Համաներում. մայիսի 31-ի հանրահավաքը կվարի Նիկոլ Փաշինյանը

Համաներում. մայիսի 31-ի հանրահավաքը կվարի Նիկոլ Փաշինյանը
Համաներում. մայիսի 31-ի հանրահավաքը կվարի Նիկոլ Փաշինյանը

Վաղը` մայիսի 31-ին, Ազատության հրապարակում կկայանա ընդդիմադիր ՀԱԿ հանրահավաքը, որը կվարի երկու օր առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված Նիկոլ Փաշինյանը:
Այդ լուրը «Մեդիալաբի» հետ զրույցում հաստատեց Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
«Այո, հանրահավքը վարելու է Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը իր նախորդ հանրահավաքում պահանջել էր մինչեւ մայիսի 31-ի հանրահավաքը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Մայիսի քսանյոթին բանտերից ազատ են արձակվել քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: Այսօր՝ Շմավոն Գալստյանը:
Միաժամանակ այսօր` երկու քաղբանտարկյալներ՝ Սարգիս Հացպանյանն ու Մուրադ Բոջոլյանը, որոնց նկատմամբ համաներումը չի կիրառվել, նամակ են հղել Կոնգրեսին` ողջունելով քաղբանտարկյալների ազատ արձակումը:

 

Մուրադ Բոջոլյանը իր նամակում գրել է, որ «վերջին տարիներին Հայաստանում լուրջ քաղաքական գործընթաց է սկսվել, որն արդի փուլում հնարավորություն է տալիս առանց քաղաքական ցնցումների եւ ուղղակի կամ անուղղակի երկխոսության միջոցով վերականգնել Սահմանադրական կարգը, հիմնավոր քայլեր կատարել ժողովրդավարության, օրինականության և արդարության վերահաստատման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում այլևս երբևէ չլինեն անարդարության զոհեր»:

Նա շնորհակալություն է հայտնել Համաժողովրդական շարժման մասնակիցներին, ովքեր հավատացել են իր անմեղությանը եւ երեք տարի պայքարել նաեւ իր ազատության համար:

Բոջոլյանը հիշեցնում է, որ շուտով լրանում է իր անազատության վերջնաժամկետը՝ նշելով, որ չէր ցանկանա, որ այդ փաստը խոչընդոտեր իշխանության ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությանը:

Հիշեցնենք, որ Բոջոլյանը ազատազրկվել էր պետական դավաճանության մեղադրանքով` դեռեւս մինչեւ մարտիմեկյան իրադարձությունները:

Իսկ Սարգիս Հացպանյանն իր նամակում կոչ է արել երկխոսություն սկսել «իշխանության» հետ՝ օգտվելով շարժման «այսօր առկա ուժային եւ դիրքային հզոր առավելությունից»:

«Գտնում եմ, որ եզակի այդ հնարավորությունը չի կարելի կորցնել, եւ ինձ ազատ չարձակելը չի կարող դրան խանգարող պատճառ հանդիսանալ: Վստահ եմ, որ նման պատասխանատու պահին այս դիրքորոշմամբ շատ ավելի մեծ նպաստ եմ բերում վերջնական հաղթանակին և արագացնում եմ այն, ուստի պահանջում եմ հարգել իմ այս խնդրանքը: Ես ուզում եմ ձեզ խնդրել նաև Ռ. Քոչարյանի ակնհայտ ապօրինի հրամանով իմ երկրից ինձ արտաքսելու մասին անհեթեթ որոշումն անվավեր ճանաչման հասնելու պայքարում, իմ ընտանիքով, երկու երեխաներիս հետ ընդմիշտ Հայաստանում ապրելու իրավունքս ձեռք բերելու հարցում հայցել ձեր աջակցությունը և զորակցությունը»,- իր նամակում գրել է Հացպանյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am