«Ապրելու երկիր»-ը պարզաբանում ստանալու պահանջով դիմելու է նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ ՀՀ-ին և ՌԴ-ին

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն, երեք տարվա ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Թեև մինչև այժմ առկա չէ նոր ճանապարհի նախագծի հաստատում, սակայն Ադրբեջանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում նոր ճանապարհի կառուցման ուղղությամբ և, ըստ ադրբեջանական կողմի, ճանապարհի շինարարությունը կավարտվի առաջիկա ամիսներին։ Ադրբեջանի կողմից կառուցվող ճանապարհը սկիզբ է առնում Կոռնիձոր գյուղի սահմանից դեպի Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղ։

Արդյունքում նոր ճանապարհն ամբողջովին դուրս է Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածից, ինչը հակասում է հայտարարությանը։ Ակնհայտ է, որ նոր ճանապարհը նույնպես պետք է անցնի Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածով, և Ադրբեջանի կողմից կառուցված որևէ ճանապարհ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապ ապահովելու նպատակ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը առաջիկայում դիմելու է հայտարարության կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը՝ ստանալու պարզաբանում նոր ճանապարհի վերաբերյալ»։