Չեմ կարող ասել, որ ապրել եմ այնպես, ինչպես կուզենայի ապրել, բայց… Ռաֆայել Քոթանջյան

ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան Ռաֆայել Քոթանջյանը կյանքի ռիթմից չի հեռացել։ 79-ամյա դերասանը, չնայած իր պատկառելի տարիքին, այսօր էլ շարունակում է դերեր կերտել, ապրել եռուն ստեղծագործական կյանքով եւ համալրել իր ֆիլմադարանի անվերջանալի շարքը։

Դերասանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է կինոյում կերտած իր նոր դերի մասին, մատնանշել թատերական կյանքի այսօրվա մարտահրավերները եւ կիսվել թիկունքում թողած տարիների, փորձի մասին:

-Ինչո՞վ եք հիմա զբաղված, ինչպե՞ս եք արվեստագետի ձեր մտքերն իրացնում:

-Մի ֆիլմի մեջ եմ նկարվել, Գոռ Վարդանյանի հեղինակած ֆիլմն է, որն, ինձ թվում է՝ հետաքրքիր կլինի: Այս ֆիլմում կերտել եմ հոր կերպար, որը կորցրել է իր թոռանն ու որդուն: Ֆիլմը էկրան կբարձրանա մոտավորապես երկու-երեք ամսից: Աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում: Ամբողջապես պատրաստ լինելուց հետո կխոսենք այդ մասին: Կարծում եմ՝ հանրությունը հաճույք կստանա այդ ֆիլմը տեսնելով: Բավականին հետաքրքիր արվեստագետներ կան այնտեղ՝ յուրովի մտահաղացումներով եւ կատարումներով։ Ֆիլմի անունը դեռեւս չի որոշվել:

-Դուք արվեստի այն կոլորիտային գործիչներից եք, ով միաժամանակ տիրապետում է եւ՛ դերասանական, եւ՛ ռեժիսորական հմտություններին։ Ասացե՛ք խնդրեմ՝ ի՞նչն է պակասում այսօր մեր մշակույթին, կինոարվեստին:

-Դժվար շրջան ենք ապրում: Արվեստի հետ կապված դժվարանում եմ հիմա խոսել:  Երբ անելիքը շատ է լինում, ես գիտեմ՝ ինչ եմ ասում եւ ինչպես եմ ասում: Հիմա քչացել է այդ ամենը: Ձեր հարցերն ինձ համար հաճելի են, նշանակում է՝ սպասում կա: Կենցաղը շատ մեծ նշանակություն ունի: Տեսնելով իմ շրջապատի առօրյան, կյանքը՝ ինձ շատ է մտահոգում այն հանգամանքը, որ այսօր արվեստը մի երկու-երեք քայլ հետ է գնացել: Այն սպասումները, որ բոլորս ունեինք, դեռ սպասման մեջ է, եւ այդպես էլ կմնա սպասման մեջ: Ես հիմա կուզեի այնպիսի իրավիճակ լինի, որ թատերական դահլիճները լեփ-լեցուն լինեն, մարդիկ գան թատրոն մեծ մասշտաբի գործեր տեսնելու: Ահա այն ամենը, ինչին մենք հիմա կարոտ ենք եւ սպասում ենք:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում