«Անունը դրել են հայրենիքի փրկություն, բայց հայրենիքը վաղուց պետք է փրկեին՝ 20 տարի չլափելով». Հովսեփ Խուրշուդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, հասարակական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը

– Պարո՛ն Խուրշուդյան, 17 ընդդիմադիր ուժերը շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան, Ազգային ժողովի մուտքերը շրջափակելու փորձեր են անում, խոսում են վճռական գործողություններ սկսելու մասին։ Ի՞նչ է կատարվում։

– Օրեր շարունակ ինչ-որ ակցիա ես անում, փողոց են փակում, բայց հասարակական որևէ լուրջ աջակցության չի արժանանում, հակառակը՝ մարդկանց մոտ դժգոհությունն է մեծանում, որովհետև ամեն դեպքում Երևանն աշխատող քաղաք է։

Պատերազմից մենք վերականգնվելու կարիք ունենք, և աշխատող մարդկանց մի զգալի հատված օգտվում է Բաղրամյան պողոտայից իր տեղաշարժի ժամանակ։

Եվ պատկերացրեք մարդկանց դժգոհությունը, երբ արհեստական այդպիսի խոչընդոտ են ստեղծում՝ սաբոտաժ անելով քաղաքի բնականոն կյանքը։ Լավ, ասենք թե մեկ-երկու անգամ արեցին, տարբեր ժամանակներում եղել է, որ քաղաքական ըմբոստությունների ժամանակ փողոցներ են փակվել:

Բայց երբ դու անում ես ու տեսնում, որ հասարակական աջակցություն չկա, պետք է մտածես այլ միջոցների դիմելու մասին, փոխես քաղաքական պայքարի քո ձևաչափը, ոչ թե անհեռանկար ու նույնաբովանդակ ինչ-որ ակցիաներ շարունակես։

– Իսկ ինչո՞ւ մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ ընդդիմության կողքին կանգնելու։

– Որովհետև ախր այնտեղ ընդդիմություն չկա, դա ռևանշիստների խմբակ է։ Ընդդիմությունը քաղաքական եզրույթ է, այնտեղ կուսակցություններից երևի միայն Դաշնակցությանը կարելի է բնութագրել որպես քաղաքական։

Շատ ավելի ազդեցիկ ուժեր կան այնտեղ, որոնք քաղաքական ուժ չեն՝ նախկին քրեաօլիգարխիայի մնացուկները, նախկին պաշտոնյաների ազգուտակը, որոնք շատ լավ կյանք էին ապահովել իրենց համար պետության և ժողովրդի հաշվին։ Երևի շատ են կարոտել այդ կյանքին, նորից են ուզում գնալ Բադեն-Բադեններ, աֆրիկաներում առյուծ կրակել։ Պարզ է, որ ժողովուրդը նրանց չի աջակցի, ո՞վ պիտի աջակցի։

– Իրենք խոսում են հայրենիքը վտանգված լինելու մասին և հայտարարում, որ ցանկանում են փրկել երկիրը։

– Իհարկե, իրենք են հայրենիքը, իրենք են իրենց հայրենիքի տեղ դրել, դրա համար են հայրենիքը կեղեքել 20 տարի։ Իրենք համարում են, որ իրենք են հայրենիքը, ոչ թե ժողովուրդը, Հայաստանը, այլ հենց անձամբ իրենք ու իրենց ընտանիքները։

Դրա համար էլ թքած են ունեցել Հայաստանի վրա ու կեղեքել են։ Դրա համար իրենց համար դղյակներ են կառուցել բանակի հաշվին, մի հատ էլ էդ դղյակը վարձով տվել են բանակին։ Էդ մարդիկ իրենց ազգուտակով այսօր ասում են՝ մենք հայրենիք ենք փրկում։

Իրենք իրենց տաքուկ կյանքի շարունակությունն են ուղղակի ուզում ապահովել, որը չի լինի։ Մարդիկ ապուշ չեն, հասկանում են, որ մեր այս պարտությունը նաև իրենց պատճառով էր։

– Շատ է խոսվում այն մասին, որ հնարավոր են ներքաղաքական, քաղաքացիական բախումներ։

– Ես կարծում եմ՝ նրանց շրջահայացությունն ու խոհեմությունը կհերիքի, որ նման բաներ չսադրեն, որովհետև դա իրենց գլխին է ջարդվելու։ Եթե իրենք բախումներ հրահրեն և անօրինական գործողություններ անեն՝ երկրում դեռ պատերազմը չավարտված, գնալու են օրենքի շրջանակներում իրենց պատիժը կրեն արդեն ուրիշ վայրերում։

Մենք ռազմական դրության մեջ ենք, լրիվ հիմնավոր է այդ ռազմական դրության պահպանումը, որովհետև մենք սահմանների հարցը դեռ չենք լուծել, մեր զինվորները դեռ դիրքավորման խնդիր ունեն, սահմանային ենթակառուցվածքներ ստեղծելու խնդիր ունենք, և հայտնի չէ, թե այդ ընթացքում դեռ ինչ սադրանքներ կարող են լինել։

Եվ նման պայմաններում իրենք իրենց ատամները նորից սրել են, իրենց պաշտոնների համար կարոտախտ է։ Անունը դրել են հայրենիքի փրկություն, ի՞նչ հայրենիքի փրկություն, հայրենիքը վաղուց պետք է փրկեին՝ 20 տարի չլափելով այդ հայրենիքը, ոչ թե հիմա հետին թվով շահարկելով պարտությունը՝ փորձեն նորից գալ իշխանության։

– Ինչպե՞ս պետք է լուծվի այս ներքաղաքական ճգնաժամը։

– Մի քանի օրից այս ներքաղաքական ճգնաժամից մնալու է ընդամենը Բաղրամյան պողոտայի փակ լինելը։

Ուրիշ ոչ մի ճգնաժամ չի լինելու, որովհետև զինված ուժերի գլխավոր շտաբի հարցն էլ է լուծվում։ Օնիկ Գասպարյանը ուզի թե չուզի պետք է հրաժարական տա, որովհետև իր ապօրինի գործողությունների արդյունքում զրկվել է այդ պատասխանատու պաշտոնից։

Այնպես որ, մենք ուրիշ ելք չունենք, քան կայունացնել իրավիճակը երկրում։ Եվ արտահերթ ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի շուրջ, հույս ունեմ, պառլամենտական ընդդիմադիր ու իշխանական ուժերը կգան ընդհանուր հայտարարի։

Ցանկալի է, որ լինեն արտահերթ ընտրություններ, պարզապես ես ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել։ Դա կարող է լինել մինչև տարեվերջ։ Ինձ համար նախընտրելի է, որ սկզբում Սահմանադրությունը փոխվի, հետո նոր կարգավորումներով ձևավորենք նոր Ազգային ժողով։ Այդ դեպքում արդեն օրենսդիր մարմնի ընտրությունները մյուս տարի կարող են տեղի ունենալ։

– Այսինքն՝ ընդդիմությունից վճռական գործողություններ չսպասե՞լ, նրանք այդ մասին են հայտարարում։ 

– Երբ իրենց հարցնում են՝ վճռական գործողությունը ո՞րն է, ասում են՝ միայն խաղաղ ճանապարհով։ Այսինքն՝ իրենց խոհեմությունը բավարարում է, հասկանում են, թե ինչ հետևանքներ կլինեն։ 

Իրենք նաև խոսել են ապստամբության դիմելու մասին։

– Բայց երբ իրենց հարցնում են՝ ի՞նչ նկատի ունեք ապստամբություն ասելով, ասում են՝ առանց բռնի ուժի կիրառման։ Դե թող առանց բռնի ուժի կիրառման ավելի վճռական միտինգներ անեն, ես դեմ չեմ։ Կարծում եմ՝ ուղղակի իրենք պետք է տեղափոխվեն Ազատության հրապարակ, այնտեղ միտինգներ անեն ու հայրենիքը փրկեն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am