Տիգրան Դավուդյանի՝ Իրանի քաղաքացի լինելու տեղեկատվության կապակցությամբ կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ․ պարզաբանում

2021 թվականի հունիսի 3-ին համացանցում տեղեկություն է տարածվել, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է. Տիգրան Աբրահամի Դավուդյանը 2021 թվականի մայիսի 17-ին դիմել է անձնագրային ծառայություն` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին:

Անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի պահոցում կատարված ստուգումներով պարզվել է, որ Տիգրան Դավուդյանը 06.10.1999 թ.-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Օտարերկրյա պետության, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկություններ բնակչության պետական ռեգիստրի պահոցում առկա չեն:

Ստուգվել է նաև Տիգրան Դավուդյանի կողմից վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը, ինչից հետո 19.05.2021 թ. տրամադրվել է հայցող տեղեկանքը:
Տիգրան Դավուդյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերոհիշյալ տեղեկատվության կապակցությամբ ներկայումս կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ:

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։