Ադրբեջանական ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները Ռուսաստան.Ազատություն

Ադրբեջանի ավիաընկերությունները՝ AZAL-ը («Ադրբեջանական ավիագծեր») և Buta Airways-ը մարտի 6-ից դադարեցնում են բոլոր չվերթները Ռուսաստան: Այդ մասին այսօր հաղորդել է ազգային փոխադրող AZAL-ի մամլո վարչությունը:

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Մարտի 6-ից սկսած ռուսաստանյան ավիաընկերությունները Росавиация-ի (օդային տրանսպորտի դաշնային գործակալություն) ցուցումով անորոշ ժամանակով դադարեցնում են չվերթները դեպի Ադրբեջան: Իրավիճակը պայմանավորվում է վերջին իրադարձությունների, միջազգային ավիաշուկայում պատժամիջոցների և ապահովագրման վրա դրանց ազդեցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանական կողմը նշում է, որ միջազգային օդագնացության ոլորտում լիարժեք ապահովագրության բացակայությունը երկրների քաղաքացիների, ավիաընկերությունների և իրավաբանական այլ անձանց համար ստեղծում է անհիմն ռիսկեր:

«Դրանից ելնելով AZAL և Buta Airways ավիաընկերությունները մարտի 6-ի տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից դադարեցնում են բոլոր չվերթները Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հաղորդագրությունում: