«Վազգեն Մանուկյանը մասնակցել է Նաիրի Հունանյանի իրագործած ոճիրի ձևավորմանը». Արման Բաբաջանյան. Տեսանյութ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր դիմել է վարչապետին, որպեսզի Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից:

Պատգամավորը Factor.am-ի հետ զրույցում նշել է, թե ինչու է նման նախաձեռնությամբ հանդես եկել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից մի քանի օր անց:

«Ես պաշտոնանկության բուն պատճառը չեմ նշել, մատնանշել եմ այլ հիմնավորում՝ վարչապետին առաջարկելով պաշտոնանկ անել Վազգեն Մանուկյանին, որովհետև գտնում եմ, որ վերջին օրերի համատեքստն արդեն պարզ է: Ես հանդիպում եմ ունեցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ղեկավարի հետ, զրույցներում ակնարկել եմ մի քանի անուններ: Վազգեն Մանուկյանն այս խմբի առաջնորդի՝ Նաիրի Հունանյանի հետ ինտենսիվ շփումների մեջ է եղել մինչև ոճրագործության իրականացումը:

Զրույցի ընթացքում Վազգեն Մանուկյանի անվան մի քանի հիշատակումը, նրա հանդիպումներից ոգևորված փաստի արձանագրումը Նաիրի Հունանյանի կողմից, ուղղակի ինձ համար համոզիչ է դարձնում, որ Վազգեն Մանուկյանը կարևոր դերակատարություն է ունեցել Նաիրի Հունանյանի  տրամադրությունների ձևավորման գործում: Այն ձևակերպումները քաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ, որ եթե Նաիրի Հունանյանի ծրագրած ահաբեկչությունը տեղի չունենար, ինչպիսի վատ վիճակում կհայտնվեր Հայաստանը, ենթադրում եմ, որ այդ շրջանում, անձնական դրդապատճառներով, Վազգեն Մանուկյանը քաղաքական վենդետա էր պլանավորել և իր գլխավոր հակառակորդը համարել է Վազգեն Սարգսյանին

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվել է մի անձ, որը երկրորդական դեր չի խաղացել Նաիրի Հունանյանի նպատակադրման իրագործման գործում: Ես չեմ կարող ասել՝ նա նրան ուղղորդել է նման հանցագործության, բայց վստահ եմ, որ նրա ցանկություններն ինչ-որ իմաստով գծագրել է, որը հանգեցրել է ոճրագործության»,- ասաց նա:

Արման Բաբաջանյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանը մասնակցել է Նաիրի Հունանյանի իրագործած ոճիրի  ձևավորմանը: Ասաց՝ այլ անձինք էլ են դերակատարություն ունեցել, բայց հրաժարվեց անուններ տալ: «Վազգեն Մանուկյանը եղել է այն անձանց թվում, ովքեր առնչվել են Նաիրի Հունանյանին: Իրենց խորհուրդներով, քաղաքական վերլուծուննեերով կարևոր դերակատար են եղել»,- նշեց նա:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: