Սահմանից այս կողմ. Ադրբեջանին եւ Թուրքիային հարակից Երասխ գյուղը տարեցտարի ծերանում է

Սահմանից այս կողմ. Ադրբեջանին եւ Թուրքիային հարակից Երասխ գյուղը տարեցտարի ծերանում է
Սահմանից այս կողմ. Ադրբեջանին եւ Թուրքիային հարակից Երասխ գյուղը տարեցտարի ծերանում է

Արարատի մարզի Երասխ գյուղը միաժամանակ սահմանակից է Ադրբեջանին ու Թուրքիային: Գյուղի մի հատվածը Երեւան-Եղեգնաձոր մայրուղու եզրին է, որտեղ էլ կյանքը փոքրիշատե աշխույժ է: Ճամփեզրին խանութներ կան, գազալցակայան, գյուղի բնակիչները միրգ են վաճառում, իսկ գյուղի ներսում անդորր է, որը մերթընդմերթ խախտվում է բակերում խաղացող փոքրաթիվ երեխաների ձայներից: Սակայն, սահմանամերձ գյուղում բազում այլ խնդիրների կողքին մտահոգություն է դարձել գյուղի ծերացումը. Երիտասարդները հեռանում են, ամուսնություններն ու ծնունդները` նվազում:

«Գնալով գյուղը ծերանոց է դառնում, երիտասարդությունը գնացել է, ամուսնություններ գրեթե չկան, դա էլ խնդիր է. տղան գործ չունի, մտածում է` կնոջը, երեխային ինչպե՞ս պիտի պահի, եթե ամուսնանա,- ասում է Երասխի արդեն 30 տարվա գյուղապետ 74-ամյա Սերյոժա Ավետիսյանը:- Մի 2-3 տարի առաջ դպրոցի աշակերտների թիվը 153 էր, բայց կամաց-կամաց այդ թիվը նվազում է: Նվազում է նաեւ ծնելիության մակարդակը»:

Հայաստանի օրենսդրությամբ` ՀՀ պետական սահմանագծից ՀՀ տարածքի խորքը` մինչեւ 5 կմ լայնությամբ ծավալվող տարածքը կոչվում է սահմանային գոտի: Իսկ սահմանային գոտու մի մասը, որը հարում է պետական սահմանին` մինչև 1 կմ լայնությամբ, կոչվում է սահմանային շերտ:

Ըստ պաշտոնական տվյալների, սահմանային շերտում է գտնվում 4 քաղաքային եւ 59 գյուղական համայնք` ավելի քան 150 հազար բնակչությամբ (մարզերի բնակչության 6,8 տոկոսը): Արարատի մարզի Երասխ գյուղը հենց սահմանային շերտում գտնվող այդ գյուղերից մեկն է, որտեղ հիմա 760 մարդ է ապրում` 220 տնտեսությունում:

Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին Երասխ են ներգաղթել տասնյակ ընտանիքներ` Ադրբեջանական տարբեր քաղաքներից, սակայն, ժամանակի ընթացքում նրանց մեծ մասն է լքել գյուղը, ինչպես պատմում են գյուղացիները` չհարմարվելով ոչ գյուղի պայմաններին, սոցիալական ծանր վիճակին ու աշխատատեղերի բացակայությանը:

80-ամյա Սոնյա Բաբայանը Ադրբեջանից Երասխ է տեղափոխվել 1988-ին` ամուսնու եւ երեք երեխաների հետ: Այժմ` երկու անգամ ինսուլտ տարած, դժվարությամբ տեղաշարժվող կինը ամուսնու հետ մենակ է ապրում գյուղում` երկու որդին եւ աղջիկը (բոլորը բարձրագույն կրթությամբ) աշխատանք չունենալու պատճառով արտագաղթել են Ուկրաինա:

«Տղաս օտար լեզվի ուսուցիչ է: Բաքվում է ավարտել, եկել էր այստեղ եւ այս գյուղում, եւ կողքի գյուղում դասավանդում էր, եւ դրա համար ընդամենը 70 ռուբլի էր ստանում: Ոտքով գնում էր աշխատանքի-գալիս, հետո զզվեց, ասեց` ես այստեղ չեմ աշխատի: Հետո նրան Ուկրաինայից աշխատանք առաջարկեցին, եւ նա գնաց այնտեղ»,- պատմում է Բաբայանը:

Գյուղապետ Սերյոժա Ավետիսյանն ասում է, որ 80-ականներին Երասխում բազմաթիվ ձեռնարկություններ կային` Հանքային ջրերի բազաներ ու գործարաններ, որտեղ աշխատելու էին գալիս անգամ Արտաշատից ու Երեւանից: Մինչդեռ, հիմա աշխատանք գտնելը դարձել է լուրջ խնդիր:

Գյուղում մշտական աշխատանք ունի 30 մարդ, 6 հոգի աշխատում են գյուղապետարանում, մի մարդ` գրադարանում, 23-ը` դպրոցում, 2 մարդ` գազալցակայանում:

«Արտագնա աշխատանքի գնացողներ շատ ունենք, ամեն տարի գարնանը գնում են, աշնանը գալիս, հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրներ են գնում»,- ասում է Երասխի գյուղապետը` հավելելով, թե հիմնական խնդիրն այն է, որ սահմանամերձ գյուղում գործարարները խուսափում են ներդրումներ կատարել:

«Եթե անհատ ձեռներեցների հետ խոսում ենք, որ գումար ներդնեն, ասում են` ի՞նչ երաշխիք, որ վաղը պատերազմ չի լինի: Մի հա վարելահողի վարձակալությունը 5000 դրամ է, 200-300 հա հող ունեմ, որը ոչ մեկ վարձակալությամբ չի վերցնում, որովհետեւ սահմանին կպած ա, ո՞վ ռիսկ կանի գնա էնտեղ հող մշակի»:

Պետությունը նույնպես գիտի Երասխի ու Հայաստանի մյուս սահմանամերձ համայնքների խնդիրների մասին ու 2002-ի մայիսին անգամ «ՀՀ Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենք է ընդունել, որը վերջին տարիներին այնքան էլ չի օգնել գյուղին:

Այդ օրենքում այնգամ թվարկվում են սահմանամերձ գոտիներում առկա հիմնախնդիրները` տնտեսական ներուժի անկում, օգտագործվող ցանքատարածությունների ու բազմամյա տնկարկների կրճատում, ֆինանսական միջոցների բացակայություն կամ սակավություն, տարիներով չնորոգված դպրոցական շենքեր, բուժկետերի, մշակույթի օջախների բացակայություն կամ քայքայված վիճակ, բնակչության թվի զգալի նվազում, երիտասարդության արտահոսք ու ծնելիության մակարդակի անկումը:

«Որ մենք էլ գնայինք այստեղից, շատ լավ կլիներ: Թեկուզ Երեւան, էնտեղ գոնե գործ կունենայիք, տղես` Արտյոմը, գազի զապրավկայում ա աշխատում, հարսս` Ալինան, գրադարանում: Տենց յոլա ենք գնում: Ես չեմ աշխատում, բայց որ աշխատանք լինի կաշխատեմ: Դեռ թոշակ չեմ ստանում, որովհետեւ 50 տարեկան եմ»,- ասում է Երասխի բնակչուհի Ռիտա Գասպարյանը:

Նա պատմում է, որ գյուղի տղամարդիկ ամռանը հող են մշակում` ձմերուկ աճացնում, բերքի մի մասը էժան գնով վաճառում են վերավաճառողներին, որոշ մասն էլ փոխանակում են կողքի գյուղերի բնակիչների հետ, օրինակ, ձմերուկը կարտոֆիլի դիմաց, իսկ ձմեռը անգործ նստում են:

Կանայք գյուղում ավելի շատ զբաղվում են տնային գործերով ու երեխաների դաստիարակությամբ: Մասնագիտությամբ դեղագործ 27-ամյա Նարինեն ուսումն ավարտելուց հետո չի աշխատել, 19 տարեկանում ամուսնացել է եւ արդեն երկու որդի ունի.

«Ի՞նչ է անում ողջ օրը գյուղացի կինը: Տան գործեր, երեխաներին դաստիարակել, գնալու տեղ չունենք, բարեկամների տներ ենք հյուր գնում: Տղամարդկանց ենք օգնում դաշտում, ձմերուկ ենք հավաքում: Գյուղացու ապրելն էլ էդ ա, էլի»:

Ռիտա Գասպարյանի ամենաօրյա կենսակերպը նույնպես շատ բանով չի տարբերվում. «Էդպես`զարթնում ենք` մտնում հողամաս, ջրում ենք, բերք հավաքում, մշակում, փակում ենք, էտ ա: Ցանում ենք ձմերուկ, պոմիդոր, բիբար, բադրիջան, տենց բաներ»:

Նա բողոքում է, որ Երասխում գազ չկա, գազ օգտագործում են վերալիցքավորվող բալոններով, իսկ ձմռանը տաքանում են փայտե վառարաններով. «Փայտն առնում ենք, կուբամետրը 15-16 հազարով (դրամ), մի ամսվա մեջ մոտ 2 կուբամետր փայտ ենք վառում: Որ գազ լիներ, լավ կլիներ»:

Գյուղապետ Սերյոժա Ավետիսյանն ասում է, որ Արարատից մինչեւ Երասխ գազը արդեն բերել են, բայց գյուղը այդպես էլ գազ չի ստանում:

«Ասում եմ` ես ձեզնից` պետությունից փող չեմ ուզում, մենակ թույլատվությունը տվեք, որ անցկացնեմ գազը: Չեն թույլատրում, որովհետեւ կողքի Արմաշն ու Սուրենավանը գազաֆիկացված չեն, մինչեւ նրանք չգազաֆիկացվեն, ստեղ գազ չեն տա: Բոլոր տեղերից էլ նույն պատասխանն ենք ստանում, պատճառաբանում են, թե ճնշումը չի բավարարի, բայց եթե Արարատից ճնշումը տան, ինչի՞ չի բավարարի»,- սրտնեղում է գյուղապետը:

Ավետիսյանը համոզված է` եթե պետության` սահմանամերձ գյուղերում վարվող քաղաքականությունը փոխվեր, իրենց մոտ իրավիճակն այլ կլիներ, բնակչության թիվն էլ կշատանար. «Թող տներ կառուցեն, այս ավիրված տները վերանորոգեն` տեսնենք մարդ չի՞ գա այստեղ ապրելու»:

Իրականում Երասխում վերանորոգման կարիք ոչ միայն բնակելի տներն ունեն. կիսավերանորոգված է դպրոցի շենքը, գրադարանը` կիսավեր:

Երասխում ամբողջությամբ լուծված են միայն երկու խնդիր` տրանսպորտն ու կապը, մինչդեռ բազմաթիվ խնդիրներ անլուծելի են:

«Ադրբեջանն այդպես չի վարվում, իրենց սահմանամերձ Սարդարակը, որը ընդամենը մի հայկական աուլ էր` կեղտ ու մրի մեջ թաղված, էսօր այն արդեն քաղաք է, որը կարելի է նմանեցնել մայրաքաղաքի: Էդպես են վարվում, որովհետեւ սահմանամերձ քաղաք է, ու դրա համար մարդիկ այնտեղ ապրում են, մարդիկ շատ են»,- ասում է գյուղապետը եւ հավելում. «թող մեզ մոտ էլ տներ կառուցեն, այս ավիրված տները վերանորոգեն` տեսնենք այստեղ մարդ չի՞ գա ապրելու»:

Քրիստինե Խանումյան

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am