Վարչապետի ելույթից համոզվեցինք` պատրաստ են գնալու Ադրբեջանի կողմից թելադրվող կապիտուլյացիոն պայմանների ստորագրմանն ու այդպես են ընկալում խաղաղությունը. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված ոչ մի պահանջ չունի, ընդգծել է, որ բրյուսելյան հանդիպումը, ըստ էության, իրեն գոհացրել է, ու նաև ասել է, որ Հայաստանը չի կարող խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչելը, քանի որ դա Հայաստանի պարտավորություններից է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Իլհամ Ալիևի այս հայտարարությունները։

– Ալիևի ելույթի մեջ որևէ նորություն չկար, ուղղակի ակնհայտ էր, որ նա բավականին ոգևորվել է բրյուսելյան հանդիպումից հետո և նորովի է ներկայացնում այն թեզերը, որոնց մասին շարունակաբար խոսել է հետպատերազմյան շրջանում։ Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ Հայաստանը չպետք է նորմալ մարտունակ բանակ ունենա, դա իրենք սպառնալիք են համարելու, բայց փոխարենը շարունակելու են զինվել։

Բացի այդ, այո՛, կրկին «միջանցքի» թեման է բարձրաձայնել՝ նշելով, որ եթե Հայաստանը կամավոր չգնա այդ համաձայնությանը, ապա այլ մեթոդների են դիմելու՝ ակնհայտորեն նկատի ունենալով նաև ուժային մեթոդը։

Մինսկի խմբին անդրադառնալով՝ նշել է, թե քանի որ հակամարտությունը լուծված է, այդ խմբի աշխատանքն անիմաստ է։ Արձանագրել է, որ իրենց համար հաջողություն է, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ խոսք չկար ո՛չ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ո՛չ այդ եզրույթն էր օգտագործվում, ինչը նշանակում է, որ բոլորը հաշվի են նստում առկա իրողությունների հետ։ Ըստ նրա՝ չկա հակամարտություն, ու խնդիրը բացառապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում է։

Կրկնում եմ՝ Ալիևի ասածները նորություն չեն, ուղղակի խնդիրն այն է, որ մեր իշխանություններն այս օրակարգը ընդունում են, որովհետև վարչապետի այսօրվա ելույթից ևս մեկ անգամ համոզվեցինք, որ իրենք պատրաստ են գնալու Ադրբեջանի կողմից թելադրվող կապիտուլյացիոն պայմանների ստորագրմանը ու այդպես են ընկալում խաղաղությունը։

– Գործադիրի ղեկավարն ասում է, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է «Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը մի փոքր իջեցնել»։ Ձեզ համար պա՞րզ է՝ ինչ ասել է «նշաձողը մի փոքր իջեցնել», ի՞նչ է դա ենթադրում։

Իրականում, ես կարծում եմ՝ նույն միջազգային հանրության դերակատարների անունը շահարկելով ու նման ձևով ներկայացնելով՝ փորձում են իրենց անկարողությունը, ոչինչ չանելն արդարացնել։ Այդ անկարողության թեզը նպատակային ձևով տարբեր մեդիառեսուրսներով եփվում է հանրության շրջանում, որ այլ ելք չկա, միակ ելքն Ադրբեջանի թելադրած պայմանների ստորագրումն է։

Երբ խոսում են կարգավիճակի մասին սանդղակի իջեցման մասին, ապա այսօր հայկական կողմը կարող է սառեցնել այդ հարցը, ասել, որ կոմպրոմիսի չեն գալիս, իրավիճակը բարդ է, ու պահպանեն առկա ստատուս քվոն։ Նոյեմբերի 9-ին իրենց պարտության հետևանքով պետությունն իր զիջումներն արել է։ Շուտով երկու տարին կլրանա այդ զիջումների, և պետության ղեկավարն ասում է, որ պատրաստ է գնալու նոր զիջումների, ինչպե՞ս սա բացատրել։

Ինքը կա՛մ չի կարողանում ղեկավարել, կա՛մ այլ ծրագրեր ունի։ Եթե ինքը լուծում չունի, կամ այդ լուծումն իր պատկերացմամբ միայն Ադրբեջանի առաջարկած կապիտուլյացիայի ստորագրումն է, ապա թող ուղղակի խոստովանի, հատկապես որ այսօր մեղայական էր հնչում ԱԺ ամբիոնից, ու հեռանա՝ ասելով, որ ինքը չի կարողանում լուծումներ տալ։

– Տիկի՛ն Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ Արցախի կարգավիճակի հարցն այլևս իրենց համար նպատակ չէ, այլ միջոց է արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Այս հայտարարությունից ի՞նչ ենթադրել, Հայաստանի իշխանությունն ինչի՞ է պատրաստ։

– Պատրաստ է ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում ինչ-որ ձևական երաշխիքների դիմաց։ Բայց ասեմ, որ ո՛չ խաղաղության պայմանագիրն է պահելու ադրբեջանական ագրեսիան, ո՛չ էլ իրենց այս զիջողականությունը, իրենք միայն մեծացնում են Ադրբեջանի ախորժակն այսօր։ Ադրբեջանը ոչնչից չի հրաժարվելու, պարզապես հերթով իրականացնում է իր նպատակները։

Այսօր մեր պետությունը ղեկավարում է մի անկարող մարդ իր անկարող թիմով, որ ոչինչ չեն անում ու մեղքը բարդում են ուրիշների վրա, վերջում էլ ձևական մեղայականով են հանդես գալիս․ եթե ընդունում ես, որ մեղավոր ես ու անզոր, գրում ես հրաժարական ու հեռանում, հնարավորություն տալիս մարդկանց, որոնք թաթախված չեն այս ամենում, գալ ու փորձել ելքեր գտնել։

– Տիկի՛ն Հայրապետյան, ընդունո՞ւմ եք իշխանության այն պնդումները, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի այլընտրանքը պատերազմն է։

– Իրենք ամբողջը նոյեմբերի 9-ի սցենարով են տանում, ամբողջությամբ մարդկանց հասցնելով այն կետի, որ ինչ գործողությունների էլ գնան, իրենց դավաճան չհամարեն, բայց իրենց արարքն այլ որակում չի կարող ստանալ։

Կամ, ասում էին՝ Արցախի անունից չենք բանակցելու, հիմա ինչո՞ւ եք որոշել, որ նրանց ճակատագիրը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այս ամենն աբսուրդի մեջ է տեղավորվում, հասկանո՞ւմ եք, եթե դու ունես նպատակ, գիտես՝ ինչ ես ուզում, դու գնում ես դեպի դա, հաշվի չես առնում, որ խոսքը քո պետության սուվերեն տարածքի մասին է, ԼՂԻՄ-ի տարածքի մասին է։

– Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2018-2019 թվականներին հանրության հետ անկեղծ չի եղել ու չի ասել, թե ինչ բանակցային ժառանգություն է ստացել։ Նշեց, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ճիշտ են եղել, որ ասել են, թե յոթ շրջանները պետք է վերադարձնել Ադրբեջանին։ Քանի որ այդ թվականներին թիմի անդամ եք եղել, կասեք՝ գոնե ձեզ հետ անկե՞ղծ է եղել այդ հարցով, և հակասություն չե՞ք տեսնում, երբ հղում է անում ստացած ժառանգությանը, այնինչ ինքն էր հայտարարում, որ ամեն ինչ սկսում է իր սեփական կետից։

– Ես բազմաթիվ հակասություններ եմ տեսնում, որովհետև Նիկոլ Փաշինյանը, որը ընդդիմադիր էր, որը դարձավ ՀՀ վարչապետ և, որը, ինչպես ինքն է իրավացիորեն նշում, անտրամաբանորեն վերընտրվեց, լրիվ տարբեր մարդիկ են։ Երբ լսում ես այդ մարդուն, քեզ թվում է, թե նա քրոնիկ սուտ է խոսում, այսինքն՝ ամեն անգամ նոր ձևով է ստում։

Ո՛չ, նա անկեղծ չի եղել նաև թիմի հետ։ Թիմում եղել են մի քանիսը, որոնք հարցեր են բարձրացրել իրավիճակի մասին, ասվել է, որ ձեռք են բերվում զենքեր, քայլեր են ձեռնարկվում, իսկապես, այն ժամանակ գնումներ եղել են, բանակին միջոցներ հատկացվել են։ Թիմին ասվել է, որ իրենք մի կողմից բանակցում են լուծումներ գտնելու համար, մյուս կողմից էլ պատրաստվում են այլ սցենարի, եթե Ադրբեջանը գնա այդ սցենարին։

– Իսկ բանակցային ժառանգությանը տեղյակ եղե՞լ եք։

– Ազնվորեն իմ կողմից կասեմ, որ ես, հետևելով բանակցային գործընթացին, պարզ տեսնում էի, թե դա ուր է տանում։ Նա որևէ ձևով հիմա նորություն չի հայտնում․ Կազանի հայտնի այդ հանդիպման մասին Սերժ Սարգսյանն այն ժամանակ պարզ հարցազրույց է տվել Կիսելյովին և հստակ ասել, թե ինչ են բանակցում։

Այո՛, Սերժ Սարգսյանը նաև հեղափոխությունից առաջ է ասել ու շատ ճիշտ է ասել, որ պահանջներն աճում են, ու իրավիճակը բարդանում է։ Ուրիշ բան, որ ընդդիմությունն էլ է կեղծում, երբ ասում է, որ եթե մենք լինեինք՝ պատերազմ չէր լինի, խաղաղություն կլիներ։ Այդ գինն այն էր, որ պետք էր այդ տարածքներից առանց որևէ բանի դիմաց հրաժարվել։

Այստեղ ուրիշ հարց ունեմ․ կա՞ր արդյոք իրավիճակի գնահատական, որ մենք ձախողում ենք, և, օրինակ՝ այդ նոյեմբերի 9-ի հայտնի տեքստը, ոչ այդ ձևով, երբ չէինք կորցրել Շուշին ու Հադրութը, կնքվեր, ասենք՝ հոկտեմբերի 9-ին։ Ու իրենք դա խոստովանել են տարբեր ձևերով, որ եթե շուտ գնային այդ քայլին, իրենց դավաճան կհամարեին, այսինքն՝ իրենք չեն առաջնորդվում պետական շահով, իրենց քաղաքացիների կյանքի անվտանգության շահով, այլ մտածում են՝ թե իրենց մասին ի՛նչ կասեին։

– Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ պատերազմը կարող էին կանխել, ու կունենայինք նույն իրավիճակը, ինչ այսօր՝ առանց զոհերի։

– Ու դրանից հետո իրենք պատրաստվում են նաև Հայաստանից ու ԼՂԻՄ-ից տարածք հանձնել ուղղակի՝ առանց զոհերի՞, որովհետև մտածում են, որ Ադրբեջանը դա է ուզում, ու այլընտրանք չկա՞։ Անհեթեթ շրջան է։

– Տիկի՛ն Հայրապետյան, կարծում եք՝ այդ խաղաղության պայմանագիրը կստորագրվի՞։

– Եթե գնա գաղտնի բանակցությունների, ամեն ինչի էլ ունակ է, խնդիրն այն է, թե դա ինչպես է կյանքի կոչվելու։ Հայաստանում շատ ուժեղ դիմադրություն կա այդ հարցում, ու իրենք դա շատ լավ գիտակցում են, այդ նույն դիմադրությունը կա նաև Արցախում։

Ձեր կարծիքով պատահակա՞ն է, որ վերջին շրջանում իր պատգամավորները սկսել են «կծող» արտահայտություններ թույլ տալ Արցախի ղեկավարության հասցեին, որովհետև այնտեղից հստակ հնչում է, որ իրենք չեն լինելու Ադրբեջանի կազմում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am