«Եթե մանդատները վայր են դնում ու հեռանում, ապա դա նշանակում է, որ դաշինքը գտնվում է Քոչարյանի խիստ վերահսկողության ներքո». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, այսօր ԱԺ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստանից» երեք պատգամավորներ հայտարարեցին, որ վայր են դնում մանդատը՝ ընդգծելով, որ կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը Ազգային ժողովում: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ այդ դաշինքը փլուզվեց:

– Ո՛չ, չփլուզվեց, որովհետև փլուզման մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ նրանք խմբակցությունից դուրս գային, բայց մանդատները չդնեին: Այդ դեպքում կարող ենք ասել, որ, այո՛, փլուզման գործընթաց կա, ինչի արդյունքում խմբակցության պատգամավորների թիվը կպակասեր:

Իսկ այս դեպքում մանդատները վայր են դնում երեք պատգամավորներ, և նրանց փոխարինում են համամասնական ցուցակի երեք հաջորդ անդամներ: Թե ովքե՛ր կգան՝ այլ հարց է, այս պարագայում կարևորն այն է, որ խմբակցությունը խորհրդարանում պահպանում է իր թիվը:

Կատարվածը նշանակում է, որ դաշինքը պետք է որոշակի եզրահանգումներ կատարի, մասնավորապես, ակտիվանա, միջոցառումներ իրականացնի:

Ցանկացած քաղաքական ուժ, որն ակտիվ չէ, որևէ գործունեություն չի ծավալում, առաջանում են ներքին խմորումներ, որոնք արտահայտվում են հետևյալ կերպ: Հիմա այս անգամ դա չհանգեցրեց ճգնաժամի, բայց եթե այդպես շարունակվի, չի բացառվում, որ հետագայում ճգնաժամեր առաջանան ուժի ներսում:

– «Հայաստան» դաշինքը, ըստ էության, ամբողջացել է նաև այդ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունով: Հիմա այդ կուսակցությունը չկա, դա արդյոք դաշինքի փլուզում չէ՞:

– Դաշինքը ԿԸՀ-ի կողմից ստացել է համապատասխան թվով մանդատ և մինչև ԱԺ աշխատանքների ավարտը դաշինքը պահպանելու է իր կառուցվածքը: Ուրիշ հարց է, որ ԱԺ-ից դուրս այդ կուսակցությունը չաջակցի դաշինքին:

– Ֆորմալ առումով, այո՛, խմբակցությունը պահպանում է իր կառուցվածքը, չի մասնատվում: Բայց տարաձայնություններ, ըստ ձեզ, կա՞ն՝ հաշվի առնելով, որ մինչ այդ էլ Աննա Գրիգորյանն էր հայտարարել, որ դուրս է գալիս Վահե Հակոբյանի ղեկավարած կուսակցությունից:

– Տարաձայնություններ՝ չէ, բայց խնդիրներ կան, եթե դրանք չլինեին, չէիք տեսնի մանդատների շուրջ նման աժիոտաժ: Ընդ որում՝ խնդիրներ կան տվյալ կուսակցության մեջ, որը չի առնչվում դաշինքին: Եթե այդ կուսակցությունը ցանկանում է մնալ քաղաքական դաշտում, պետք է զբաղվի իր ներսում խնդիրների վերացմամբ, հակառակ դեպքում այդ ուժը կվերածվի արդարադատության նախարարությունում գրանցված հերթական մի չգործող կուսակցության, որոնցով այսօր լի է մեր երկիրը:

– Դուք ասացիք, որ դաշինքը միջոցառումներ չի անցկացնում, ակնարկում եք՝ հանրահավաքներ չե՞ն անում:

– Վերջին անգամ հանրահավաքներ, երթեր, ցույցեր եղել են մայիս-հունիս ժամանակահատվածում, և նաև մի հանրահավաք էլ՝ վերջերս: Վերջ: Բայց երբ ասում եմ՝ միջոցառումներ չի իրականացնում, բնավ նկատի չունեմ հանրահավաքներ, երթեր, այլ՝ քաղաքացիների հետ հանդիպումներ, հարցազրույցներ, ակտիվ քննարկումներ: Միջոցառումները բազմաթիվ են իրենց տեսակներով:

Քաղաքական ուժը կենցաղային իր կարծես լինի, օրինակ՝ եթե ջրի փականը տարիներով չես բացում, ժանգոտում է, որը հետո չես կարողանում աշխատեցնել:

Քաղաքական ուժը նույնպես կենսունակ է, եթե աշխատում է: Եթե չի աշխատում, առաջանում են խնդիրներ: Ե՛վ «Հայաստան» դաշինքի, և՛ «Պատիվ ունեմ»-ի մոտ այդ խնդիրները կան, նրանք ակտիվորեն չեն աշխատում խորհրդարանից դուրս:

– Պարո՛ն Բադալյան, մամուլում կար տեղեկություն, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը ձեռք է քաշել իր ղեկավարած դաշինքից, դրա գործունեությանը չի խառնվում: Դուք ի՞նչ կարծիքի եք, ունե՞ք նման տպավորություն:

– Խորհուրդ կտամ՝ չհավատաք մամուլի հրապարակումներին, դա կոչվում է սև ՓիԱր ու տարածվում է քաղաքական ուժի մրցակից ուժերի կողմից:

Վստահ եղեք, որ եթե երկրորդ նախագահի անմիջական ղեկավարությունը կամ ազդեցությունը չլիներ, ապա միգուցե տեղի ունենար այլ գործընթաց, ու մարդիկ հայտարարեին դաշինքից, խմբակցությունից դուրս գալու մասին, բայց մանդատը վայր չդնեին: Եթե մանդատները վայր են դնում ու հեռանում են խորհրդարանից, ապա դա նշանակում է, որ դաշինքը գտնվում է նրա խիստ վերահսկողության ներքո:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am