Ռոբերտ Քոչարյանի կարծիքով ՀԱՊԿ-ին անդամակցելը խոչընդոտ չէ, որ Հայաստանն Արևմուտքից զենք գնի

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Արևմուտքից զենք ձեռք բերելու համար: ՀՀ երկրորդ նախագահը նման կարծիք հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Մենք ՀԱՊԿ-ի անդամ էինք, բայց մենք նաև Եվրոպայից զենք էինք գնում: Նույնիսկ մեր առաջին զենքի խմբաքանակը, դեռ 1991 թվականին, երբ Խորհրդային միությունը փլուզված չէր, մենք գնել ենք Եվրոպայից: Նույնիսկ այն ժամանակ: Բավականին մեծ խմբաքանակ էր: Չեմ բացում, թե որ երկրից, ոնց, որ երկրի միջոցով ենք բերել: Բոլոր հնարավորությունները կար: Մենք գնում էինք և Չինաստանից, և Եվրոպայից, և Ռուսաստանից: Եվ չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ին անդամակցելն այստեղ որևէ խոչընդոտ է»,- ասաց Քոչարյանը:

Նա հավելեց, որ նույնիսկ ԱՄՆ-ից մի փոքր թանկ, բայց բավականին լավ որակի կապի միջոցներ էին ստացել: «Եվ այն ժամանակ ուղղակի այդ հարցադրումները մենք էինք անում, և իրենք բավարարեցին մեր ցանկությունը»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը: