Ֆրանսիան իր ՊՈԵՏՆ է

Ֆրանսիան իր ՊՈԵՏՆ է
Ֆրանսիան իր ՊՈԵՏՆ է

Երեկ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի առիթով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամփոփեց Պետությունը, Մարդուն, Պոետին, որը, հիշելով ռուսներին, երբեմն ավելին է, քան սոսկ պոետը: Մակրոնն ասաց. «Ֆրանսիայում Պոետները չեն մահանում»:

Նախ՝ ով է պոետը: Ֆրանսիան «պոետ» բառի մեջ ամեն ինչ է դնում, ահա ինչու մահը փոքր է էդ բառի համար: Պոետները չեն մահանում, որովհետև այս կամ այն չափով իրենց ժամանակակիցների և նրանց մեջ են, որոնք գալու են: Նրանք սնում են մարդու սիրտը, միտքը, աչքը, ինչպես, ասենք, Ֆլորենցիայի եկեղեցիները սոսկ որպես արտաքին հարդարանք, ինչպես Շեքսպիրը բոլոր ողբերգությունների ցանկացած տողը, ինչպես Հիսուս Քրիստոսը որպես գոյություն ունեցած երևույթ:

Անմահ լինելու համար, ի վերջո, բավական է երբեք չկորել մարդու և ժամանակաշրջանի տեսադաշտից: Այդպես այսօր մեր տեսադաշտում են Սոկրատեսից մինչև Լևոն Ներսիսյան ապրած բոլոր արվեստագետները, որոնք անընդհատ ապաբարոյականացող այս աշխարհի խիղճն են, որոնք ավելի մերն են «գոյությունից ազատ ժամին», քանի դեռ մենք փոքր ենք ոչ միայն մեր ազգության, մեր Հայրենիքի, այլև նույնիսկ մեր մարմնի մեջ:

Պոետը զուգահեռ խիղճ է և զուգահեռ ներաշխարհ, քանի դեռ դու ինքդ բաց չես, հատումը չես այն արժեքի, որը դու չես կարողացել ձևակերպել քեզ համար: Պոետը քեզ չհերիքող կշիռն ու բովանդակությունն է այս աշխարհում: Պատահական չէ, որ Սիրանո դը Բերժերակը «ծնվեց» Ֆրանսիայում:

Պոետը մարդ է, որը քեզ ապահովագրում է Սատանայից: Պոետը իր իսկ բախումն է Սատանայի հետ, քո մարտահրավերը՝ նետված Սատանային, որը մղելու գործիքներ քեզ վիճակված չեն: Մահանում է հոգևորականը, մահանում է փիլիսոփան, գուցե՝ բանաստեղծը: Բայց նրանք բոլորը մահկանացու են սոսկականության մեջ` սոսկ հոգևորականը, սոսկ փիլիսոփան, սոսկ բանաստեղծը:

Ազնավուրից ավելի հանճարեղները կարող են լինել մահկանացու: Մակրոնը խոսում է Ֆրանսիայի մասին, ոչ թե` պոետի: Մակրոնը խոսում է անմահության մասին, որը կարող է «տեղի ունենալ» միայն Ֆրանսիայում ծնված և մեծացած ստեղծագործողի հետ:

Ֆրանսիան իր ՊԱՆԹԵՈՆԸ դարերով է կառուցել` պոետը կարող է չմոռանալ մահվան մասին, պոետը կարող է դադարել գրել, եթե հիշենք Արթյուր Ռեմբոյին, բայց նրա անմահությունն ապահովագրված է Ֆրանսիայով:

Մակրոնը խոսում է այն մասին, որ ոչ ոք սուրբ չէ, Ռասինը, Դեկարտը, նույնիսկ՝ Պասկալը, Բոդլերը, Հյուգոն, Ռեմբոն, Պոլ Վալերին, Ազնավուրը (ի դեպ, նա միայն բանաստեղծների մասին չի խոսում, և նույնիսկ տեքստի ներկայացուցիչների մասին չի խոսում, այլ՝ պոետների. բառը հաստատ ավելի ընդգրկուն է) սուրբ չեն եղել, Մակրոնի ասածն այն է, ինչը կերազեր ասել Դոստոևսկու Ռուսաստանի առաջնորդը, Բորխեսի Արգենտինայի ղեկավարը, Մարկեսի Կոլումբիայի նախագահը, Նարեկացու և Չարենցի Հայաստանի վարչապետը, Շեքսպիրի Անգլիան, Սերվանտեսի Իսպանիան, Ֆոլքների և Սարոյանի Ամերիկան: Բայց չեն ասում: Եվ դեռ չեն ասի:

Ամբողջ աշխարհում պոետներն անմահ են մյուսների՝ «ավելի մահկանացուների» համար, բայց Ֆրանսիան ինքն է անմահության դարբինը:

Մեր ականջը շոյում է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահը իր պետության փիլիսոփայական դեմքը ամփոփեց հայազգի Ազնավուրի առիթով, բայց իր Մակրոնը մի նախադասությամբ Ֆրանսիան «դարձրեց» Հին Հունաստան, որի աստվածներն անմահ են նույնիսկ քրիստոնեության օրոք:

Մակրոնի Ֆրանսիան անմահություն արտահանող Ֆրանսիա է հանձին Շառլ Ազնավուրի, որովհետև նա ֆրանսիացի է, բայց վաղուց Ֆրանսիայինը չէ: Բայց Մակրոնը խոսում է հենց այն մասին, որ Ֆրանսիան «ատամներով» է պահում իր անմահության «ինստիտուտը», այն մասին, որ պոետը, Դալիի բառերով, նախ պետք է հանճար ունենա, մնացածը կանի Ֆրանսիան:

Մակրոնը խոսում է Ֆրանսիայի՝ որպես Հոր մասին: Մակրոնը մի նախադասությամբ Ֆրանսիան դարձրեց, թող թույլ տրվի ասել՝ նոր Վատիկան, բայց բառի ոչ վարչական և նույնիսկ ոչ քրիստոնեական իմաստով: Որովհետև Վատիկանը չի կարող ցույց տալ Քրիստոսի տեղը նույնիսկ մարդու մեջ: Ֆրանսիան կարող է: Ֆրանսիան բաբախում է աշխարհի մեջ: Ահա թե ինչ ասաց Էմանուել Մակրոնը:

Հ. Գ. Այս ամենը գրեցի, որպեսզի պարզ դառնա, թե ի՛նչը չի հերիքում Հայաստանին: Հայաստանն իր հանճարների ՊԱՆԹԵՈՆԸ չէ:

Մհեր Արշակյան

MediaLab.am