Ինչի՞ չեք ուզում ասել, որ ղալաթ եք արել

Մհեր Արշակյան

ԿԳՄՍ նախարարությունում հաստատ անուղեղներ են նստած։ Գառնի հեթանոսական տաճարը երեկ փակել են հարսանիքի համար, իսկ ԿԳՄՍՆ-ն շտապում է ասել, որ էնտեղ ռաբիս չի հնչել։ Այսինքն՝ երեկ այնտեղ տուրիստներ տարել են, ամբողջ օրը չէ, որ փակվել է հեթանոսական տաճարը, բայց տուրիստները տեսել են հարսանեկան պատրաստություն։ Հետո նրանց մուտքն իսպառ արգելվել է։ Իսկ հարսանիքը, ինչպես սոցցանցերից է պարզվում, իրականացվել է քահանայի քրիստոնեական օրհնությամբ։ 

Երեկ Գառնու տաճարը փակելու թեմայով աղմուկ բարձրացավ սոցցանցերում, իսկ ԿԳՄՍՆ-ն մխիթարեց բոլորիս՝ այնտեղ ռաբիս չի հնչել։ Նախ՝ հնչել է, որովհետև հարսանիքի համար փակելն արդեն ռաբիս է։ Երկրորդ՝ ինչի՞ եք փակում տուրիստական կառույցը, եթե պատճառը վերանորոգումը չէ։ Երրորդ՝ Գառնին փակում էին նախկինների ժամանակ, ու դա հասկանալի էր, Օպերայի շենքում ըմբշամարտի առաջնություն էլ էր լինում։ 

Լսեք, ես համաձայն եմ, որ հեղափոխության օրոք ոչինչ չի փոխվել, բայց չեմ հասկանում՝ ինչո՞ւ ոչինչ չի փոխվում, երբ ձեր և նախկինների ասելիքը նույնը չէ, ո՞նց կարելի է նույնն անել տարբեր հրամայականներով։ 

Գառնին կարելի է և պետք է փակել միայն մշակութային խոշոր իրադարձությունների դեպքում, ասենք, այնտեղ բեմականացնում ես, դիցուք, «Արա Գեղեցիկ»։ Կամ կարողացել ես դրսից հնչեղ մեկին, դիցուք, «Փինք Ֆլոյդին» համոզել, որ մենք էլ մեր Պոմպեյն ունենք, կամ մեր Լացի պատը, կամ մեր Օլիմպոսը, կամ, չգիտեմ, մեր Քեոփսի բուրգը։ 

Եկեք և այստեղ ձեր համերգներն ու թատրոններն արեք։ Երևակայություններդ հազիվ ռաբիս հարսանիքներ չխանգարելո՞ւն է հերիքում։ Ինչո՞ւ է ԿԳՄՍՆ-ն անպայման ուզում արդարացված ու ճիշտ դուրս եկած լինի, մի անգամ ընդունեք, որ ղալաթ եք արել։ Թե՞ բիզնես է, ու մեր ինչ գործն է հարսանիքը Գառնում։ 

Չէ՛, երեխանե՛ր, այդպես չէ։ Դուք Գառնիի ու մեր հատուկենտ այլ կոթողների հետ կապված որևէ ծրագիր չունեք, դուք միջազգային հանրություն հրապուրելու ձևերը չգիտեք։ Բայց նախկիններն էլ չգիտեին, ու հիմա ես չեմ հասկանում՝ բա դո՞ւք ով եք։ 

Թե ձեր отмазка-ն այն է, որ հարսանիքներ լինում են նաև Մայր Աթոռում, որտեղ նույնպես տուրիստներ են տանում։ Բայց նախ՝ ես չեմ լսել, որ Մայր Աթոռը փակվի հարսանիքների համար։ Երկրորդ՝ Մայր Աթոռում պսակադրության արարողությունն է իրականացվում, ոչ թե բուն հարսանիքը, եթե, իհարկե, ԿԳՄՍ նախարարն անձամբ Մայր Աթոռ չի փակել ու հենց հարսանիք չի արել այնտեղ։ 

Թե՞ Վերսալի օրինակն է ավելի ճիշտ։ Հա, ընկերնե՛ր, բայց խորհուրդներն են տարբեր։ Վերսալում ժամանակին ամուսիններ (թագավորներ) են ապրել, երկրորդ՝ երբեք ոչ ոք ամբողջ Վերսալը չի փակել։ Երրորդ՝ Վերսալի վերականգնմանը մասնակցել է ամբողջ Ֆրանսիան, Ֆրանսիան գիտի Վերսալի արժեքը։ Վերսալն այն վիճակում է այսօր, որ շենքն ինքը կարող է որոշել՝ իր մեջ ունենա՞լ հարսանիք, թե՞ չունենալ։ Հետևաբար, նախ ձեր ակնածանքը փոխեք տաճարի հանդեպ, հետո թեկուզ միայն հարսանիքներ արեք։ 

Ինձ շշմեցնում է արդարացումը, որ մոտավորապես հնչում է այսպես՝ լավ ենք արել։ Այսինքն՝ չենք ուզում ընդունել, որ ղալաթ ենք արել։ Իսկ տաճարն ինչո՞ւ են արժևորում սերունդները՝ էս օրվա համա՞ր։ Տաճարներում թույլատրելի է փերֆորմանսը, բայց ոչ՝ ռաբիսը, երեխանե՛ր, ձեր ականջներին օ՛ղ արեք սա։ Գառնու տաճարն օրական միջինն ունենում է 1300-1500 տուրիստ։ Այսինքն՝ թքա՞ծ էս տուրիստների վրա։ Գնացեք և թքեք մեզնից հեռու մի տեղ։ Իսկ ավելի լավ է՝ ձեզ վրա։

Մհեր Արշակյան

MediaLab.am