«Բժիշկն ասեց ախտորոշումս, չէի հավատում, ինչո՞ւ, որտեղի՞ց». շաքարային դիաբետի նորահայտ դեպքերը հետազոտությունները կապում են քովիդի հետ

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

Երբ ամիսներ առաջ 36-ամյա Մարատը նկատեց, որ առանց պատճառի քրտնում է և օր օրի նիհարում, լուրջ չվերաբերվեց՝ այդ ամենը համարելով համավարակի հետևանք։ Վերջին երկու տարում երկու անգամ քովիդ էր տարել։ Հետո, երբ սկսեց գիշերները ծարավից արթնանալ, իսկ բերանի շուրջը վերքեր հայտնվեցին, հարազատները ստիպեցին բժշկի դիմել։

«Եվ երբ բժիշկն ասաց՝ դիաբետ 2-րդ տիպի, հավատս չէր գալիս։ Գիտեմ, որ շաքարախտը շատ տարածված է Հայաստանում, բայց միշտ վստահ եմ եղել, որ դա առավելապես տարեցների խնդիրն է կամ նրանց, ովքեր անկանոն կյանք են վարում՝ չարաշահում են քաղցրն ու ճարպերը, քիչ են շարժվում։

Ես միշտ հետևել եմ թե՛ սննդակարգիս, թե՛ օրվա ընթացքում շարժունությանս, որովհետև փոքրուց գիրանալու հակում եմ ունեցել։ Չեմ խմում, չեմ ծխում, առավոտյան ոտքով եմ աշխատանքի գնում, քաղցր գրեթե չեմ օգտագործում։ Եվ երբ բժիշկն ասաց՝ դիաբետ 2-րդ տիպի, հավատս չէր գալիս։ Ես՝ դիաբե՞տ, որտեղի՞ց»,– հիշում է 36-ամյա Մարատը։

Եվ մինչ փորձում էր հասկանալ ինչուների պատասխանը, բժիշկները բացատրեցին՝ խնդիրը ո՛չ սննդակարգն է, ո՛չ էլ ֆիզիկական պասիվությունը։ Դիաբետի պատճառը, ամենայն հավանականությամբ, նախորդ ամիսներին տարած Covid-19-ն է։

Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, բժիշկ-սրտաբան Սամվել Հայրումյանը ևս փաստում է՝ քովիդից հետո ողջ աշխարհում նկատվում է շաքարային դիաբետով հիվանդացության աճ, ինչը փաստում են կատարված հետազոտությունները և վիճակագրական տվյալները։ 

«Օրինակ՝ ԱՄՆ-ում, Չինաստանում կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝ քովիդ տարած յուրաքանչյուր 7-րդ մարդու մոտ հայտնաբերվում է շաքարային դիաբետ։ Հայաստանում մասնագետները ևս փաստում են, որ դեպքերի աճ նկատվում է, բայց կատարված հետազոտությունների մասին խոսել կդժվարանամ, կասեմ միայն, որ, անկախ քովիդից, շաքարային դիաբետի հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ նախատեսված են»,– ասում է մասնագետը։

«Covid-19-ից հետո նոր ախտորոշված ​​շաքարախտի դեպքերը» (Incidence of newly diagnosed diabetes after Covid-19) հետազոտությունը, որը կատարվել է Գերմանիայում, փաստում է՝ կորանավիրուսային վարակ տարած մարդկանց առնվազն 28%-ի մոտ նորահայտ շաքարային դիաբետ է հայտնաբերվել: 

«Covid-19 համավարակը շուրջ 40%-ով ավելացնում է վարակվածությունից հետո մարդու մոտ շաքարային դիաբետի հայտնաբերումը»,– տեղեկացնում է ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են ամերիկյան հեղինակավոր Lancet բժշկական ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել էր 181.280 բուժառու, որոնք Covid-19 տարել էին ոչ ավելի, քան մեկ ամիս առաջ։ Փորձի ճշգրտության համար այս խմբի բուժառուների արդյունքները համեմատվել էին Covid-19-ով չվարակված, կլինիկական համանման ցուցանիշներ ունեցող երկու այլ խմբերի բուժառուների արդյունքների հետ, որոնցից մի խմբի փորձանմուշները վերցվել էին նույն ժամանակահատվածում, մյուսինը՝ 2018-2019 թթ.։

Հետազոտությունը տևել էր 352 օր։ Փորձի մասնակիցներից որևէ մեկը նախկինում շաքարային դիաբետ չի ունեցել։ Արդյունքում պարզվել է, որ Covid-19 տարած բուժառուների շրջանում հաջորդ մեկ տարվա ընթացքում դիաբետի հայտնաբերման ցուցանիշը կազմել էր շուրջ 2%, իսկ դրա զարգացման հավանականությունը՝ 40%, ընդ որում՝ որքան ծանր է եղել հիվանդության ընթացքը, այնքան բարձր էր եղել շաքարային դիաբետի հայտնաբերման հավանականությունը:

«2%-ը կարող է փոքր թիվ թվալ, բայց եթե հաշվի առնենք, որ միայն ԱՄՆ-ում 80 մլն մարդ է Covid-19 տարել, ապա դիաբետով հիվանդների թիվը կկազմի շուրջ 1.6 մլն, իսկ շուրջ 35 մլն մարդ կհայտնվի ռիսկի խմբում»,– նշում են հետազոտության հեղինակները։

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445242 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8709 մահվան դեպք է արձանագրվել:

Մասնագետների պնդմամբ՝ համավարակի ազդեցությունը դիաբետի առաջացման վրա ակնհայտ է, սակայն այս հետազոտությունը բավարար չէ կլինիկական հստակ պատկերի մասին խոսելու համար։

Հայաստանում թեև ուսումնասիրություններ չեն անցկացվել, սակայն բժիշկները պնդում են, որ քովիդից հետո նորահայտ շաքարախտի դեպքերը շեշտակի աճել են: 

«Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի համաձայն՝ Հայաստանում 2000-ական թվականների համեմատ՝ այսօր շաքարային դիաբետ ունեցող մարդկանց թիվը եռապատկվել է՝ դառնալով մոտ 110.000, միևնույն ժամանակ, մահերը եռակի նվազել են։ Ռիսկի գոտում առավելապես կանայք են, մահերի 70%-ը բաժին է ընկնում հենց կանանց։ 

2022 թ․ դիաբետից ամենաշատ մահերը գրանցվել են Երևանում՝ 206 մարդ և Շիրակում՝ 81։

Վերջին 5 տարիներին կտրուկ ավելացել է շաքարային դիաբետով հիվանդացող 0-14 տարեկան երեխաների թիվը․ եթե 2015-ին շաքարային դիաբետ ախտորոշվել է 220 երեխայի մոտ, ապա 2020-ին այդ թիվը կազմել է 489, իսկ 2021-ին՝ 531։ 

Ուշագրավ են նաև առաջնային շաքարային դիաբետի հայտնաբերման ցուցանիշները։ Այսպես, եթե 2015-ին շաքարային դիաբետ է ախտորոշվել 15 տարեկանից բարձ 8709 մարդու մոտ, ապա 2021-ին այդ թիվը կազմել է 10864։

Մարատը հիշում է, որ առաջին անգամ քովիդով վարակվել է 2020-ին։ Այդ ժամանակ վարակն ախտորոշվեց ընտանիքի բոլոր անդամների մոտ, Մարատի հայրը դժվարությամբ հաղթահարեց հիվանդությունը՝ ամիսներ անցկացնելով հիվանդանոցում: 

«Դրանից հետո, բնականաբար, բոլորս պատվաստվեցինք, բայց համավարակի երկրորդ ալիքի դեմ դա էլ չօգնեց․ նախ երեխաներս վարակվեցին, հետո արդեն՝ մյուսներս։ Ես երկրորդ անգամ ավելի ծանր տարա, սարսափելի ընթացք էր»,– հիշում է Մարատը։

Թոքաբորբն ու համավարակի մյուս տեսանելի հետևանքները հաղթահարելուց հետո, թվում էր՝ կյանքն իր հունով է ընթանում, երբ Մարատն անհասկանալի փոփոխություններ զգաց։ Տեղի տալով հարազատների հորդորներին՝ Մարատը, ի վերջո, դիմեց բժշկի։ Գանգատները լսելուց և հիվանդության ժառանգականության մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո Մարատին անհրաժեշտ հետազոտություններ նշանակվեցին:

«Արդեն հաջորդ օրը պարզ էր՝ այսուհետ ես ապրելու եմ այս հիվանդության հետ։ Իհարկե, առաջին պահին անգամ վախենալու էր, որովհետև դու հասկանում ես, որ կենսակերպդ, սովորություններդ, գրեթե ամեն ինչ պետք է փոխես։ Պետք է շատ ուշադիր լինես ընթացիկ վիճակիդ նկատմամբ։ Այլևս չես կարող անտեսել սովորական վատ զգալդ, որովհետև այս հիվանդությունը մաշում է քեզ։ Մյուս կողմից ես շատ արագ հասկացա, որ չեմ կարող վհատվել․ սա հիվանդություն է, որը, ցավոք, չի բուժվում, բայց կառավարելի է։ Եթե ես հիմա սկսեմ մտածել միայն դրա մասին, ես իմ կյանքից ոչինչ չեմ հասկանա, իսկ իմ կյանքը դեռ նոր է սկսվում»,– ասում է Մարատը։

Էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանն ասում է, որ վերջին երկու տարում իր պրակտիկայում նկատում է 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդացության աճ, սակայն պնդել, որ հենց Covid-19-ն է նպաստել դեպքերի աճին, դեռևս չի կարող․ ապացուցողական բժշկությունը լռում է, իսկ հիվանդության առաջացման գործոնները բազմաթիվ են:

«Ասել, որ միայն Covid-19-ն է դիաբետի աջացման պատճառ, սխալ է, այն պետք է այլ գործոնների հետ միասին դիտարկել։ Սակայն համավարակի ընթացքում մենք ունեցանք կարանտին, որից հետո շատացան, օրինակ, ճարպակալման դեպքերը, իսկ, ինչպես հայտնի է, ճարպակալումը դիաբետի առաջացման հիմնական գործոններից մեկն է։ Բացի այդ, Covid-19-ի բուժման նպատակով սկսեցին կիրառվել հորմոնալ պրեպարատներ, որոնք էլ իրենց հերթին հանդիսանում են ստերոիդ կամ 2-րդ տիպի դիաբետի առաջացման պատճառ»,- ասում է մասնագետը։

Շաքարախտի հայկական ասոցիացիայի փոխնախագահ, Երևանի քաղաքային Էնդոկրինոլոգիական դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը նշում է՝ Covid-19-ի համավարակից հետո 2-րդ տիպի դիաբետով պացիենտների, ինչպես նաև 1-ին տիպի դիաբետով հիվանդ երեխաների թիվը, իրոք, ավելացել է, սակայն հիվանդությունների միջև պատճառահետևանքային կապի կամ հստակ թվերի մասին խոսել հնարավոր չէ․ Հայաստանում նման հետազոտություն չի իրականացվել:

«Քանի որ ընդգրկուն կլինիկական հետազոտություններ, ըստ էության, դեռևս չեն անցկացվել, դժվար է միանշանակ պնդել, որ այս հիվանդությունները, իրոք, կապված են։ Հնարավոր է, որ այս պատկերն արձանագրվում է դիաբետի տարածման ընդհանուր միտումի ֆոնին։ Պետք է հստակ հասկանալ, որ 2-րդ տիպի դիաբետն ունենում է նախադիաբետային փուլ, որը դիաբետի է բերում մի քանի տարվա ընթացքում։ Այս մարդիկ արդեն իսկ ռիսկի խմբում են գտնվում»,– բացատրում է մասնագետը։

Բունիաթյանն ասում է՝ անկախ այն հանգամանքից, որ դեռևս ապացուցված չէ Covid-19-ի ազդեցությունը դիաբետի առաջացման վրա, պետք է առավել քան ուշադիր լինել, քանի որ 2-րդ տիպի դիաբետը բավականին դանդաղ է զարգանում։ Միևնույն ժամանակ, բժիշկը խորհուրդ է տալիս՝ հատկապես նրանք, ովքեր ծանր են տարել Covid-19-ը, թոքերի ստուգմանը զուգահեռ նաև արյան հետազոտություն հանձնեն՝ դիաբետի վաղ հայտնաբերման համար։ 

«Հորդորում եմ անպայման հետազոտվել»,- նշում է Շաքարախտի հայկական ասոցիացիայի փոխնախագահ Անուշ Բունիաթյանը: 

Սոնա Մարտիրոսյան

Անի Մարտիրոսյան

MediaLab.am