«Մարտի 1»-ի գործը մտավ դատաքննության փուլ, ի՞նչ ակնկալել. Արա Ղարագյոզյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մարտի 1»-ի գործով տուժող Անդրանիկ Հարությունյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը

– Պարո՛ն Ղարագյոզյան, «Մարտի 1»-ի գործը մտավ դատաքննության փուլ, ի՞նչ ակնկալել այս գործընթացից։

– Մենք իրականում 1․5 տարի այդ մասին խոսել ենք և ակնկալում էինք, որ դատարանը պետք է ավելի շուտ այս քայլին գնար։ Իրականում չեմ հավատում, որ դատաքննության փուլին անցնելուց հետո ինչ-որ բան է փոխվելու։

Ինչպես մեղադրյալների պաշտպանների կողմից իրավունքը չարաշահվում էր, նույնկերպ կարող են շարունակել, օրինակ՝ նիստերի դահլիճը լքել։ Եվ այդկերպ դատական պրոցեսը կարող է խոչընդոտվել։

Մենք 1․5 տարի այդ ամենը տեսանք։ Ես բոյկոտել եմ, մոտ 2 ամիս դատական նիստերին չեմ մասնակցում, որովհետև ժամավաճառություն էր, նույն միջնորդությունը 10 անգամ տարբեր ձևով ներկայացնում են։ Դատարանն իրականում լիազորություն ուներ այդ ամենը դադարեցնելու։

Իհարկե կարևոր է պաշտպանական կողմի իրավունքը, բայց կարևոր է նաև տուժող կողմի իրավունքը, բայց այդ հավասար պայմանները մենք չունեինք։ Ակնկալիքներն այդքան մեծ չեն։

– Ինչո՞ւ։

– Ես գտնում եմ, որ մինչև այս դատաիրավական համակարգը չբարեփոխվի, վեթինգի չենթարկվի, որևէ դատավոր ի վիճակի չէ «Մարտի 1»-ի գործով բացահայտում կամ արդարադատություն իրականացնել։

Մենք տեսանք, թե այս վերջին շրջանում դատական համակարգն ինչպես էր ատամ ցույց տալիս իշխանություններին, նույն Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրողները չկալանավորվեցին։ Եվ բազմաթիվ այլ օրինակներ էլ կան։ 

Այս դատական համակարգով հնարավոր չէ «Մարտի 1»-ի կամ այլ գործ բացահայտել։

– Դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ կարծես քայլեր արվում են։

– Հատվածական բարեփոխումներ են արվում։ Հիշո՞ւմ եք՝ Ռուստամ Բադասյանն իրավապաշտպաններին անվանեց իրավունքի աղանդավորներ, երբ մենք հարցը բարձրացնում էինք, որ կարևոր են դատաիրավական բարեփոխումները։

Հիմա ինչ-որ հատվածական փոփոխություններ են կատարում, այս վերջին փոփոխությունն ընդհանրապես խնդրահարույց էր՝ ԲԴԽ-ին լիազորություն տալը։ Իրականում դրանք հատվածային բարեփոխումներ են, որոնք չեն արտացոլում ամբողջ դատական համակարգի բարեփոխումները։

– Մասնավորապես, ի՞նչ քայլեր պետք է արվեն «Մարտի 1»-ի գործի բացահայտման տեսանկյունից։

– Պետք է այն անել, որ մեղադրական եզրակացությունը պետք է հրապարակվի, և արդեն ապացույցներ հետազոտվեն, թե ինչպե՛ս են բանակը ներքաշել քաղաքականության մեջ, թե ինչպե՛ս են Ղարաբաղից զինվորներ եկել, ինչպե՛ս է զորքը «Մարիոթ» հյուրանոցում ու կառավարության շենքում տեղակայվել, թե ինչպե՛ս են զինվորականները գումարներ ստացել։

Այդ ամենն ապացույցներով պետք է ներկայացված լինեն։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող շատ բան ասել, բայց ապացույցներ կան, որոնք պետք է հրապարակվեն։

Իսկ պաշտպանական թևն ամեն ինչ անում է, որ այդ ապացույցները դատարանում չհրապարակվեն։ Եթե տուժող կողմը տեսնի, որ այլևս ժամավաճառություն չի լինելու դատարանում, պարտադիր գնալու է և նիստերին մասնակցելու է։

Ի վերջո, պետք է արձանագրենք հետևյալը. երբ 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, թեպետ ես չեմ գտնում, որ գործը դատարան ուղարկելը համարվում է «Մարտի 1»-ի բացահայտում, քանի որ այնտեղ շատ դերակատարներ կան, որոնք հիմա մեղադրյալի աթոռին չեն, բայց, այդուհանդերձ, սպասվում էր, որ «Մարտի 1»-ի և այլ գործեր պետք է բացահայտվեին։

Բայց մենք տեսանք, որ իշխանությունն ի զորու չեղավ այս 3 տարիների ընթացքում թե՛ դատաիրավական համակարգ փոխել, թե՛ դատախազական, թե՛ քննչական։

– Մարտի մեկի սպանությունները բացահայտե՞լն է այս գործի հիմքը։

– Իհարկե որևէ մեկին այսօր չի վերագրվում դա։ ՀՔԾ-ում գործ է քննվում, որի մասով ես տեղեկություն չունեմ, բայց փաստն այն է, որ գործն ամբողջ ծավալով բացահայտված չէ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am