Նալբանդյան փողոցի շենքերից մեկի նկուղային հատվածում, որտեղ մութ ու խոնավ է, անուշ խնկաբույր է տարածվել, ու թռչունների ծլվլոց է լսվում։ Նեղ ու երկար նկուղում ծաղիկներ են, սրբապատկերներ, դրանց դիմաց վառվող մոմեր ու տարբեր գործիքներ։ Ամեն ինչ շատ խորհրդավոր է ու միևնույն ժամանակ նկուղի մթության մեջ ամեն ինչ լուսավոր է թվում։

Տարածքը տարիներ առաջ Վարդանին են տվել՝ իր աշխատանքը կազմակերպելու համար։ Վարդանը ծաղկավաճառ է, Վարդերի Վարդանն է։
«Մինչև այս նկուղն ինձ տալը ծաղիկներս դնելու տեղ չունեի, ծառերի տակ, արկղերի մեջ էի դնում։ Ես փողոցում եմ մեծացել, 7 տարեկանից ծաղիկ եմ վաճառում ու այսօր հասել եմ կյանքիս մեծագույն նպատակին՝ ունեմ ընտանիք։ Կնոջս շատ եմ սիրում, երեխաներիս՝ նույնպես։ Դժվարություններ շատ եմ ունեցել կյանքում, բայց կարևորը ընտանիքն էր, որի մասին միշտ երազել եմ»,- պատմում է 41-ամյա Վարդան Հովհաննիսյանը։
Վարդանենց տանը երեք երեխա էր մեծանում, հայրը լքել էր ընտանիքը, մայրն էլ առողջական խնդիրներ ուներ։ Վարդանը ստիպված է եղել փոքր հասակից դրսում գումար վաստակել, գոնե օրվա հացի փող ունենալու համար։
Ասում է՝ սկզբում ջուր էր վաճառում։ Ինքը մարդկանց էր օգնում, մարդիկ էլ՝ իրեն։ Երբ 7 տարեկան էր, մարտի 8-ին հրապարակի սրճարաններից մեկի տնօրենը նրան գումար է տվել, որ ծաղիկ գնի ու վաճառի։ Վարդանը մանուշակներ է գնել ու այդպես սկսել ծաղկի գործը։ Հետո վաճառքից ստացած գումարով վերադարձրել է իրեն տված գումարը, իսկ մնացածով նորից ծաղիկներ գնել ու շարունակել վաճառել։

«Ծաղիկների հետ սկսեցի նաև փուչիկներ վաճառել, դրա համար ինձ Փուչո էին ասում։ Ես միշտ լավ մարդկանց եմ հանդիպել իմ կյանքում, որոնք ինձ օգնել են։ Մի 20-25 տարի առաջ էր, մի պապիկ կար՝ Մանո պապին, ձորում էր աշխատում, պահակ էր։ Միշտ գնում էի իր մոտ, ինձ կերակրում էր, համով կարտոշկա ու ձու էր սարքում, միասին ուտում էինք։ Շատ էի սիրում իրան, արդեն հարազատ էր դարձել։ Մահից հետո ձորում իր հիշատակի համար ցայտաղբյուր եմ տեղադրել»,- ասում է Վարդանն ու երկաթյա դարակաշարերի տակից առաջ է բերում քարե այն վառարանը՝ կտրված պարույրներով (սպիրալներով), որի վրա Մանուկ պապին ուտելիք էր պատրաստում։ Նաև երկաթյա բարակ սեղանը, որի վրա տեղադրում էր այդ վառարանը։ Դրանք թանկ հիշողություններ են, որ Վարդանը մինչև կյանքի վերջ պահելու է, ասում է։

Վարդանը բարի մարդկանց պակաս չի ունեցել։ Օրինակ՝ փոքր տարիքում երազում էր հեծանիվ ունենալ, որն անհասանելի երազանք էր այն ժամանակ։ Ընկերը Վարդանին իր հեծանիվն է նվիրել, ու հենց այդ հեծանիվով է սկսել վարդերը վաճառել։ Հետո գումար է աշխատել, մոտոցիկլետ գնել, որով վարդերի առաքումն էր անում։ Երևի Վարդանի կյանքում հայտնված բարի մարդկանց շնորհիվ է, որ Վարդանն էլ այսօր բոլորին բարին է անում, ուրախացնում ու սեր է տալիս։
Նելլի Դուրյանը Վարդանի կյանքում առանձնահատուկ տեղ է ունեցել։ Նա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետն է։ Վարդանը նրա մասին մեծ սիրով է խոսում ու առանձնացնում իր կյանքում հանդիպած մարդկանցից։
«Եթե նա և նրա գործընկերները չլինեին՝ ես հիմա չէի լինի այն Վարդանը, որին դուք տեսնում եք։ Նա կարողացել է ինձ ճիշտ ուղու վրա դնել, կարողացել է վերահսկել ինձ, որ ես սխալ ճանապարհով չգնամ, շատ է օգնել ինձ տարբեր հարցերում, հակառակ դեպքում իմ այն ժամանակվա ընկերների պես ես էլ կհայտնվեի գաղութում»,- ասում է Վարդանը։

Ի նշան սիրո ու երախտագիտության՝ Վարդանը տարիներ շարունակ ամեն երկուշաբթի Նելլի Դուրյանին թարմ ծաղիկներ է տանում։ Տուն չի բարձրանում․ ծաղիկները թողնում է մոտակա խանութում, որ փոխանցեն նրան։
Բայց նրա առատաձեռնությունը միայն երախտագիտությամբ չի սահմանափակվում։ Դժվար կյանք անցած ու դեռ մանկուց փողոցում գումար վաստակած Վարդանը սիրում է օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Մշտական հաճախորդներն էլ հաճախ են նրանից անակնկալ ծաղիկներ կամ փոքրիկ նվերներ ստանում։
Երբեմն ծաղիկ է տալիս նաև պատահական անցորդների կամ այն մարդկանց, որոնց մեքենայից Արթուր Մեսչյանի երգերն է լսում․ նրա երաժշտությունը շատ է սիրում։ Ասում է՝ սովորաբար ծաղիկ գրեթե չի մնում՝ ամեն ինչ վաճառվում է, բայց հասցնում է նաև շատ նվիրել։ Հենց դրա համար էլ նրան հաճախ մերօրյա մոտոյով Կարաբալա են ասում։

Վարդանն իր կյանքից չի դժգոհում, թեև դժվարություններ հիմա էլ կան։ Վարձով է ապրում, ծաղիկներից ստացվող եկամուտը մեծ չէ, բայց կարողանում է հոգալ ընտանիքի կարիքները։ Իսկ ընտանիքը նրա մանկության ամենամեծ երազանքներից է եղել։
Այն սերն ու ջերմությունը, որոնց պակասը Վարդանը զգացել է փոքր տարիքում, այսօր, ասում է՝ փորձում է բազմապատիկ վերադարձնել իր ընտանիքին։
«Ես երբ փոքր էի, միշտ նախանձով էի նայում երեխաներին, որ իրենց մայրիկի ձեռքը բռնած քայլում էին։ Քուին բուրգերում ինձ միշտ անվճար սնունդ էին տալիս, փորս կուշտ էր, բայց միշտ նախանձով էի նայում, երբ երեխաները, ծնողների ձեռքը բռնած, գալիս էին։ Ես դա եմ երազել ու ամենաշատը հիմա ուզում եմ ընտանիքս ու երջանկությունս պահպանեմ»,- խոսքի ընթացքում նա մի քանի անգամ վերադառնում է նույն մտքին՝ ուզում է պահպանել իր ընտանիքն ու երջանկությունը։ Թվում է՝ մանկության կորուստների ու պակասի հիշողությունը դեռ ուղեկցում է նրան։
«Կնոջս շատ տարիներ առաջ կենտրոնում եմ հանդիպել, իբր ես շուստրիություն արեցի, ասեցի՝ վայ, Էրիկա ջան, դու ես, ինքն էլ պատասխանեց, որ Էրիկան չի, իր անունը Դիանա է։ Միամիտ, պարզ աղջիկ էր, սիրահարվեցի, սկսեցինք շփվել ու հետո ընտանիք կազմեցինք»,- հիշում է Վարդանը։

Վարդանն այսօր երկու որդի ունի՝ 14 և 11 տարեկան։ Նրանց աստվածաշնչյան անուններ է տվել՝ Ղուկաս և Մարկոս։ Երազում է նաև երրորդ որդու մասին, որի անունն էլ արդեն ընտրել է՝ Մատթեոս։
Թե՛ նկուղում, թե՛ քիչ այն կողմ իրեն հատկացված փոքրիկ սենյակում բազմաթիվ նկարներ ու սրբապատկերներ կային։ Դրանցից մեկը՝ Հիսուսի դիմանկարը, 14-ամյա որդու աշխատանքն է։

Կյանքը Վարդանի համար շարունակվում է բնականոն հունով։ Վարդանը փողոցից վերցրել է ամենածանր դժվարությունները, բայց աշխարհին վերադարձնում է միայն սեր, ժպիտ ու բարություն։ Իսկ հարցին, թե ինչո՞ւ է այդքան շատ ծաղիկներ նվիրում, չէ՞ որ իր ապրուստի միակ միջոցն է, կարճ պատասխան է տալիս․
«Իմ տված ամեն մի ծաղկի հետ ես աշխարհին իմ սերն ու շնորհակալությունն եմ հետ տալիս․ չէ՞ որ ես էլ փողոցում եմ մեծացել ու ապրել եմ միայն այն բարության շնորհիվ, որ մարդիկ դժվար պահերին ինձ նվիրել են»,- ասում է Վարդանը՝ ժպտացող, բայց շատ թախծոտ աչքերով, համեստ ժպիտը դեմքին, դեղին ծաղիկներով զարդարված սիրելի գլխարկը գլխին։
Սաթենիկ Հայրապետյան
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Սոֆի Խաչատրյան
MediaLab.am



















