«Մենք պարտվեցինք, որովհետև գավառային ենք, աշխարհում հինգերորդ սերնդի զենքեր են, իսկ մենք անընդհատ էմոցիոնալ վիճակում ենք». Նիկոլայ Ծատուրյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը

– Պարո՛ն Ծատուրյան, պատերազմի օրերին՝ ավելի քան 40 օրվա ընթացքում, հասարակությանը տեղեկություն էր փոխանցվում, որ մեր բանակը հաղթում է։ Բայց վերջում պարզվեց, որ լուրջ խնդիրներ են եղել, և հաղթանակ ապահովել հնարավոր չէր։ Մարդիկ հիմա բարձրացնում են այն հարցը, որ խաբված են, ինչո՞ւ են իրենցից թաքցրել իրական պատկերը ու հողեր հանձնել։

– Դե պետք էր ասել, որ լավ է վիճակը, որպեսզի մարդկանց մեջ խուճապ չլիներ։ Բայց դրան զուգահեռ ասվում էր, որ՝ շատ ծանր է վիճակը, շատ ծանր մարտեր են։ Անընդհատ մեզ հասկացնում էին, բայց հո չէին կարող ասել, որ մենք պարտվում ենք, չի կարելի ասել, դրանից պանիկա է սկսվում, բացասական էմոցիաներ, որոնք ազդում են ընդհանուր իրավիճակի վրա։

– Ստեղծված իրավիճակի համար մեր սխալները որո՞նք են՝ որպես ազգ։

– Մենք շատ գավառային ենք, աշխարհն աշխարհով, մենք՝ մեզնով, ոչինչ չենք տեսնում, թե մեր շուրջն ինչ է տեղի ունենում։ Աշխարհում արդեն հինգերորդ սերնդի նորագույն զենքեր են, իսկ մենք անընդհատ էմոցիոնալ վիճակում ենք, ասում ենք՝ հայ մարդու խիզախությունը այդ զենքերի դեմ պայքարում է։

Հերիք է այս սուտ ու էմոցիոնալ հայտարարություններն անել։ Հա, խիզախ ենք, 18-20 տարեկան չտեսնված տղերքը շատ էլ խիզախ դիմադրում էին, բայց ի՞նչ։ Որ դիմադրում էին, ի՞նչ, վերևից կրակը թափվում էր, իրենք էլ մեռնում էին, ինչքան էլ իրենք խիզախ էին։

Դրա համար եմ ասում՝ գավառամիտ ենք։ Մեզ մոտ ամբողջը էմոցիաների վրա է հիմնված, հիմա էլ շարունակվում է, քաղաքացիական ինչ-որ բաներ են, ընդդիմություն։ Հերիք է, զահլա տարաք։

Երկրում իրավիճակը կարո՞ղ է լարվել։

– Պետք է ամեն ինչ անել, որ չլարվի։ Գիտե՞ք հարցն ինչն է, կարևոր չէ՝ Էրդողանն է Թուրքիայում, Ալիևն է Ադրբեջանում, Փաշինյանը կամ գող ավազակներն են, ոչ մի նշանակություն չունի։ Չպետք էր լինել գավառային։

Թուրքիան ոնց է զինվում։ Եթե մենք մոտ ապագայում վարվենք այդպես, զինվենք ու նոր զենքեր ձեռք բերենք, թալանը վերացնենք, այդ փողերով իսկապես զենք գնենք, կդառնանք Իսրայելի նման հզոր երկիր, որի վրա ոչ մեկը չի համարձակվի ձեռք թափ տալ կամ պատերազմել, որովհետև ոչինչ որ փոքր ես, բայց հզոր ես։

Հիմա կասեք, թե արտերկրում շատ հրեաներ կան, բայց մենք էլ Սփյուռք ունենք, որը պետք է օգնի։ Եվ հրեան այնքան խելոք է, որ օրենք է ընդունում, որ յուրաքանչյուր գործարար ինչ-որ տոկոս պետք է ուղարկի Իսրայել։

Դրա համար էլ փող է հավաքվում, իսկ մեզ մոտ գողանում են, գրպանում, հարկերը չեն մուծում, բյուջեն դատարկվում է։ Դրա համար ոչ կարողանում ենք զենք գնել, ոչ էլ կարողանում ենք զարգանալ։

– Իշխանությունները երկուս ու կես տարի հայտարարում էին, որ պետք է հետ բերել նախկինների ունեցվածքն ու զինել բանակը։ Օրերս էլ վարչապետն ասաց՝ պետք է ազգայնացնել նախկինների ունեցվածքը՝ հենց այդ նպատակով։ Ի՞նչ սպասել։

– Ես չգիտեմ՝ հավատա՞նք, թե՞ չէ։ Ինքը շատ էր «փռում ասֆալտին»։ Ես քանի անգամ ասել եմ՝ մինչև «թավիշ» բառը չհանվի գործածությունից, ոչինչ չի ստացվի։ Ես ռադիկալ մարդ եմ, սիրում եմ ռադիկալ ղեկավարման ձևեր՝ բռնիր, նստացրու, կանգնեցրու պատի տակ, զենք պահիր ու ասա՝ փողերդ տալիս ես։ Այդ փողերը պետք է տան՝ իսկապես զենք առնելու համար։

Անձամբ ես արդեն հոգնեցի՝ ընդդիմադիրներ, իշխանություն, սա արդեն զզվանք է առաջացնում։ Ես միշտ ասում եմ՝ մի նպատակ կա, ով ուզում է թող գա, թող չգողանա, երկիրն իսկապես դարձնի հզոր, կարողանա լավ բանակ ստեղծել այդ փողերով, լավ զինվել ու հզորանար։

Մեկ է, թե ով կլինի՝ ուզում է Քաջիկը լինի, Վարսիկը կամ Բաղդասարը։ Պետք է լինի նպատակ և անպայման ունենալ շատ հստակ ծրագիր՝ հեռահար և շատ մոտ ապագայի։

Թող հայության 70 տոկոսն ինձնից նեղանա, բայց ես պնդում եմ իմ ասածը՝ մենք հիմար, հանճարեղ ազգ ենք։ Հիմար՝ շատ կոնկրետ հարցերում, հանճարեղ՝ գիտության մեջ, արվեստում և այլն։ Հիմա պետք է փող չխնայել գիտության զարգացման համար։

Բա հիմա՞ր չես, երբ ասում ես՝ «մեր երիտասարդների խիզախությունը կպայքարի այդքան զենքերի դեմ»։ Մինչև այս վիճակից չձերբազատվենք ու ռեալ չնայենք իրականությանը, ոչինչ չի փոխվի։

Ընդդիմադիր կուսակցություններն ակցիաներ են անում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Նրանցից ոմանց ձերբակալում են։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները։

– Եթե նա այդ «թավիշ» բառը հանում է գործածությունից և ամեն ինչ անում է, որպեսզի նախկին գողապետները չգան պետության գլուխ, լավ է անում։ Մենք գիտենք, որ այդ նախկինները չարիք են։ Իսկ մեր ժողովուրդը միամիտ է, կարծում է՝ իրենք չեն գա, կգա Ջնդուզ Դմբուզյանը։ Է, Ջնդուզ Դմբուզյանին նրանք կդնեն, բայց տակից իրենք կղեկավարեն։ Ժողովուրդն էլ կկարծի, թե իրենք չեն։

Ես չեմ ուզում, որ նա հրաժարական տա, որովհետև հենց տվեց, հետո էլ սկսելու են իրար մեջ գզվռտվել, որպեսզի հիմա էլ սրանք իշխանությունը գրավեն։ Եվ էլի սկսվելու է կոտորած։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am