Անմահության ճանապարհ․ Լենտուշ Գյոզալյան․ Տեսանյութ

Ոստիկանության Իջևանի բաժնում՝ Պատվո տախտակին, ծառայակից ընկերների լուսանկարների կողքին նաև ոստիկանության ավագ սերժանտ Լենտուշ Գյոզալյանի լուսանկարն է։

Նա ծնվել էր Իջևանում, ամուսնացած էր, ուներ երկու դուստր։
«Սովորել է 5-րդ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է համալսարան, մի տարի սովորել, հետո բանակ է գնացել։ Ուզում էր մնար բանակում, չստացվեց, ընդունվեց ոստիկանություն»,-նշեց Լենտուշի հայրը՝ Գրիշա Գյոզալյանը։
2014 թվականից ծառայում էր ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակում։

«Ոստիկանական համազգեստն արդեն ամեն ինչ ասում է, իմ կարծիքով՝ ամեն մեկը չի կարող կրել այդ համազգեստը։ Լենտուշը կամքից ուժեղ էր ու դրան զուգահեռ՝ բարի էր…»,-իր խոսքում ասաց ազգականը՝ Վահե Շահինյանը։
Սեպտեմբերի 28-ին ընկերների հետ մեկնեց Վանաձոր՝ մարտական պատրաստություն անցնելու։

«Գնացել ենք զորավարժությունների, մի անգամ չի ասել, որ վախենում է։ Ասում էր՝ ինձ մոտ կլինես անընդհատ։ Ասում էր՝ դուխդ չգցես, հաղթելու ենք ու գնանք երեխայիդ ծնունդը նշենք…»,-ասաց ծառայակից ընկերը՝ Արարատ Մինասյանը։
Մարտական պատրաստություն անցնելուց օրեր անց ծառայակիցների հետ մեկնեց Շուշի։

«Որ Շուշի գնալիս են եղել, ասել է՝ մամային չասեք, որ Շուշի եմ գնում, թող չանհանգստանա։ Հետո հոկտեմբերի 4-ի առավոտյան զանգեց, ասաց՝ մամ, լավ եմ, ամեն ինչ լավ է, քեզ հետո կզանգեմ։ Ու այդպես էլ չզանգեց…», – ասաց մայրը՝ Կարինե Բեգլարյանը։

Լենտուշ Գյոզալյանը զոհվեց Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին:
«Տեղաբաշխման ժամանակ հավաքվել էինք, որ իմանանք՝ որտեղ ենք գնում։ Այդ ժամանակ բոլոր տղերքին համբուրեցի իրենց խիզախության համար, որ համախմբված ենք, ու… պայթյուն եղավ…», – նշեց ՊՊԾ դասակի հրամանատար Արա Ադամյանը։

Նույն պահին ռազմաճակատի մեկ այլ ուղղության վրա մարտեր էր մղում Լենտուշ Գյոզալյանի եղբայրը՝ Արթուրը։ Նա Քարվաճառի պաշտպանական մարտերին էր մասնակցում։

«Ամեն դժվարություն իրար հետ ենք անցել։ Նրա խորհուրդները եղել է, որ հանկարծ չկոտրվեմ, չվհատվեմ։ Վերջին անգամ հետը խոսել եմ հոկտեմբերի 1-ին, ասաց՝ ուշադիր կլինես, զգույշ կլինես» , – ասաց եղբայրը՝ Արթուր Գյոզալյանը։
Պատերազմի ավարտից հետո Արթուրը որոշեց շարունակել եղբոր գործը՝ ծառայության ընդունվեց ոստիկանության համակարգ: Իսկ Լենտուշ Գյոզալյանի փոքրիկ աղջիկները՝ Սեդան ու Կարինան, հպարտանում են հանուն հայրենիքի ընկած իրենց ոստիկան հայրիկով։