Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը ստորագրեցին երիտասարդության և սպորտի ոլորտների մասին հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար, Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վարդինե Օհանյանը ստորագրեցին համագործակցության մտադրությունների մասին հուշագիր:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Դումանյանն ասաց, որ տվյալ փաստաթղթով երկու երկրի միջև երիտասարդության և սպորտի բնագավառներում գործուն կապերի հիմք է դրվում:

«Մեր գործունեությունը կծառայի նաև Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ամրապնդմանը: Հույս ունեմ, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո անմիջապես կանցնենք գործնական քայլերի»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը և հավելեց, թե հավատում է, որ շուտով կլինեն նաև արդյունքներ:

Վարդինե Օհանյանը կարևորեց Լիբանանի և Հայատանի միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը, քանի որ այն երկու ժողովրդի միջև հրաբերությունների ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է:

«Այս համագործակցությունը «ոսկե առիթ» եմ համարում հայերի և լիբանանցիների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Հույս ունեմ, որ գործնական քայլերը մոտ ապագայում կսկսվեն»,- ասաց Օհանյանը:

Խոսելով լիբանանցի երիտասարդների առջև ծառացած խնդիրներից՝ Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարարը նշեց, որ  դրանք տնտեսական են:

«Մեր երկրի քաղաքական անկայուն վիճակը իր անդրադարձն է ունենում երիտասարդների վրա, նրանք հաճախ գտնվում են լուրջ մարտահրավերների առաջ: Հիմնական խնդիրներից է նաև այն, որ երիտասարդների համար աշխատանք չկա և նրանք իրենց ներուժը չեն գտնում Լիբանանում, այդ պատճառով մեկնում են արտասահման»,- ընդգծեց Օհանյանը և հավելեց, որ իրենց լուրջ խնդիրներից է լիբանանցի երիտասարդների արտագաղթը:

Վերջինս կարևորեց նաև այն, որ ստորագրված փաստաղթի շնորհիվ երկու երկրների միջև տեղի կունենա փորձի փոխանակում: