Տոտալ լոքդաունի հետ են հիմա համեմատում ու ուրախանում, որ հարկային մուտքերն ավելացել են. տնտեսագետը՝ իշխանության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

– Պարո՛ն Ավետիսյան, Ազգային ժողովի հատուկ նիստին վարչապետի պաշտոնակատարը եռամյա գործունեության հաշվետվություն ներկայացրեց, որի ընթացքում առավել շատ խոսեց տնտեսական քաղաքականության և դրա հաջողությունների մասին: Մասնավորապես շեշտեց հարկային բարեփոխումները: Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի արձանագրումները, դրանք հաջողություննե՞ր էին, թե՞…

– Սովորական ընթացքն էր ներկայացնում՝ մի քիչ ավելի վառ գույներով: Պարզ, իրենց ոճի մեջ, բնույթին համարժեք, հիմնականում արդարացումներ ու մանիպուլյացիա: Այսինքն՝ ակնհայտ իրականությունից կտրված ցուցանիշներ էին, համեմված որոշակի ականջահաճո եզրույթներով:

– Օրինակ՝ դուք շատ դժգոհում ու մտահոգություն եք հայտնում պետական պարտքի արագ աճի տեմպերի հետ կապված, սակայն վարչապետի պաշտոնակատարն այսօր ասաց, որ պետք չէ վախենալ պետական պարտքի աճից:

– Մեր երկրում ամենամեծ սպառնալիքը և այս ճգնաժամի ու նաև անկումային վիճակի իրենց քաղաքական խմբակն է: Ամենավախենալուն հենց այս իշխանությունն է, քանի որ նրանց ապաշնորհ գործողությունների ու անգործության հետևանքն է այս ամենը:

2020-ին Հայաստանի տնտեսությունը 7.6 տոկոս անկում ունեցավ, մինչդեռ համաշխարհային տնտեսության անկումը դրանից 2 անգամ պակաս էր: Ի՞նչ է, համավարակը համաշխարհային տնտեսության համար սպառնալիք չէ՞ր: Բացի այդ, անկման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրքում է:

2020-ին ծրագրել էին հարկային մուտքեր, պետական բյուջե էին հաստատել, բայց ուղիղ 16 տոկոսով պակաս հարկեր հավաքեցին 2020 թվականին: Դրա պատճառը բացառապես և միայն կորոնավիրուսային համավարակը չէր, այլ նաև ապաշնորհ կառավարումն էր, կորոնավիրուսի դեմ պայքարի նախապատրաստական փուլի ձախողումը:

Հիմա ասում են՝ հարկերն ավելանում են: Շատ լավ, հարկերն ավելանում են, որովհետև այս տարվա ապրիլը համեմատում են նախորդ տարվա ապրիլի հետ, երբ համավարակ էր, տոտալ սահմանափակում էր, ու գրեթե բոլորը չէին աշխատում, ամեն ինչ փակ էր: 

Տոտալ լոքդաունի հետ են հիմա համեմատում ու դրանից ուրախանում, որ հարկային մուտքերն ավելացել են: Բացի այդ, նախորդ տարի ապրիլին հարկային արտոնություններ էին տրվում ընկերություններին, հետաձգումներ էին արվում, այդ պայմաններում ի՞նչ հարկահավաքություն պետք է իրականացվեր: 

Հիմա էլ սահմանափակում չկա, այո՛, որոշակի տնտեսական աշխուժացում կա, և նման պարագայում հարկային մուտքերը կարող են ավելանալ:

Ապաշնորհ կառավարման մեկ այլ փաստ. 2019 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները էապես կրճատվել են, այսինքն՝ երկրից կապիտալ է փախել, իսկ 2020 թվականին արդեն մենք ունեցանք ուղղակի ներդրումների բացասական զուտ ներհոսք:

– Փաշինյանը նաև աշխատատեղերի ավելացման մասին է ներկայացրել, դա առաջընթաց չե՞ք համարում:

– Այո՛, հիմա անընդհատ խոսում են գրանցված աշխատատեղերի մասին: Մի փաստ ասեմ. 2017-ից սկսած մինչև 2018-ի ապրիլը մոտ 40 տոկոս ավելի բարձր տեմպով էին ավելանում գրանցված աշխատողների թիվը, քան իրենց օրոք: 

Նաև պետք է նշել, որ զբաղվածների թիվն է կրճատվում: Այսինքն՝ գրանցված աշխատողների թվի ավելացումը ուղղակի սոցիալական ազդեցություն չունի, որովհետև հիմա, ըստ էության, հիմնականում այն մարդիկ էին, որոնք ստվերում էին աշխատում ու եկել են օրինական դաշտ: 

Դա, իհարկե, լավ արդյունք է: Բայց թող խոսեն այն մասին, որ զբաղվածների թիվն է կրճատվել, և տասնյակ հազարներով մարդիկ իրենց կայուն եկամուտն ու զբաղվածությունը կորցրել են:

Նրանց ծրագրային դրույթներից էր՝ նպաստից տանել դեպի աշխատանք, որ նպաստ ստացող չլինի: Դե հիմա թող վարչապետը այս նախընտրական շրջանում ասի՝ ինչ է տեղի ունեցել աղքատության ցուցանիշի հետ՝ 2018, 2019 և 2020 թվականների ընթացքում: Նախ՝ 2018-ին աղքատության մակարդակի կրճատման տեմպը էապես նվազել է 2017-ի համեմատ, իսկ 2019-ին աղքատության մակարդակը 3 տոկոսով աճել է: 

2020-ի թվերը չկան, որովհետև շատ մտահոգիչ են լինելու, իսկ դրա հրապարակման դանդաղումը կապված է նախընտրական շրջանի հետ:

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանում 2020-ին աղքատության մակարդակը 7 տոկոսով աճել է: 

– Իսկ ձեր գնահատականներով որքա՞ն է, մինչև պաշտոնապես կհրապարակվի:

-Ես կարծում եմ, Հայաստանում, իմ գնահատումներով, այլևս ամեն երրորդ մարդը աղքատ է: Համաշխարհային բանկը խոշոր միջազգային ֆինանսական կառույց է, և ես չեմ կասկածում այդ կառույցի ներկայացրած գնահատականին:

Եթե այլ ու ավելի բարենպաստ թիվ, գնահատական լիներ, չե՞ք կարծում, որ կառավարությունն ամենաբարձր մակարդակով այդ մասին խոսել էր, թմբկահարել: Ինչո՞ւ չեն ասում այդ մասին, եթե չէին կարող, ինչո՞ւ էին խոստանում, որ նպաստառուին դարձնելու են աշխատող, իսկ նպաստ ստացողների թիվը կրճատեն: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am