտարարել՝ մինչ այդ կառավարման անցումային ռեժիմ ստեղծելով։ Երկրորդ՝ հասարակությունը տրամադրված է միանգամայն խաղաղ։

Փաստորեն այնտեղ բացակայում են բռնի գործողությունները։ Երրորդ՝ Լուկաշենկոն կորցրել է իրականության զգացումը։ Լուկաշենկոն փորձում է խաբել պատմությանը, ժամանակին, խաբել ինքն իրեն և իր երկրին։ Նա կարող է որոշ ժամանակ էլ խաբել, բայց չի կարող խաբել շատ երկար։

Չորրորդ գործընթացը հետևյալն է՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը խոր դեպրեսիայի մեջ է։ Այո, դա դեպրեսիա է, որովհետև Ռուսաստանի համար պարզապես գոյություն չունի լավ սցենար, բոլոր սցենարները վատն են։ Եվ այդ սցենարները կարող են լինել վատ Ռուսաստանի համար, շատ վատ կամ կատաստրոֆիկ։

Եվ Ռուսաստանի ընտրությունը կարող է լինել վատի, շատ վատի ու կատաստրոֆիկի միջև։ Ու դեռ փաստ չէ, որ Ռուսաստանի իշխանությունը ճիշտ որոշում կընդունի։ Մենք բազմիցս տեսել ենք, որ ռուսները, փորձելով երկու կամ երեք չարիքի միջև ընտրություն կատարել, ընտրել են երկուսն էլ կամ երեքն էլ միաժամանակ։

Ես կարծում եմ, որ առաջիկա օրերը վճռորոշ են լինելու ոչ միայն Բելառուսի, այլ նաև հետխորհրդային տարածքի հետագա ընթացքի համար։ Փառք ու պատիվ բելառուս ժողովրդին, նրանք բացառիկ արժանապատվություն են ցուցաբերում, բացառիկ քաղաքացիական հասունություն։ Ես վստահ եմ, որ իրենք իրենց գործը հաղթական ավարտի կհասցնեն և կնվաճեն այն ազատությունը, ինչի համար ոտքի են կանգնել ու պայքարում են։

Կարծես աննախադեպ բռնություններ կիրառվեցին մարդկանց նկատմամբ, անգամ ա՞յդ մեթոդով չեն կարող լռեցնել նրանց։

Այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի զարհուրելի էր։ Դա զանգվածային բռնություն էր, որը Լուկաշենկոն իրագործեց ընդդեմ իր ժողովրդի։ Եվ մենք գիտենք, որ այդ բռնությունների զոհ են դարձել մի քանի հազար մարդ։ Ազատությունից անօրինական կերպով զրկվել է մի քանի հազար մարդ։ Եվ այս ամենը մեխեր էր խփում այս ռեժիմի դագաղի վրա։ Նրանք խփում էին մարդկանց, բայց իրենց հաշիվ չէին տալիս, որ քաղաքական առումով դրանով իրենք մեխերը խփում էին իրենց դագաղին։

– Այդուհանդերձ, զարգացումներն ինչ են ցույց տալիս՝ ժողովրդի կամքի արտահայտմանն այլընտրանք չկա՞։

– Ես նման այլընտրանք չեմ տեսնում նույնիսկ տեսականորեն։ Եվ կարծում եմ՝ եթե Լուկաշենկոն մի փոքր իրականության հարթություն վերադառնա, կընդունի միակ ճիշտ որոշումը։ Իսկ եթե ոչ, ապա նրան կստիպեն այդ ճիշտ որոշումն ընդունել, որովհետև նրա իշխանության տարբեր մասեր պոկվելու են նրանից։ Որևէ մեկը չի ուզում Լուկաշենկոյի հետևից գնալ անդունդ։ Մարդիկ ավելի սթափ են մտածում, և եթե Լուկաշենկոյի բանականությունը դավաճանել է, ապա դա չի նշանակում, որ իր վարչախմբի բոլոր անդամներինը ևս դավաճանել է։

Այսօր նա դարձել է տոքսիկ նույնիսկ իր մերձավոր շրջապատի համար։ Եվ նրանք, ովքեր արյունով իրենք իրենց հետդարձի ճանապարհը չեն փակել, ճանապարհ են փնտրում ուղղակի Լուկաշենկոյի վարչակազմից դուրս գալու համար և լեզու գտնելու հասարակության, նոր ձևավորվող ինստիտուտների հետ։ Մենք գիտենք, որ այնտեղ փրկության, գործադուլային համազգային կոմիտեներ են ստեղծվում և այլն։ Այո, նրանք երկրի ապագա իշխանության սկիզբն են։

– Ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանն այս գործընթացում։ Հայաստանի վարչապետն ու նախագահն արդեն շնորհավորել են Լուկաշենկոյին՝ նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ Եթե Բելառուսում իշխանափոխություն լինի, Հայաստանի ղեկավարները վատ վիճակո՞ւմ կհայտնվեն։

– Ոչ, այստեղ անհարմար ոչինչ չկա։ Ես կարծում եմ՝ Լուկաշենկոյի հրաժարականի օրը Հայաստանի իշխանությունը պետք է ողջունի Բելառուսի ժողովրդին և պատրաստակամություն հայտնի ժողովրդավարական ճանապարհով Բելառուսի նոր ձևավորված իշխանության հետ սերտ համագործակցություն ծավալել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am