Երբ մնացել է մեկ թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը, քանի որ կարծում եմ՝ այս ամենը ուղղորդված է․ Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանը դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստը, որի արդյունքներով պետք է ՍԴ նախագահ ընտրվեր; Այն կշարունակվի սեպտեմբերի 25-ին։

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ ՍԴ նախագահի պաշտոնում ինքը առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածություն՝ հաշվի առնելով երեք գործոն․  «Առաջինը մարդկային հատկանիշներն էր, որոնք կարող էին այդ հարաբերությունները ստեղծել։ Վերևում առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանի նախագահի համար շատ կարևոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի. տրամադրության անկումից սկսած, մի փոքր վատ զգալուց մինչեւ առողջական խնդիրները»։

Բացի այդ, ըստ Թովմասյանի, Աշոտ Խաչատրյանն ամենափորձառուն է, տարիքով ամենաավագն է, գիտությունների դոկտոր է և ունի որոշակի կառավարչական հմտություններ։ «Պարոն Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է 2 տարի. սա կլիներ յուրօրինակ անցումային ժամանակահատված, որպեսզի դրանից հետո մնացածն իրար ավելի լավ ճանաչեին և ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին։

Ըստ էության՝ 4 դատավորը նոր են ՍԴ-ում, որոնք իրար չեն ճանաչում կամ այդ մթնոլորտում չեն եղել։ Նախագահի գործառույթներն այս առումով էական չեն և պիտի հաշվի առնել այդ հանգամանքները», -ասաց Թովմասյանը։

Սակայն Խաչատրյանը ինքնաբացարկ է հայտնել և այժմ միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է։

Թովմասյանն ասաց նաև, որ երբ մնացել է մեկ թեկնածու, ինքը դադարեցրել է նիստին իր մասնակցությունը։ «Իմ մոտ տպավորություն է, որ այս ամենը ուղղորդված է ու կազմակերպված»,- նշեց Թովմասյանը։