«Դրա մասին գիտես ինչեր են ասում». Անձնական կյանքը՝ թիրախ քաղաքականություն մուտք գործած կանանց համար

«Դրա մասին գիտես ինչեր են ասում». Անձնական կյանքը՝ թիրախ քաղաքականություն մուտք գործած կանանց համար
«Դրա մասին գիտես ինչեր են ասում». Անձնական կյանքը՝ թիրախ քաղաքականություն մուտք գործած կանանց համար

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող 12 թեկնածուներից երկուսը կին են: Եթե տղամարդկանց միջև պայքարն ընթանում է քաղաքական թույլատրելի գործիքներով, ապա կանանց թիրախավորում են անձնական կյանքին վերաբերող բամբասանքներով:

«Ինձ եկել հարցնում են՝ ո՞ւմ ես ընտրելու: Պատասխանում եմ՝ կարող եմ չասե՞լ, դա իմ իրավունքն է: Հաջորդ հարցն է հնչեցնում. «Հո էն փչացածին չե՞ս ընտրելու, դրա մասին գիտես ինչեր են ասում»,- պատմում է Էջմիածնի բնակիչ Սարգիս Պետրոսյանը, հավելելով, որ հարցնողը նկատի ուներ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանին, ում անվան շուրջ հիմա հազար ու մի բան եմ կապում՝ բարոյականության բոլոր սահմաններն անցնելով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մասնագիտությամբ իրավաբան Դիանա Գասպարյանը առաջադրել է իր թեկնածությունը հոկտեմբերի 21-ին կայանալիք Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում:

Քարոզարշավի ընթացքում սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում 30-ամյա Գասպարյանի դեմ սկսվեց հերյուրանքների ու բամբասանքների արշավ, որով փորձ էր արվում հեղինակազրկել քաղաքականություն նոր-նոր մուտք գործող Գասպարյանին:

«Բոլորն իրար ճանաչում են, փոքր քաղաք է, ու բամբասանքներն էլ շատ արագ են տարածվում: Բայց ես կարծում եմ, այստեղ ոչ թե Դիանայի խնդիրն է, այլ՝ կնոջ: Մեր հասարակությունը չի հանդուրժում տեսնել ղեկավար պաշտոնում կնոջ, և սկսում են թիրախավորել նրան: Կանանց դեպքում ամենահեշտը բարոյական կերպարը սևացնելն է, ինչն էլ անում են Դիանայի դեմ։ Գտել են ամենանուրբ լարը, քանի որ գիտեն, որ մեր հասարակությունում կանայք շատ խոցելի են հենց անձնական տիրույթում»,- ասում է էջմիածնեցի Թամարա Սարգսյանը:

Օրինակ՝ newstime.am կայքը նման բովանդակությամբ նյութ էր գրել. «Կեսգիշերին վառվում են քաղաքապետարանի լույսերը, 01-008 համարներով OPEL մակնիշի ավտոմեքենա է կանգնում քաղաքապետարանի մուտքի մոտ: «Ո՞վ է այցելում այդ ուշ ժամին երիտասարդ չամուսնացած կնոջը»,- հարցնում են էջմիածնեցիները: ՔՊ-ական Կարեն Չիլինգարյանը համարվում է քաղաքապետուհու «տանիքը»»:

womennet.am կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը ասում է, որ սոցիալական ցանցերի ազդեցությունը լինում է խիստ դրական կամ բացասական հատկապես կին քաղաքական գործիչների համար:

«Դրական է, որ կարծես թե լուծում են նրանց հրապարակայնության հարցը, նախկինում միայն հեռուստատեսության միջոցով դժվար թե կարողանային նման արդյունք ապահովել: Բացասական է, որ հայտնվում են ֆեյքեր, որոնք սկսում են ներազդել տվյալ թեկնածուի կամ քաղաքական գործչի իմիջի վրա: Մեդիայի այլ գործիքներով մարդիկ այդքան համարձակություն չեն ունենում այդ կարգի վիրավորանքներ հասցնելու: Այս դեպքում հնարավոր է, որ անգամ ոչնչացնեն դեռ չկայացած քաղաքական գործչի, էլ չեմ ասում, որ կայացածներին են անգամ ոչնչացնում»,- ասում է Թամարա Հովնաթանյանը:

Ինքը՝ Դիանա Գասպարյանը, անդրադառնալով իր շուրջ հնչող բամբասանքներին, լրատվամիջոցներին ասել է.

«Մնացած թեկնածուների քարոզչությունը քարոզչություն չեմ համարում, այլ ընդամենը բամբասանք, պարզապես էժանագին սադրանք, որովհետև այդ էժանագին մեթոդներով պարզապես փորձում են իջեցնել իմ վարկանիշը։ Ես տեսնում եմ, որ միանշանակ հաղթելու ենք»:

Մինչդեռ Թամարա Հովնաթանյանը նշում է, որ իրականում կարծրատիպային մոտեցում է, որ հասարակությունը խիստ է մոտենում կին թեկնածուներին:

«Նույնիսկ կին ընտրողներն ավելի խիստ են գնահատում կանանց, քան տղամարդկանց: Մենք հայրիշխանական ժառանգություն ենք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, և ուզում ենք կանանց համապատասխանեցնել այն կերպարին, որն ընդունելի է հասարակության կողմից, իսկ այդ կերպարը շատ ու շատ կաղապարված է տարբեր արգելքներով»,- ասում է womennet.am-ի խմբագիրը, հավելելով, որ գործընթացը բավական ժամանակ է պահանջում, և իհարկե այն կարող է հարթվել քաղաքականություն մուտք գործող կանանցով, ովքեր կապացուցեն, որ իրենք ոչ մի բանով չեն զիջում տղամարդկանց դիրքերին:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ նշում է, որ կնոջ կողմից ցանկացած քաղաքական մասնակցության հայտ առավել խոցելի է դարձնում նրան: Էջմիածնի դեպքում, ըստ իրավապաշտպանի, գործ ունենք մի համայնքի հետ, որտեղ ոչ միայն կարծրատիպային մոտեցում է եղել, այլ նաև կլանային պատկերացում, երբ առկա է հայրիշխանական մտածելակերպ, որը կնոջը դիտարկում է ընդամենը ընտանեկան կյանքի ներսում որոշակի ֆունկցիաներ կատարող անձի:

«Որևէ հանրային ակտիվություն չի խրախուսվում: Էջմիածնի պարագայում դա վտանգավոր է եղել անգամ շարքային քաղաքացի տղամարդու համար: Նման համայնքում լինել ղեկավար, քաղաքապետ՝ բավական մեծ հեղաշրջում է: Այս դեպքում տվյալ կնոջը մեծ աջակցություն է պետք: Պատկերացրեք, եթե դա կատարվեր, երբ իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն լիներ, և Դիանան այս դեպքում հանդես գար որպես ընդդիմադիր ուժի կողմից ներկայացված թեկնածու, որքան ավելի խոցելի կլիներ»,- ասում է Հովհաննիսյանը:

Քաղաքականություն մուտք գործող կանանց թիկունքին հասարակությունը փորձում է տեսնել գերհզոր տղամարդու, ով ճանապարհ է բացում տվյալ կնոջ համար:

«Երբեք թույլ չեն տալիս մտածել, որ կինն իր ուժերով հասել է ինչ-որ մի կետի և մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական և հանրային ակտիվության: Չես գտնի քաղաքականություն մտած մի տղամարդու, որի անձնական կյանքը այդքան մանրադիտակով զննվի: Անգամ կանանց բարեհոգությունը վայելող տղամարդու վարկանիշն աճում է»,- ասում է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ մինչդեռ եթե քաղաքականություն մուտք գործած կինն ունի այդ ուշադրությունը տղամարդկանց կողմից, ապա դա նվազեցնում է հասարակության հարգանքն ու սերը նրա հանդեպ:

Թամարա Հովնաթանյանն էլ ասում է.

«Տղամարդու բարոյական վարքն ու սահմանները ավելի լայն են մարդկանց պատկերացումներում: Տղամարդը կարող է սիրուհի ունենալ, բայց կինը՝ ոչ: Եթե շատ հարցերում տղամարդկանց ներում են, ապա կանանց՝ոչ:

Հայաստանի քաղաքներից որևէ մեկը երբևէ կին չի ղեկավարել: Հովնաթանյանը նշում է, որ ՏԻՄ համակարգում կանայք բացարձակ անտեսանելի են:

«Գյուղական համայնքներում ունեինք 15 կին ղեկավարներ, այսօր 7-ն են: Նրանք տեսանելի էին միայն իրենց համայնքներում: Կին քաղաքապետներ երբևէ չենք ունեցել, հետևաբար կա այդ մոտեցումը, որ ուժեղ տղամարդու ձեռք է պետք»,- ասում է նա:

Զառա Հովհաննիսյանի դիտարկմամբ էլ կարծրատիպային հանրային գիտակցության փոփոխությանը պետք է նպաստեին ներկայիս իշխանությունները՝ նշանակովի պաշտոններում կանանց ուղարկելով:

«Գոնե այս հեղափոխությունից հետո, որտեղ կանանց մասնակցությունը այդքան բարձր էր ու շատ կարծրատիպեր կոտրվեցին, ամրագրվեր նմանատիպ նշանակումներով, և դա քայլ կլիներ, որպեսզի հասարակությունը հաղթահարեր այդ կարծրատիպերը: Հավատացեք՝ այդ կարծրատիպի հաղթահարումը ավելի մեծ հեղափոխություն կլինի, քան այն, ինչ կատարվեց»,- ասում է նա:

Գայանե Մկրտչյան

MediaLab.am