Նաև մեկ անհետ կորած ունենք, այս պահին դեռ ինֆորմացիա չկա․ Գնել Սանոսյան․ Ազատություն

«Գիշերվանից սկսվել են հակառակորդի կողմից գործողություններ, որի արդյունքում ունենք 3 զոհ, 3 վիրավոր, վիրավորների վիճակը նորմալ է կյանքին վտանգ չի սպառնում», – «Ազատության»-ը փոխանցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հայտելով նաև մեկ անհետ կորածի մասին։

«Նաև մեկ անհետ կորած ունենք, այս պահին դեռ ինֆորմացիա չկա։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սոթքից դեպի լճեր, Վերին Շորժայի ուղղությամբ՝ այդ ամբողջ հատվածում։ Նոր բնագիծը, որ ունենք պատերազմից հետո, գրեթե ամբողջ նոր բնագծով կրակում են»։

Հարցին, թե ադրբեջանական զորքերի կողմից տեղաշարժ եղե՞լ է, Սանոսյանը պատասխանեց․ – «Փորձեր եղել են, բայց մեր զինված ուժերը, իհարկե, կանխում են այդ փորձերը։ Մեր զինված ուժերը բավական բարձր մակարդակով դիմակայում են հակառակորդի գրոհներին և հարձակումներին»։

Սանոսյանի խոսքով՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ դեռ չի արձակվել, կրակը բնակավայրեր չի հասել։ «Բայց երբեմն անկանոն կրակներ են վարում, որը նաև բնակավայրերի ուղղությամբ է լինում։ Իհարկե անհանգստություն կա, ըստ իրավիճակի քայլերը կհասկանանք, ՊՆ-ի, բանակային կորպուսի հետ աշխատում ենք, կհասկանանք հետագա քայլերը», – ասաց մարզպետը՝ նշելով՝ խուճապ չկա։