«Շատ բան չեմ ուզում, չէ՞». Մեծ երազանքներ՝ փակված փոքր սենյակում

Սպիտակի Իտալական թաղամասում Վահագնին բոլորը գիտեն․ Բարձրահասակ, թուխ մաշկով ու խիտ մազերով երիտասարդը, որ խոսում է 4 լեզվով ու զարմանալի ամուլետներ կրում։ Թաղամասում ում համակարգիչը խնդիր ունեցավ, միանգամից Վահագնին են կանչում։ Գիտեն՝ չկա խնդիր, որ չկարողանա լուծել։ Ընթացքում էլ կպատմի զարմանահրաշ պատմություններ՝ Հնդկաստանից, Աֆրիկայից ու աշխարհի մյուս ծայրերից, որտեղ եղել է։

Վահագնին գտնելը հեշտ է։ Նա միշտ նույն տեղում է՝ Սպիտակի խնամքի տանը, որտեղ ապրում է արդեն 5 տարի․ Այսօր Վահագնի տեսած մեծ աշխարհը սահմանափակվում է խնամքի տան փոքր բակով։

«Ես ծնվել եմ Երևանում։ Ծնողներիս ապահարզանից հետո, 2 տարեկանում, մայրիկս մեզ Ախլցխա տարավ։ Արդեն 14 տարեկանում տեղափոխվեցինք Մոսկվա՝ մայրիկիս, քրոջս, տատիկիս և քեռուս հետ։ Առաջին մասնագիտությամբ ֆելդշեր–լաբորանտ եմ, բժշկական միջին մասնագիտական կրթություն ունեմ։ Այնուհետև ընդունվեցի Կոմսոմոլի բարձրագույն դպրոց՝ հոգեբանության ֆակուլտետ, բայց կրթությունս, ցավոք, կիսատ մնաց․ 1990–ականների վերջին մայրս լուրջ ֆինանսական խնդիրների առջև կանգնեց, իսկ կրթությունը վճարով էր»,– հիշում է Վահագնը։

Չնայած դրան, Վահագն Պետրոսյանն աշխատանքի ընդունվեց Մոսկվայի Հելսինկյան խմբում, որպես տնօրենի օգնական։ Շփվող, զարգացած, ինտելեկտուալ հումորով երիտասարդը վստահ էր՝ աշխարհը մեծ ու սիրուն է, ինչպես իր կարդացած գրքերում, և այն տեսնել է պետք։ Պատահական ծանոթությունը Վահագնին Հնդկաստան տարավ, որտեղ ապրեց շուրջ 1.5 տարի և հասցրեց ուսանել մեդիտացիոն կենտրոններում։

Մոսկվա վերադարձից հետո Վահագնն առաջին անգամ հայտնվեց հոգեբուժարանում՝ հանրային վայրում մերկանալու համար։
«Դրանից առաջ 1.5 ամիս ապրել էի «վայրի լողափում», որտեղ բոլորը մերկ էին շրջում։ Սովորություն էր»,– ասում է նա։
Մոսկվայից Սևան, հետո՝ Վարդենիս․ Շուրջ 5 տարի Վահագնն ապրեց հոգեբուժարաններում, ինչից հետո տեղափոխվեց Սպիտակի խնամքի տուն։ Այստեղ իր սենյակն ու հեռախոսն ունի, շատ է կարդում։ Վերջին շրջանում հետաքրքրությամբ Աստվածաշունչ է ուսումնասիրում։ Մահճակալի կողքին փոքրիկ պահարանի վրա իր հերթին սպասում է Ջեկ Լոնդոնի հաստափոր ընտրանին։

Աշխարհի տարբեր անկյուններում ապրած Վահագնի համար, սակայն, աշխարհի կենտրոնը հայրական գյուղն է՝ Հովքը, Տավուշի մարզում։

«Հայրս գյուղում փոքրիկ տուն ունի, հողամասով։ Եթե ստացվի այնպես, որ հայրս այն չվաճառի, խոստացել է ինձ թողնել։ Այստեղ ինձ սովորեցրել են հողի հետ աշխատել։ Ամենամեծ երազանքս Հովքի այդ տանն ապրելն է, առավոտյան իմ ուզած ժամին արթնանալը, հող մշակելը, ուղղակի ապրելը։ Իսկ եթե հայտնվի մեկը, ով կսիրի ինձ, նաև ընտանիք ունենալը։ Ուզում եմ Իռլանդիա գնալ՝ ճամփորդելու, ու բուսակեր դառնալ։ Մոսկվայում ընկեր ունեմ, որ քաղցկեղ ունի, ուզում եմ հասցնել նրան տեսնել՝ վերջին անգամ։ Շատ բան չեմ ուզում, չէ՞»,– հարցնում է Վահագնը։

Վահագնի այս պարզ երազանքները, սակայն, չեն իրականանա մի պատճառով․ նա անգործունակ է ճանաչված։ Սա նշանակում է, որ Վահագնի կյանքը կանխորոշված է․ նրա փոխարեն ուրիշներն են որոշում իր ապրելու վայրը, օրվա ուտելիքը, քնելու և արթնանալու ժամը, մազերի երկարությունը, սիրելու ու կարոտելու կարելիությունը։

Սոնա Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Փիրուզա Խալափյան

Շարունակությունն՝ այստեղ