«Եթե Հայաստանի վրա չի լինի արբիտրաժային մահակի վտանգը, ես միանշանակ կողմ եմ, որ Ամուլսարը չշահագործվի». Արմեն Մովսիսյան

«Եթե Հայաստանի վրա չի լինի արբիտրաժային մահակի վտանգը, ես միանշանակ կողմ եմ, որ Ամուլսարը չշահագործվի». Արմեն Մովսիսյան
«Եթե Հայաստանի վրա չի լինի արբիտրաժային մահակի վտանգը, ես միանշանակ կողմ եմ, որ Ամուլսարը չշահագործվի». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը

– Պարո՛ն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում Ամուլսարի հանքի շահագործման հարցում Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Կարո՞ղ ենք ասել, որ սա նոր իշխանության առաջին լուրջ քննությունն է։ 

– Բնապահպաններից շատերին եմ ճանաչում, շատ են նորմալ մարդիկ, բայց, այնուամենայնիվ, ինձ դուր չի գալիս, որ պատճառահետևանքային կապը խախտվել է։ Եթե բնապահպանական խախտումներ կան, Ամուլսարը հենց էն գլխից չպետք է շահագործվեր։ Պետք է տեսնել, թե սրա հետքն ուր է տանում։ Տարիներ առաջ է սկսվել հանքի շահագործումը, և ի՛նչն է պատճառը, որ հիմա փոթորիկը հազար անգամ ավելի մեծ եղավ, քան այն ժամանակ, երբ Ամուլսարում սկսվեցին հանք բացելու գործընթացները։

Այսինքն` ես մի կողմից ուրախ եմ, որ բնապահպաններն այսօր ավելի ազատ են և կարողանում են իրենց ձայնը հասցնել հանրությանն ու իշխանավորներին, բայց մտահոգ եմ, որ մենք հաշվի չենք առնում մի քանի պարագա։ Եթե Հայաստանի վրա չի լինի արբիտրաժային մահակի վտանգը, ես միանշանակ կողմ եմ, որ հանքը չշահագործվի, մինչև վերջնական բոլոր հարցերի պատասխանները չտրվեն, բայց Հայաստանը հարյուրավոր խնդիրներ ունի, և օդ ու ջրի պես անհրաժեշտ են, որ այդ միջոցները հոսեն բյուջե, և այդ խնդիրները լուծվեն։

Մենք պետք է զգույշ լինենք և նախորդների դրած ականների վրա չպայթենք, որովհետև այդ 700 մլն դոլարը, որքան էլ պաթոսով հայտարարենք, թե կհավաքվենք, ազգովի կտանք, չենք հավաքելու, և դա էլ է մնալու պետության վզին։ Մի բան է, երբ «Ֆեյսբուքում» հայտարարում են, թե «Լիդիանը» չի կարող դիմել արբիտրաժ, բայց եթե պարզվի, որ լավ էլ հնարավոր է, ու կա նման վտանգ, այդ դեպքում նման բան գոռացողներն ի՞նչ են անելու։ Պետք է կարողանանք գնահատել մեր պետության համար վտանգների չափը։

– Ձեր կարծիքով՝ ո՞րն է ճիշտ լուծումը։ 

– Չկա ճիշտ լուծում։ Այս դեպքում կա երկու լուծում՝ վատ և ավելի վատ։ Մենք այս կռիվը պարտվել ենք արդեն։ Երկու լուծումն էլ վատ է. թե՛ շահագործելն է վատ, թե՛ մյուս ճանապարհը, որը կարող է տանել արբիտրաժային մահակի։ Երրորդ ճանապարհը, որ նորից հետազոտություն իրականացնեն ու տեսնեն, թե տնտեսության համար դա որքանով է լավ կամ վատ, ես շատ չեմ տեսնում, իրատեսական չեմ համարում, հասարակությունը այս հարցում բաժանվել է «այո» և «ոչ» պարզ պատասխաններով։

– Շատերը պնդում են, որ եթե մերժենք այս ծրագիրը, ներդրումներ չեն գա Հայաստան։ Սրանով մենք մեր վախերի գերին չենք դառնո՞ւմ։

– Վախերի գերի արդեն դարձած ենք։ Մեր հարևանությամբ մի իմպերիա ունենք, որ աշխարհի 1/6-րդի վրա իր թաթը դրել է, և, որքան հասկանում եմ, նրա ախորժակը դեռ փակված չէ։ Հիմա մենք նրա նկատմամբ վախերի գերի՞ ենք, թե՞ պետք է իրատեսորեն գնահատենք հնարավոր վտանգները։ Նույնը եթե վաղը հանկարծ, ասենք, տեսական այդ խոշոր տուգանքները դնեն մեզ վրա, հանքի շահագործմանը «ոչ» ասողներից ո՞վ իր վրա կվերցնի այդ պատասխանատվությունը։

Այլ բան է, թե ինչո՛ւ մինչև հիմա չի բռնվել այն մարդկանց պոչը, որոնք Հայաստանի հանքերը քանդել ու այսօր էլ քանդում են։ Որտեղ են հոսում այդ գումարները։ Եթե երկրում թալան է տեղի ունեցել նախորդ տարիներին, որի մասին տարիներով խոսում էինք, որ մեծ գումարներ են դուրս բերվել Հայաստանից, ինչո՞ւ այդ գումարները հետ չեն բերվել։ Գոնե այդ գումարների կեսը հետ բերվեր, որ այսօր էլ ասեինք՝ այո՛, Ամուլսարը պետք է սար մնա, էդ փողերն էլ կվճարենք։

Այս 1,5 տարվա մեջ շատ բաներ չեն արվել, հեղափոխությունը շատ թավիշով է, այդպես չի լինում։ Լավ տնտեսությունը միայն տուրիզմով ու աղքատ երկրի հարկահավաքությամբ չես զարգացնի: Արդյունաբերությունը նախորդ 30 տարիներին ոչնչացվել է, ուրի՞շ, սաղմնային IT տեխնոլոգիաներ, էլ ի՞նչ մոռացա, ո՞ւմ է պետական հայց ներկայացվելու այս հարցերի պատասխանի համար, ո՞վ է ներկայացնելու՝ ես չեմ տեսնում: Կիսատ որոշումներով չես կարող ունենալ շատ մեծ, ամբողջական արդյունք։ Էլ չասեմ, որ թույլ տնտեսությամբ չես ունենա ուժեղ երկիր:

 – Շատերը նշում են, որ հասարակության ակնկալիքները հեղափոխությունից հետո մեծ էին, որոնք դեռ չեն արդարացել։

– Պետք է նախ պարզել, թե որ հասարակության որ մասի մասին է խոսքը, որովհետև շատերը գնում փողով քվեարկում էին, հաջորդ օրը գոռում են «դուխով», իսկ դրանից մեկ օր հետո էլ քննադատում են կառավարությանը։ Այո՛, բոլորը սպասում էին, որ նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչները պետք է պատժվեն, պետք է տրվի նախկինում երկրում տիրող իրավիճակի քաղաքական գնահատականը, որ պետք է լինեն նաև պետության պատժիչ քայլերը նախկին հարստահարողների, երկիրը թալանողների նկատմամբ։

Պետք է սոցիալական արդարության վերականգնմանն ուղղված այդ քայլերն արվեին, որոնց ուղղությամբ, ցավոք սրտի, 1,5 տարվա ընթացքում շատ բան չի արվում։ Ամուլսարը նաև արագացրեց, կատալիզատոր հանդիսացավ այդ դժգոհությունների համար։ Ամեն կիսատ արված գործողություն, կիսատ արված քայլ բերում էր բացասական էներգիայի կուտակման։ Իհարկե, բոլորին չես կարող հաճոյանալ, բայց ակնհայտ քայլեր կային, որոնք պետք է արվեին ու չեն արվել։

-Կուտակվող խնդիրներ ասելով ի՞նչ նկատի ունեք։ Հասարակությունը սպասում է տնտեսական հեղափոխության, այն չի տեսնում, դա՞ է դժգոհության շարժառիթը։ 

– Խոսքն առաջին հերթին արդարության զգացման մասին։ «Վերջ կոռուպցիային» լոզունգը բավարար չէ, իսկ նրանք, որոնք թաղվա՞ծ էին դրա մեջ նախորդների օրոք:Մենք տեսնում ենք, որ մեզ հայտնի անունները 1,5 տարի հետո ազատության մեջ են։ Նրանց չկարողացան կամ չուզեցին պատասխանատվության կանչել։ Գուցե համարեցին ոչ կարևոր։ Դա կուտակվում է հասարակության մեջ, հասարակությունը դա շատ ցավագին է ընդունում։

Մարդիկ հեղափոխությունից ակնկալել են, որ այս հարցում կլինի վերլուծություն, քավ լիցի, հաշվեհարդարի կոչ ոչ ոք չի հնչեցնում, ուղղակի արդարադատություն: Իսկ ի՞նչ գործիքներով իրականացնել այդ արդարադատությունը, հին դեմքերի այսօրվա դատարանո՞վ, ստացվում է փակուղի:

Մարդիկ շատ լավ հիշում են, թե ինչ էր կատարվում նախկինում։ 30 տարի հայկական պետականությունը կորցրել է իր զարգացման ընթացքը։ Դա հանցագործություն է պետության ու ժողովրդի նկատմամբ, և, ցավոք, այդ հարցերի գնահատման ուղղությամբ քայլերը բավարար չեն։ Այդուհանդերձ, ես շարունակում եմ աջակցել Նիկոլ Փաշինյանին։

Մանե Հարությունյան

MediaLab.am