«Ռուսաստանը չի սահմանափակվելու Լուգանսկի և Դոնեցկի «հարցը լուծելով», նրան պետք է ամբողջ Ուկրաինան իր ազդեցության գոտում պահել». Ռոբերտ Ղևոնդյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, մեր նախորդ զրույցի ժամանակ չբացառեցիք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը «եթե չկարողանա իրականացնել նպատակները, հնարավոր է նաև լայնածավալ պատերազմ տեղի ունենա»։ Այսօր արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում սկսել է իրականացնել հատուկ ռազմական գործողություն։ Դեպքերի ի՞նչ ընթացք եք կանխատեսում, որքա՞ն կարող են շարունակվել ռազմական գործողությունները։

– Դժվար է կանխատեսել, թե ինչքան կշարունակվի։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը չի սահմանափակվելու Լուգանսկի և Դոնեցկի «հարցը լուծելով», նրան պետք է ամբողջ Ուկրաինան իր ազդեցության գոտում պահել, և Ռուսաստանը որոշել է արմատապես լուծել այս հարցը, ինչի մասին վկայում են, օրինակ՝ Կիևի, Խարկովի ու Օդեսայի հրթիռակոծումներն այս պահին։

Տեսնենք, թե Կիևի արևմտյան դաշնակիցներն ինչքանով կկարողանան աջակցել, որպեսզի Ուկրաինան հնարավորություն ունենա դիմակայելու այս ագրեսիային, որովհետև սա իսկապես ագրեսիա է Ուկրաինայի նկատմամբ։ Այսինքն՝ Կիևի արևմտյան դաշնակիցների պատասխան քայլերից հետո նոր միայն հնարավոր կլինի հասկանալ, թե ինչքան կարող է տևել այս իրավիճակը։

– Իսկ, ըստ ձեզ՝ Արևմուտքը կգնա՞ լուրջ քայլերի։

– Դե, նայած թե լուրջ քայլեր ասելով՝ ինչ նկատի ունենք։ Օրինակ՝ սոցցանցերի արգելափակումը և տեղեկատվական աղբյուրներից Ռուսաստանի ու ռուսական գաղափարախոսների զրկումը բավականին լուրջ ազդեցություն է ունենալու իրադարձությունների ընթացքի վրա։ Տեսնենք, թե նման այլ ինչ միջոցներ նրանք կկարողանան մտածել, կկիրառե՞ն, թե՞ չեն կիրառի:

Իհարկե, անմիջական ռազմական բախում որևէ այլ պետության ներկայացուցչի մասնակցությամբ՝ բացառում եմ, բայց այն, որ ամեն կերպ կփորձեն աջակցել Ուկրաինային, կարծես թե իրատեսական է, ուղղակի անհրաժեշտ է հասկանալ այդ աջակցության հնարավոր ծավալները, նոր միայն կարելի կլինի գնահատել, թե մինչև երբ կշարունակվի այս ամենը։

– Պարո՛ն Ղևոնդյան, եթե բացառում եք անմիջական ռազմական բախումը երրորդ պետության ներկայացուցչի մասնակցությամբ, ապա, գնահատելով նաև Ռուսաստանի ռազմական կարողությունները, ինչ եք կարծում՝ Մոսկվային կհաջողվի՞ Ուկրաինայի հարցն հօգուտ իրեն հանգուցալուծել։

– Հնարավոր է հաջողվի, դա կախված կլինի նրանից, թե ինչքանով արևմտյան օգնությունը կկարողանա հասնել, ու արդյոք Ռուսաստանը կանխատեսե՞լ է և ունի՞ գործիքներ այդ միջոցների ազդեցությունը չեզոքացնելու։ Այսինքն՝ այստեղ հարցի լուծումը դրված է երկու հավասար հնարավորությամբ ելքերի վրա: Հնարավոր է, որ Մոսկվան հաջողի, հնարավոր է նաև, որ Ուկրաինան կարողանա դիմակայել այս ագրեսիային։

– Հայաստանի Հանրապետությունն այս իրավիճակում ի՞նչ պետք է անի, ի՞նչ արտաքին քաղաքականություն է պետք վարել։

– Հայաստանի հիմնական խնդիրը պետք է լինի ամեն կերպ չեզոքություն պահպանելը, որևէ կողմի նկատմամբ նույնիսկ բարյացակամություն չդրսևորելը։ Հայաստանը պետք է փորձի այս իրավիճակում չեզոքացնել Հայաստանի նկատմամբ ռիսկերը՝ առաջին հերթին տնտեսական, որոնք իրականում ահռելի են, թեև այս պահին դեռևս այդքան էլ տեսանելի չեն։

Պետք է կարողանա նաև օգտվել տարածաշրջանում ժամանակավորապես հաստատված հավասարակշռությունից, որպեսզի կարողանա դիրքերը փոքր-ինչ արագ վերականգնել պատերազմից հետո։

– Տնտեսական՝ նկատի ունեք Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցնե՞րը, որոնք այս կամ այն կերպ նաև ազդելու են Հայաստանի վրա, պարո՛ն Ղևոնդյան։

– Ոչ միայն դա, նաև Ուկրաինայի հետ կապված խնդիրները, որովհետև մենք բավական մեծ ապրանքաշրջանառություն ունենք ուղիղ Ուկրաինայի հետ, ինչպես նաև Ուկրաինայի միջոցով տարանցիկ փոխադրումները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am