«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, նախօրեին այս էլ որերորդ անգամ, երբ հորդառատ անձրև է տեղում, մայրաքաղաքը հեղեղված էր անձրևաջրերով։ Նման իրավիճակն ի՞նչի հետևանք է, ինչո՞ւ նախկինում նման հեղեղումներ չէին լինում Երևանում, ինչպես հիմա է։
– Պատճառները բազմաթիվ են, ու ասեմ, որ այս աղետալի վիճակն անմիջականորեն սպառնում է բնակչության առողջությանը, որովհետև կան հատվածներ, որտեղ նաև կոյուղաջրերն են խառնվում անձրևաջրերին, այսինքն՝ մենք կանգնած ենք նաև համաճարակի զարգացման խնդրի առաջ։ Սա շատ վտանգավոր է հիգիենիկ ու համաճարակաբանական տեսանկյունից։
Պատճառները, ինչպես ասացի, բազմաթիվ են․ դա սարսափելի ակտիվությամբ իրականացվող այն շինարարությունն է, որի պարագայում ջրաթափանց մակերևույթները դառնում են կարծր մակերես, որոնք այլևս չեն կլանելու։ Բացի այս՝ մենք ունենք հեղեղատարների ամբողջությամբ կոլապսային վիճակ, որովհետև դրանք չեն մաքրվում ու նորմալ վիճակում չեն ու չեն կարողանում ջուրն ընդունել։
Սրանցից զատ՝ մի սարսափելի բան արեցին, որի մասին ես անվերջ զգուշացնում էի, այդ թվում նաև Քեմբրիջի համալսարանի իմ գործընկերները, որ լինելու են ջրհեղեղներ, քանի որ երբ քաղաքային միջավայրից զանգվածաբար կտրում են խոշոր ծառեր, փաստացի արագացնում են ջրային հոսքերի գործընթացը: Երբ ջուրն իջնում է լայնասաղարթ ծառերի սաղարթի միջով, անցնում է, հողն այն կլանում է, որովհետև տակը խոշոր արմատներ են։ Խոշոր արմատները նաև ջրային հոսքերի կառավարիչներ են, փաստորեն այսօր մենք ունենք տասնյակ տարիների հետևանքով ստեղծված ու շարունակվող գերկառուցապատման այս գործընթացը:
Կենտրոնում ծանրագույնն էր, որը դեռ մի բան էլ ծանրացրին ծառերը զանգվածաբար հատելով, ու գնալով մենք ավելի ու ավելի շատ ենք տեսնելու նման երևույթներ, որովհետև խնդիրն աստիճանաբար սրվելու է ու ավելի ակներև է դառնալու։ Հատկապես Կենտրոնում դա շատ է զգացվելու։
Գլխավոր խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանում չկան մասնագետներ․ բնապահպանության վարչության պետը մասնագիտությամբ բակալավրով իրավաբան է, մագիստրոսականով՝ քաղաքագետ, շինարարության և բարեկարգման վարչությունը բժիշկ է կառավարում։ Չես հասկանում՝ ոնց են այս ողջ գործընթացներն իրականանում, Կանաչապատման ՀՈԱԿ-ը ղեկավարում է նախկինում եվրաֆուտբոլի մենեջերը։
Երևանն այսօր ծանր հիվանդ է, ու մենք այսօր միլիոններ ենք ծախսում նրա համար երգեր գրելու վրա, բայց չենք ծախսում միջոցներ նրան բուժելու համար, չենք դիմում մասնագետների, փորձագետների, նաև միջազգային փորձագետների՝ այս խնդիրը լուծելու համար։ Ավագանու նիստերին բազմիցս այս հարցը բարձրաձայնել եմ, ներկայացրել եմ միջազգային ամենահեղինակավոր մասնագետների եզրակացությունները, որոնք ևս զգուշացնում էին, որ ծառահատման հետևանքով հոսքերը շատանալու են, և ունենալու ենք ջրհեղեղներ։
Փորձագիտական նման կարծիքները անձամբ եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին, նիստի ժամանակ նույնպես խոսել եմ, բայց մարդիկ ուշադրություն չեն դարձրել ու արել են ծառահատումը, ինչը նշանակում է, որ նրանք ուղղակի անջատել են այն արհեստական շնչառությունը, որի կարիքն ունի Երևանը, ու կանգ էլ չեն առնում։
Այս բոլոր խնդիրները, որ բարձրաձայնեցի, կոմպլեքսի մեջ են, ու ամենակարևորը՝ չկա այն մարդը, որն իր պրոֆեսիոնալ ուսերի վրա տանում է ոլորտը, տվյալ դեպքում՝ բնապահպանականը։ Սա և՛ կոմունալ խնդիր է, որովհետև հեղեղատարների հարց է, և՛ կոմունալ հիգիենա է ամբողջությամբ, այսինքն՝ բնակավայրերի կառավարումն ինչպիսին պետք է լինի: Այս ամենն ուղղակի ֆիզիկայի օրենքներ են, որոնք մենք անտեսում ենք, առողջապահության ոլորտն ամբողջությամբ անտեսված է, հանրապետությունում չունենք գլխավոր սանիտարական բժիշկ, կոմունալ վարչության պետի աշխատանքն առհասարակ չեմ տեսնում, որտեղ նայում ես՝ փողոցները քանդված, կիսավեր վիճակում են, ու ամբողջ քաղաքը հիշեցնում է վերքերով ծածկված ծանր հիվանդ։
Ես որպես հանրային առողջապահության մասնագետ, 20 տարվա դասախոս, դոցենտ՝ համարում եմ, որ այսօր Երևանը լրջագույն հիվանդ է, որին ուղղակի անհրաժեշտ է շտապօգնություն, մենք ժամանակ չունենք, 34 տարի ավերում ենք այն Երևանը, որը մեզ թողել էին մասնագետները։
– Ստացվում է, որ այն, ինչ ունենք, վատ կառավարման հետևա՞նք է։
– Այո՛, միանշանակ, սխալ կառավարման հետևանք է։ Եթե դիտարկենք միայն այս վեց տարին, ապա ընդունենք, որ մենք արեցինք հեղափոխություն, որ ամենը լավ լինի, ժառանգեցինք սխալներով լի գործընթաց: Ի դեպ, այս ամենին ավելանում է Գետառի փակումը, ինչը բնապահպանական տեսանկյունից հանցագործություն էր, որովհետև Գետառը ևս այս ջրային հոսքերի շատ մեծ կառավարողն էր, ու Գետառն էլ է մի օր զարթնելու, ու այդ ժամանակ է լինելու իրական աղետը: Մենք դա էլ ենք զգուշացնում, առայժմ լսող չկա։
Այսօրվա ունեցածը այդ ժառանգած խնդիրների ու հետագայում դրանց կրկնակի- եռակի ավելացման հետևանքն է, որովհետև այսօր Երևանում կոլապս է։ Քաղաքապետը շատ մեծ գոհունակությամբ ասում է, որ ունենք հարկերի հավաքագրման կրկնակի-եռակի ավելացում, բայց ի՞նչ է ստանում երևանցին հարկերը վճարելու դիմաց։ Կայանատեղիների գումարը բարձրացրին, ի՞նչ ստացավ երևանցին, նույն խցանումները շարունակվում են, օդն աղտոտ, մեկ տարի է՝ չեն կարողանում կառուցապատող ընկերություններին ստիպել, որ շենքերի կարկասներին այդ ցանցերն անցկացնեն։
Այս մարդկանց մոտ ուղղակի կառավարման ֆիասկո է, նրանք պետք է հրաժարական տան՝ ի շահ Երևանի, որովհետև եկեք օբյեկտիվորեն նայենք Երևանին. քաղաքն այսպիսի՞ն էր, չէ՞ որ այսպիսին չէր։ Այո՛, ունեինք բազմաթիվ խնդիրներ, բայց չէ՞ որ հաջորդ յուրաքանչյուր իշխանություն պետք է ավելի լավացնի քաղաքի վիճակը, ոչ թե հակառակը։
– Տիկի՛ն Վարդանյան, այդ մասնագիտական կարծիքները, որ անձամբ էլ եք ներկայացրել գործող քաղաքապետին, ինչո՞ւ չի լսել, հետևություններ չի արել։
– Չեմ կարող նրա փոխարեն պատասխանել, բայց կարող եմ ասել, որ մասնագետներին չլսելով՝ վնասում են միայն իրենց, որովհետև մասնագետները տասը քայլ առաջ են տեսնում, քանի որ հիանալի գիտեն իրենց ոլորտը։ Նախորդ քաղաքապետը, ի տարբերություն այսօրվա քաղաքապետի, ես անձին չեմ էլ ճանաչել, նա է հրավիրել մասնագետներ, որպեսզի ուղղենք Երևանը ու մենք ահռելի աշխատանք ենք տարել, այդ թվում՝ այդ Կանաչապատման ՀՈԱԿ-ի ստեղծման ամբողջական գործընթացում։ Հետևաբար, այո՛, այս ամենը քաղաքի ամբողջական կառավարման ձախողում է։
– Ելքը ո՞րն է, որ Երևանը չկանգնի՝ ձեր ասած ավելի սարսափելի աղետների առաջ։
– Մենք այս կետում պետք է կանգնենք, պետք է դադարեցվի ծառերի հատման գործընթացը, ոչ մի ծառահատում չպետք է կատարվի՝ բացառությամբ վթարային ծառերի, կոմպենսատոր ծառատունկով այլ տեղում, պարտադիրչէ նույն տեղում, որտեղ ծառահատում են արել։
Պետք է իրականացվի լանջերի կանաչապատման ակտիվ գործընթաց, որովհետև սա էլ է ջրային հոսքերի կառավարման համար մեծ նշանակություն ունենալու ու փոշու, իսկ Երևանը փոշու տակ է, մանավանդ Կենտրոնն ու Շենգավիթ վարչական շրջանը։ Քանի դեռ մենք չենք արել այս գործընթացները, փողոցներում ծառատեսակները փոխարինելով չենք կարող արդյունք ակնկալել։
Շինարարությունը պետք է վերահսկվի, չի կարելի անվերջ շինթույլտվություններ տալ, եղածն էլ պետք է վերահսկվի այնպես, ինչպես «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի օրենքն է պահանջում: Շինհրապարակները պետք է կահավորվեն, շենքերի ճակատները պետք է ծածկվեն փոշեպաշտպան ցանցերով, շինանյութ տեղափոխող մեքենաների թափքերը պետք է ծածկված լինեն, շինհրապարակից դուրս եկող մեքենաների անիվները պետք է լվացվեն, ինչպես հարկն է:
Այսինքն՝ մենք ունենք օրենքներով սահմանված կարգ, որն ամբողջ աշխարհում կիրառվում է, բայց ունենք տեսչական մարմնի կողմից 0,7 տոկոս կատարողական։ Հեղեղատարները պետք է բացել ու զանգվածային մաքրել, այսինքն՝ մենք խնդիրների փնջի մեջ նստած՝ Երևանի մասին երգեր ենք գրում, Երևանին ե՞րբ են այդ երգերը պետք գալու, քաղաքը շնչահեղձ է լինում, երևանցին մնացել է մեն-մենակ իր տասնյակ կոմունալ խնդիրների հետ։
Այս մարդիկ ուղղակի պետք է հասկանան ու հրաժարական տան՝ փրկելու Երևանն ու սեփական պատիվը, որովհետև այսօրվա քաղաքապետն ինձ համար մնալու է ծառերի սպանդ իրականացնող քաղաքապետ, որից հետո մասնագետները պետք է բոլոր փողոցներում ծառերը փոխարինեն, որովհետև այդ ծառատեսակները հարմար չեն Երևանի համար։
– Տիկի՛ն Վարդանյան, գուցե պետք է հանրային մեծ ճնշում, ընդվզո՞ւմ լինեն, որովհետև քաղաքային իշխանությունը չի կարծում, թե ինքը ձախողել է, դուք էլ ասացիք՝ հպարտորեն խոսում են հարկերի ավելացված մուտքերի մասին։
– Դուք իրավացի եք, ես ևս նույն կարծիքին եմ ու նաև տեսա արդյունքը, երբ քաղաքապետարանի մոտ 300 մարդ հավաքվեց, ու աղմկեցին ծառերի հատման պատճառով, այդ գործընթացը կասեցվեց։ Այո՛, պետք է լինի հանրային շատ մեծ ճնշում, որովհետև այս իշխանությունը, բացի դրանից, ոչնչից չի զգոնանում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am