Լուռ պայքար. «Դա պատերազմի ձայնն է ինձ համար, ինձ թվում է՝ այդ աղմուկը նորից մեջս է լցվում». դեռահասները և պատերազմը

Լիլիթ Պողոսյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտ կանուխ ամուսնու հետ մեկնել էր Գորիս աշխատանքի: Որդուն՝ Արմենին, ծնողները թողել էին Ստեփանակերտի իրենց տանը քնած, այն պայմանով, որ երբ արթնանա, անմիջապես գնա տատի տուն: Լիլիթն արդեն Գորիսում էր, երբ իմացավ, որ Արցախում պատերազմ է սկսվել: Երեխան հրետակոծության ձայներից արթնանալով՝ ահաբեկված փախել էր հարևանի տուն՝ օգնություն խնդրելու:

«Արմենն ամիսներ շարունակ չէր խոսում, պարփակված էր, վախն ու տագնապը ոչ մի կերպ չէին անցնում,- պատմում է մայրը (անունները փոխված են): – Երբ մի քանի օր անց եկանք Երևան, ասաց, որ մենակ չի ուզում քնել: Տեղափոխվեց մեր սենյակ: Մի օր գիշերն արթնացա, տեսնեմ՝ պատուհանի մոտ կանգնած է: Հարցնում եմ՝ ինչո՞ւ չես քնում, լուրջ նայում է դեմքիս ու ասում՝ մա՛մ, դու քնիր, հենց ինքնաթիռը գա, ես կասեմ, որ փախչենք նկուղ»: 

2020-ի պատերազմին, Արցախի շրջափակմանը հետևեց արցախցիների բռնի տեղահանությունը: 2023 թվականի սեպտեմբեր ամսին ավելի քան 100000 հայ Արցախից՝ Լեռնային Ղարաբաղից, բռնի տեղահանվել է Հայաստան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ նրանից 30 000-ը երեխաներ են: 

Արցախից հոգեբան-խորհրդատու Ռուզաննա Մկրտչյանը նշում է, որ տարիքային հոգեբանության մեջ ամենադժվարը հենց դեռահասությունն է, այն կարող է ճգնաժամային լինել, իսկ երբ դեռահասը գտնվում է արտակարգ իրավիճակում՝ անկախ իր կամքից, խնդիրները դառնում են ավելի ցցուն և դժվար հաղթահարելի: 

Հոգեբանը նշում է՝ պատերազմ ապրած դեռահասների մոտ խնդիրները կարող են տարբեր լինել՝ ինքնամփոփ, ագրեսիվ դառնալուց մինչև ֆիզիկապես արտահայտվող խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ՝ տրամադրության կտրուկ փոփոխությունները, տագնապայնությունը, վախ ոչ միայն ձայներից, այլև մենակ մնալու, ոչ անվտանգ տարածքում հայտնվելու, առանձին սենյակում քնելու հետ առնչվող տագնապներ և այլն: 

«Դեռահասների շրջանում տրավմայի հաղթահարումը կարող է տարբեր լինել ինչպես անձի առանձնահատկություններով, այնպես էլ միջավայրային գործոններով պայմանավորված, այդ պատճառով դեռահասների հետ հոգեբանական աջակցության աշխատանքն իրականացվում է հենց տրավմայի հաղթահարման և ինքնակարգավորման նպատակով»,- «Մեդիալաբին» ասում է Մկրտչյանը: 

«Սեյվ դը չիլդրեն» (Save the Children) միջազգային կազմակերպության «Դադարեցրեք երեխաների դեմ պատերազմը. պաշտպանելով երեխաներին 21-րդ դարի հակամարտությունում» զեկույցում նշվում է, որ պատերազմը, զինված հակամարտությունները, բռնությունն ու անապահովությունը կարող են երեխաների հոգեկան առողջությանը երկարատև վնաս հասցնել, եթե երեխաներին համապատասխան մասնագիտական աջակցություն չտրամադրվի:

«Ուսումնասիրություններին մասնակից երեխաների 84%-ի մոտ որպես սթրեսի թիվ մեկ պատճառ նշվել է ռմբակոծությունները և հրետակոծությունը: Հարցված մեծահասակների 89%-ը նշել է, որ երեխաների վարքագիծը դարձել է ավելի տագնապային, վախեցած և նյարդային, իսկ 71%-ը նշել է, որ երեխաներն ավելի ու ավելի են տառապում հաճախամիզությունից կամ ակամամիզությունից»: 

«Եթե համապատասխան աջակցություն չտրամադրվի, նրանց անհանգստությունը և տագնապայնությունը կարող է շարունակվել հակամարտության ավարտից հետո»,- նշված է զեկույցում: 

Լիլիթ Պողոսյանը ևս պատմում է տագնապայնության և խնդիրների մասին, որոնք հետևել են պատերազմական գործողություններին և խոր հետք թողել Արմենի հոգեկան աշխարհի վրա: Նա նշում է՝ չխոսելը, գիշերները աչք չկպցնելը, ձայներին արձագանքելը. ծանր օրեր էին, ու եթե շուրջ մեկ տարի հոգեբանի մոտ այցերի չգնային, արդյունքի չէին հասնի: 

«Երևանում մեկ այլ շենք պիտի տեղափոխվեինք ու երբ տեղ հասանք, առաջին բանը, որ Արմենը հարցրեց՝ որտե՞ղ է նկուղը, երբ հարձակվեն, ո՞ւր պիտի փախչենք»,- պատմում է մայրը: 

Նա նշում է, որ հոգեբանի աջակցությամբ հնարավոր եղավ հաղթահարել հոգեբանական խնդիրները, որոնք ի հայտ էին եկել պատերազմի հետևանքով: 

«Սակայն հետո Արմենն այդպես էլ չցանկացավ Արցախ վերադառնալ»,- հիշում է Լիլիթ Պողոսյանը:

Հոգեբանները նշում են, որ պատերազմի դեպքում դեռահասի ճգնաժամին գումարվում է ճգնաժամ, նրա համար ստեղծվում է շոկային իրավիճակ, քանի որ դեռահասների մեջ բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում, և մի ճգնաժամին գումարվում է երկրորդ ճգնաժամը։

Ճգնաժամի զգացողությունը Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի 16-ամյա բնակիչ Հելեն Հովհաննիսյանի համար ասոցացվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հետ: Այդ օրը լուրեր տարածվեցին Ադրբեջանի կողմից հարձակման հավանականության մասին, աղջիկը դպրոցից տուն ճանապարհի կեսին էր հասել, երբ պայթյունի ձայն լսեց: Մինչև տուն հասնելը մտավ հարևանի բակ և լսեց, թե ինչպես է նա ասում՝ պատերազմը սկսել ա…

Ամիսներ շարունակ Ադրբեջանի կողմից Արցախում շրջափակված լինելուց բացի, տրանսպորտի ու արտաքին աշխարհի հետ կապի բացակայությունն նրա կյանքն արդեն տակնուվրա էին արել: 

Հելենն ասում է, որ տրավմայի ժամանակ հարազատների հետ կապն ավելի է ամրացել, փորձում են շատ շփվել միմյանց հետ. իրենք իրար լավ են հասկանում, գիտեն, թե ինչերի միջով են անցել, կարողանում են միմյանց ապրումակցել: Տեղահանման մտքերը միշտ վատ զգացողություն էին առաջացնում Հելենի մեջ, ու սկզբում, երբ նոր էր եկել Հայաստան, հարցերը ճնշում էին, ինքնամփոփ դարձնում: Բայց ժամանակի ընթացքում սովորեց գոնե ամենամտերիմներին չզրկել իրեն օգնելու պատրաստակամությունից: Սկսեց պատմել տեղահանման ճանապարհի, իր կարոտի, նեղվածության, հույզերի և ապրումների մասին: 

«Չեմ կարող ասել, որ ես ամբողջությամբ ինձ ապահով եմ զգում: Հրավառության ձայն լսելիս, մանավանդ, երբ գիշերվա կեսին է լինում, վախենում եմ: Դա պատերազմի ձայնն է ինձ համար, ինձ թվում է՝ այդ աղմուկը նորից մեջս է լցվում: Եթե նույնիսկ փոքր առարկա է ընկնում գետնին, մեկ է՝ վախեցնող է, թվում է՝ նորից սկսվում է»: 

Հելենի մոտ հույզերը տարբեր կերպ են արտահայտվում: Լինում են պահեր, երբ հեռուստացույցով կամ հեռախոսով ինչ-որ լուսանկար է տեսնում Արցախից, ու ամբողջը նորից տակնուվրա է լինում: Հիշում է նորից, որ Արցախում խաղաղ էր ապրում ու չնայած գիտեր, որ պիտի դուրս գա, մեկ է՝ երջանիկ էր: 

«Երբ նայում եմ այդ նկարները, մի ամբողջ օր չեմ կարողանում հանգիստ ապրել կամ ինչ-որ գործով զբաղվել: Մինչև քնելու ժամը անդադար մտածում եմ այդ ամենի մասին, հիշում, լացում եմ: Ցավ եմ զգում, ու դա ինձ խանգարում է հանգիստ ապրել: Մինչև փորձում եմ հետ գալ ամենից, մեկ էլ մի այլ դրվագ է լինում: Լացելը իմ մասին է…» 

Հենց լացը, վախը, տարբեր այլ հույզեր կարող են չապրված լինել, և հոգեբանն օգնում է դրանք վեր հանել, անդրադառնալ դրանց: Հիմա Ռուզաննան աշխատում է հույզերի հետ և ասում է, որ հաճախ դեռահասները չեն գիտակցում՝ ինչ է կատարվում, որովհետև չեն ճանաչում հույզերը: Հիմնական հույզերից են վախը և տխրությունը՝ ամենատարածվածը հետտրավմատիկ շրջանում: 

«Փորձում եմ աշխատել ներկայի վրա, նոր հասցեն ընդունելու վրա, սեփական ուժերի, ռեսուրսների գիտակցման և բացասական ապրումների վերարտադրման վրա»: 

Ցանկացած դրական և բացասական երևույթ անդրադառնում է մարդու վրա, հատկապես՝ դեռահասների: Որոշ դեռահասների մոտ, որոնք հետտրավմատիկ շրջանում են գտնվում, նկատվում են հիշողության, կենտրոնանալու վատթարացում, ուշադրության պակաս, հույզերի արտահայտման խնդիր, ինչն ամենակարևոր երևույթներից մեկն է: 

«Ռեսուրս հենարանների վրա եմ աշխատում և ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ Հայաստանում կարելի է գտնել դա: Հայաստանում ունենք ռեսուրս, որի վրա ակցենտ պետք է դնել: Հաղթահարումը մի քիչ ավելի հեշտ է լինում, երբ հասկանում ես, որ քեզ սպասում են, գրկաբաց են, պատրաստակամ են: Պետք է հնարավորություն տանք, որ դեռահասներն արտահայտվեն՝ եթե ցանկանում են, լռեն՝ եթե պատրաստ չեն, բայց փորձենք ընդունել նրանց ապրումները, համբերատար լինենք»:

Ռուզաննան ասում է, որ հատկապես դպրոցներում շատ կարևոր է կոմպետենտ մասնագետների դերը, որոնք կապրումակցեն, կհասկանան դեռահասներին. նրանք իրոք անպատմելի դառը ճանապարհ են անցել: 

Շատ դեռահասների ապրումներ ու հույզեր մնացել են նկուղներում, և եթե չգտնվեն համապատասխան մարդիկ, որոնք կբռնեն նրանց ձեռքը, շատ հավանական է, որ այդ ապրումները այդպես էլ կմնան խոնավ ապաստարաններում:

Կուշանե Չոբանյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am