«ՀԱՊԿ-ը թքում է մեր պետության դեմքին, պետությունն ասում է՝ անձրև է գալիս. դուրս ենք գալիս փողոց, որ ասենք՝ անձրև չի գալիս». Դանիել Իոաննիսյան

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսված է նաև առանձին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Գագաթնաժողովին ընդառաջ մի խումբ ակտիվիստներ «Ո՛չ ՀԱՊԿ-ին․ ազատ, անկախ Հայաստան» խորագիրը կրող ակցիա են նախապատրաստվում իրականացնել՝ ո՛չ ասելով ՀԱՊԿ-ին, «պահանջելով ՀՀ Կառավարությունից և ՀՀ ԱԺ-ից վայրկյան առաջ դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին»:

«Երկու ամիս առաջ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը ուղղակի, մեղմ ասած դավաճանեցին մեզ։ Մենք Ռուսաստանին անվտանգության ապահովման դիմաց հազար ու մի բան էինք տվել, բայց երբ եկավ պահը, իրենք ոչ միայն մեզ չաջակցեցին, այլ նաև քաղաքական աջակցություն ցուցաբերեցին Ադրբեջանին»,- «Մեդիալաբին» այս մասին ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն օգնում է վերոնշյալ ակտիվիստներին հանրային իրազեկման միջոցով։

Իոաննիսյանի բնութագրմամբ՝ այս իրավիճակում ՀԱՊԿ-ից դուրս չգալը նման է նրան, որ «մեր պետության դեմքին թքեն, պետությունն ասի՝անձրև է գալիս», ու իրենք այդ օրը դուրս են գալիս փողոց, որ ասեն. «Չէ՛, անձրև չի գալիս, մենք իրերն իրենց անունով ենք կոչում»։

«Իշխանությունը կարծում է, որ եթե իրենք ասեն, որ ոչ թե մեր դեմքին թքում են, այլ անձրև է գալիս, ապա կարող է դադարեն մեր դեմքին թքել։ Սեպտեմբերի 14-ին արդեն Հայաստանը պետք է հայտարարեր, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, որ ՀԱՊԿ-ը որևէ առումով չի աջակցում մեր անվտանգության ապահովմանը, և ՀԱՊԿ անդամ պետություններն անցել են թշնամու կողմը»,- ասում է Իոաննիսյանը։

Իոաննիսյանը հռետորական հարցադրմամբ պատասխանում է հնչող այն մտքերին, թե Հայաստանն այլընտրանք չունի ՀԱՊԿ-ին, որ այդ կառույցից դուրս գալու հետևանքները ծանր են լինելու:

«Այլընտրանք ինչի՞ն, գոյություն չունեցող բանի՞ն։ Գործընկերությունն ո՞ւր է, գոյություն չունի այդ գործընկերությունը։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո հնարավոր ռիսկերին, իմ կարծիքով՝ վտանգները, որոնք կարող էին լինել, արդեն եղել են: Ի՞նչ, Ռուսաստանն Ադրբեջանին քսի՞ է տալու մեզ վրա, արդեն քսի է տվել, էլ ի՞նչ պետք է անի»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։

Նրա համոզմամբ՝ այս ակցիայով մեսիջները կհասնեն ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամ երկրներին։ Արդյունքների մասով էլ Իոաննիսյանը վստահ է, որ եթե անգամ չնպաստեն էլ դիրքորոշումների փոփոխություններին, «գոնե չեն խանգարի դրան»։

Հավելենք, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու հարցին, մասնավորապես ասաց հետևյալը․

«Մենք հույս ունենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում կառույցը կպաշտպանի Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշումը, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր: Կախված այս ամենից էլ կձևավորվի ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ, ու մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ դիրքորոշումը՝ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված»

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am