«Ֆրանսիական խոհանոցի շունչը հետս բերել եմ Երևան»․ Վարդան Սեպտջյանը՝ Փարիզից Երևան՝ անուշաբույր կրեպով ու քղոքմիսիոյով (Տեսանյութ)

«Ֆրանսիական խոհանոցի շունչը հետս բերել եմ Երևան»․ Վարդան Սեպտջյանը՝ Փարիզից Երևան՝ անուշաբույր կրեպով ու քղոքմիսիոյով (Տեսանյութ)
«Ֆրանսիական խոհանոցի շունչը հետս բերել եմ Երևան»․ Վարդան Սեպտջյանը՝ Փարիզից Երևան՝ անուշաբույր կրեպով ու քղոքմիսիոյով (Տեսանյութ)

Ֆրանսիական անուշաբույր կրեպի բուրմունքը Խանջյան փողոցի մի հատվածը, կարծես, փոքրիկ Փարիզ է դարձնում։ Էյֆելյան աշտարակով արագ սննդի կետ-տնակի պատուհանից խոհարարի ճերմակ խալաթով և գլխարկով տղամարդը արագորեն սպասարկում է հաճախորդներին՝ սեփական համի գաղտնիքը տարածելով Երևանում։

«Նորեն հրամեցեք, մերսի, խնդրեմ…»- ֆրանսերեն առոգանությամբ, բայց հայերենով ասում է 42-ամյա Վարդան Սեպտջյանը՝ քլաբ սենդվիչը կամ քղոքմիսիոն փոխանցելով հերթական հաճախորդին։

Լիբանանում ծնված, մեծացած, սակայն արդեն 9 տարեկանում Ֆրանսիա տեղափոխված Վարդան Սեպտջյանը պատմում է. Փարիզում խոհարարական կրթություն ստանալուց հետո սկսել է այդ գործով զբաղվել, իսկ վերջին 14 տարիներին սեփական ռեստորանն է ունեցել Փարիզի բանուկ՝ 9-րդ թաղամասում, սպասարկելով 120 հոգու։

«Տիրապետում եմ ոչ միայն ֆրանսիական, այլև եվրոպական տարբեր խոհանոցների գաղտնիքներին, մանավանդ եթե հաշվի առնենք, թե որքան զբոսաշրջիկ է Փարիզ այցելում, ու բոլորը պետք է գոհ հեռանան քեզնից։ Ռեստորանս կոչվում էր Chez Vartan («Վարդանի մոտ»)՝ «Շե Վարդան»։ Աշխատողներ ունեի, բայց խոհանոցում միայն ես էի աշխատում, ուրիշ մեկին չեմ վերցրել։ Համը և փոշիները ես եմ տվել, ինչն ամենակարևոր մասն է»,- «Մեդիալաբին» պատմում է Վարդան Սեպտջյանը։

Փարիզյան 120 քմ տարածք ունեցող «Շե Վարդան» ռեստորանը ֆրանսիացի խոհարարը փոխարինել է Երևանի 9 քմ «Շե Վարդան»-ով։

Փայտե տնակի տարբեր անկյուններից ծածանվում են ֆրանսիական մեծ ու փոքր դրոշները, ապակուց անցորդներին է ժպտում մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի լուսանկարը։

«Շատ արագ հասկանում են, որ տեղացի չեմ, ասում են՝ սիրիահա՞յ եք, ասում եմ`չէ՛, մի քիչ ավելի հեռվից։ Հենց ասում եմ ՝Փարիզից եմ եկել, ասում են՝ վա՜յ, Փարիզը թողել եկե՞լ եք։ Պատասխանում եմ՝ հա՛, եկել եմ հայրենիք, իրենց համար մի քիչ անհասկանալի է։ Բայց որոշումն իմն էր, ու ես եկա»,- ասում է Սեպտջյանը։

Նա առաջին անգամ Հայաստան է եկել 2014 թվականին, փոքրիկ ռեստորան բացել Երևանի կենտրոնում, սակայն գործը չի հաջողում, քանի որ մշտական չէր մնում Հայաստանում, գնում-գալիս էր Ֆրանսիա, արդյունքում՝ փակելով ռեստորանը, Սեպտջյանը վերադառնում է Փարիզ։ Մեկ տարի անց համացանցով ծանոթանում է ապագա կնոջ՝ Սոնա Սեպտջյանի հետ ու նորից ճանապարհ բռնում դեպի Հայաստան։ Գալիս է յոթ օրով, բայց այստեղ է մինչև օրս։

Մինչև «Շե Վարդանի» բացումը մեկուկես տարի աշխատել է «Քարֆուրում», ևս մեկ տարի եղել է «ՍԱՍ ֆուդի» ավագ խոհարարը։

«Երբ «Քարֆուր»-ում էի աշխատում, մի անգամ պարոն Փաշինյանը եկավ ընտանիքի հետ, ֆրանսիական կրեպ վերցրեց երեխաների համար: Ինձ դուր եկավ, թե նա ինչպես էր խոսում երեխաների հետ, շփվում հետները, տպավորվել էր մեջս, հո չգիտեի՞ ատ մարդը վարչապետ է դառնալու։ Արդեն հեղափոխության օրերին փակել էի «Շե Վարդանը», դուրս եկել ու միացել բոլորին»,- անկեղծանում է խոհարարը։

Վարդան Սեպտջյանը ուսումնասիրում է հարկային դաշտը, օրենսդրությունը, զբաղվում է հաշվապահությամբ։

«Փորձում եմ ամեն ինչ հասկանալ։ Բայց մեծ օգնություն կլիներ գործարարներին, եթե նոր գործ դրած մարդը մեկ տարի ազատվեր հարկերից։ Ֆրանսիայում այդպես եմ սկսել։ Ուզում է փոքր գործ լինի կամ մեծ գործարան, մարդը, որ նոր բիզնես է սկսում, դժվար է իր համար։ Եթե կառավարությունը մեկ տարի հարկ չվերցնի, շատ խելացի քայլ կլինի։ Մեկ տարի չհարկվեն, ավելի կամրանան, ավելի սրտով ՀԴՄ կխփեն։ Ես առաջին օրվանից խփում եմ։ Կլինի հարյուր դրամ թե շատ ավելի՝ կապ չունի, ինձ համար հարկը կարևոր է, ու դա է հայրենիքը սիրելը։ Եթե չխփեմ, նշանակում է ճանապարհը սխալ եմ գնում»,- ասում է Վարդանը։

Կարծում է, որ Հայաստանում միջին աշխատավարձը ցածր է, այն առնվազն 250 հազար դրամ պետք է լինի։

«Եթե պակաս է լինում՝ մարդը չի կարողանում իր կյանքը կարգավորել։ Ինչո՞ւ, մեր ի՞նչն է պակաս, գործ կա, աշխատում են, այս փոքր տեղը տեսեք՝ մի քանի րոպե կանգնեցիք՝ որքան մարդ եկավ։ Ես գոհ եմ, չեմ դժգոհում, լավ աշխատում ենք»,-ասում է նա։

Վարդան Սեպտջյանը պատրաստվում է «Շե Վարդան» ռեստորան բացել Երևանում, որտեղ միքս կլինեն ֆրանսիական և հայկական խոհանոցները։

«Այս պստիկ տնակում աշխատելիս միտքս անընդհատ պրպտում է, արդեն գիտեմ՝ ինչ եմ անելու, ինչ նոր տեսականի եմ առաջարկելու, ինչպիսի նոր բաղադրատոմսեր։ Այդ ամենը առջևում է, և շուտով կբացեմ»,- ասում է նա։

«Շե Վարդան»-ում Վարդանին օգնում է կինը՝ մասնագիտությամբ թարգմանչուհի 38-ամյա Սոնա Սեպտջյանը։ Ասում է, որ ամուսնուց են իրեն  փոխանցվել խոհարարական հմտությունները։ Արագորեն պատրաստում է սենդվիչները, սպասարկում հաճախորդներին։

«Սովորական խանութներում կարկանդակ, պոնչիկ, խաչապուրի է, մեր տեսականին այլ է։ Այնքան զբոսաշրջիկներ են գալիս, ասում են՝ ձեզ տեսել ենք Յութուբով, իսկ երեխաները գժվում են քլաբ սենդվիչի համար»,- ասում է Սոնան։

Խոհարարական բոլոր գործիքները Վարդանը բերել է Ֆրանսիայից, մինչև հիմա դեռ այնտեղից է պատվիրում վանիլը, որի յուրահատուկ բուրմունքն էլ տարածվում է Խանջյան փողոցում։

«Այստեղինը չեմ հավաներ։ Ես սիրում եմ որակյալը օգտագործել։ Ֆրանսիական խոհանոցի շունչս հետս բերել եմ Երևան։ Կարոտում եմ Փարիզը, քանի որ աչքս բացել եմ այնտեղ, բայց մի կողմից էլ՝ Հայաստանը քաշում է, այստեղ ինձ լավ եմ զգում, հանգիստ»,- ասում է Վարդան Սեպտջյանը։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am

http://www.youtube.com/watch?v=XCiRzkPa_zQ&fbclid=IwAR3Gj3R6R8Q8r7bh5jRy6VhFYoRWjH2d3XV9go9tzYpwTayV40CIxAn5aa4