«Միասին գնում ենք սարեր, հավաքում ենք բույսերը»․ Ասկերանում բնակվող 8-ամյա վիդեոբլոգերը կորոնավիրուսի օրերին ընտանիքի հետ թեյերի արտադրություն է սկսել

Արցախի Ասկերան քաղաքում բնակվող՝ 4-րդ դասարանի աշակերտ, վիդեոբլոգեր Տիգրան Գաբրիելյանը մեծ եղբոր հետ միասին կորոնավիրուսի օրերին թեյերի արտադրություն է սկսել։

8-ամյա Տիգրանը շատ է սիրում բնություն, այդ մասին հետաքրքրաշարժ վիդեոներ է պատրաստում Արցախից և հրապարակում սոցիալական մեդիայում։ Այժմ այդ վիդեոներում նաև պատմում է սեփական ձեռքերով պատրաստվող թեյերի մասին։

https://www.facebook.com/tigranblog/videos/245785653400079/

Ընդամենը մեկ ամիս առաջ ընտանիքի հետ միասին սկսել է խոտաբույսեր հավաքել, մշակել և թեյերի վաճառք իրականացնել։ 

«Իմ եղբայր Դավիթն ասաց, որ ուզում է թեյեր արտադրենք։ Ես էլ միացա, որ օգնեմ։ Միասին գնում ենք սարեր, հավաքում ենք բույսերը, բերում ենք, մշակում և չորացնում, հետո պատրաստում ենք թեյեր։ Ես շատ եմ սիրում բնությունը, դրա համար ամեն անգամ գնալով, բույսերը հավաքելով շատ եմ ուրախանում։ Իմ վիդեոներում հայտարարում եմ, որ թեյեր ենք վաճառում, գովազդում եմ մեր թեյերը»,- ժպտալով պատմում է Տիգրանը։

Տիգրանի եղբայրը՝ Դավիթ Գաբրիելյանը, ասում է, որ թեյերի արտադրության գաղափարը վաղուց է՝ ինչ ունեին։ Կորոնավիրուսի օրերին օգտագործել են ազատ ժամանակը և գաղափարը կյանքի կոչել, իսկ արդյունքը և վաճառքը շատ են տպավորել նրանց։

«Մեր նախատատը պատրաստում էր տարբեր խոտաբույսերով թեյեր, և մենք, ընտրելով հենց արտադրության այս ճյուղը, փորձել ենք պահպանել հնուց եկած ավանդույթը, որ նախապատվությունը տանք տեղականին, բնական, էկոլոգիապես մաքուր արտադրանքին։ Երկար տարիներ օգտագործում ենք տեղական խոտաբույսերից պատրաստված թեյեր, մենք սև թեյ չենք օգտագործում»,- ասում է նա։

Գաբրիելյանների ընտանիքը թեյերի համար նախատեսված բույսերը հավաքում ու մշակում են շաբաթ-կիրակի օրերին։

«Գնում ենք դաշտ ու սարեր։ Երեկոյան, երբ վերադառնում ենք տուն, չենք թողնում ժամանակ անցնի, միանգամից մաքրում ենք, փոշեզրկում, մշակումը ավարտելուց անմիջապես հետո փռում ենք հատուկ չորանոցներում»,- աշխատանքի ընթացքին անդրադառնալով ասում է Դավիթ Գաբրիելյանը։ 

Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի հստակ դերակատարումը արտադրության մեջ։ Օրինակ՝ բոլորը պատասխանատու են բույսեր հավաքելու, Դավիթը և Տիգրանը՝ գովազդի և վաճառքի, մայրը՝ բույսերը չորացնելու համար և այլն։

Դավիթ Գաբրիելյանը մարքեթինգի մասնագետ է, և ոլորտի վերաբերյալ գիտելիքները նպաստել են արտադրանքը բավական հեշտորեն շուկա հանելու և թիրախային վաճառք իրականացնելու։ Այս հարցում փոքր եղբայրը կարևոր դերակատարում է ունեցել իր վիդեոբլոգով։

«Մենք և բրենդի անվան, թե փաթեթավորման հարցում նախապատվությունը տվել ենք հասարակության կարծիքին։ Բրենդի երեք անուն էինք որոշել, քվեարկության դրեցինք սոցիալական ցանցերում, արդյունքում ընտրվեց «Նախշունը»։ Փոքր եղբայրս՝ Տիգրանը, 7 տարեկանից զբաղվում է բլոգինգով, հեռախոսով ենք նկարում, հաջողվել է ձեռք բերել հավատարիմ 2600 հետևորդ։ Այդ հարթակը ևս նպաստում է մեր աշխատանքի հանրայնացմանը»,- նշում է Դավիթ Գաբրիելյանը։

Ասում է, որ բիզնեսի նպատակը հասարակությանը, հաճախորդներին Արցախի բարիքներից օգտվելու հնարավորություն տալն էր։

«Մեզ համար այս գործունեության նպատակը տեղական պրոդուկտները ժողովրդին հասցնելն էր։ Կարանտինի շրջանում շատ ժամանակ ունեինք, որոշեցինք թեյի արտադրությունը հանել շուկա՝ գովազդներով, ամեն ինչը տեղը տեղին: Ի զարմանս ինձ՝ մենք շատ կարճ ժամանակում՝ ընդամենը 4-օրում, ամբողջ խմբաքանակ թեյերը վաճառեցինք միայն Ֆեյսբուքի գովազդի շնորհիվ»,- ուրախությամբ հայտնում է Գաբրիելյանը։

Պատմում է, որ սկզբնական շրջանում 100 տուփ են նախատեսել վաճառքի համար, սակայն ընդամենը 4 օրում ամբողջը վաճառել են, այժմ սպասում են նոր տուփերի հաջորդ խմբաքանակին, որպեսզի նոր արտադրանքը ներկայացնեն։

Այս ընթացքում 4 տեսակի թեյ են արտադրել, որոնք տարբեր են համային առումով և անվանումներով։

«Ունենք ընկերներով, բարեկամներով, հյուրերի հետ և ընտանիքով խմելու թեյեր։
Բաղադրությունները տարբեր են, յուրաքանչյուր թեյ ունի իր համային հատկանիշները և տեսքով է տարբեր։ Օրինակ՝ ընկերներով խմելու թեյը, որը թրենդային է և լավ վաճառվողներից, հավաքում ենք ամենաբարձ լեռներից, օգտագործում ենք ուրցի հատուկ տեսակ, որը տափաստանային շրջանում դժվար է գտնել, այդ բույսերի շնորհիվ թեյը ունի սպեցիֆիկ համ ու շատ լավ հոտ»,- ընդգծում է Դավիթ Գաբրիելյանը։

Ասում է, որ տուփերի հետևի մասում զետեղված են նաև Արցախի բարբառով մաղթանքներ։ 

Գաբրիելյանները թեյերի վաճառքի հաջողությունից շատ են ոգևորվել։ Դավիթը նշում է, որ եթե որևէ բիզնես սիրով ու հոգով ես անում, որևէ խոչընդոտ չի խանգարի, այս պարագայում անգամ կորոնավիրուսն է օգնել։ Իսկ փոքր եղբոր ներգրավումը բիզնեսում ևս շատ կարևորում է՝ փոքր տարիքից ստեղծագործելն ու աշխատանքի հմտություններ ձեռք բերելը։

Իսկ նրանք, ովքեր մտադրություն ունեն սկսել զրոյից բիզնես, խորհուրդ է տալիս հավատալ սեփական ուժերին․ «Պետք է հավատալ բիզնեսի էությանը, գաղափարին ու ներդնել ամեն ինչ՝ հոգի, ֆինանսական հնարավոր միջոցներ, չնայած կարելի է քիչ ֆինանսական միջոցներով սկսել հոյակապ բիզնես»,- նշում է Դավիթ Գաբրիելյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am