Հայաստանում թոքի քաղցկեղից տարեկան 1.500 մահ է գրանցվում. ֆլեշմոբ՝ ընդդեմ ծխախոտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Factor.TV

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և գլոբալ գործընկերներն  ամեն տարի այս օրն իրականացվող քարոզարշավով հնարավորություն են տալիս բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը ծխախոտի և երկրորդային ծխի ազդեցության վնասակար ու կյանքի համար վտանգավոր հետևանքների մասին: Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա թեման «թոքերի առողջությունն է»։

ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի Եվրոպայի հրապարակում օրվա խորհրդին համահունչ ֆլեշմոբ էր կազմակերպել։ «Սա մի ֆլեշմոբ էր՝ նվիրված հենց թոքի քաղցկեղին, որովհետև այն ուղղակիորեն կապված է ծխախոտի օգտագործման հետ և 2019 թվականի  Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը նվիրված է թոքի  քաղցկեղին: Մեր մասնակիցները, հազալով,  ցույց են տալիս, թե ինչի է բերում ծխախոտի օգտագործումը: Ես նշեցի, թե ինչքան դեպք ենք ունենում և ինչքան մահեր՝ դրա պատճառով»,- նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում ծխախոտի ազդեցությամբ թոքի քաղցկեղից տարեկան 1.500 մահ է գրանցվում: Բացի այդ՝ ծխախոտը շնչառական քրոնիկ հիվանդություններ ու տուբերկուլյոզ է առաջացնում: Արսեն Թորոսյանի խոսքով՝ կարևոր է հատկապես երիտասարդների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը։

«Մենք  ի սկզբանե պետք է կանխարգելենք  դրա ներթափանցումը մեր հասարակության շրջանում, հատկապես՝ դեռահասների, ինչին ուղղված են ծխախոտային ինդուստրիայի մարքեթինգային քայլերը. իրենց համար ստանալ  նոր հաճախորդներ՝ անկախ նրանից, թե այդ հաճախորդները քանի տարի կապրեն և ինչ մահով կմահանան»,- ընդգծեց առողջապահության նախարարը։

2016-2017 թթ. Հայաստանում անցկացված հետազոտության տվյալներով՝ հանրապետությունում ծխում է տղամարդկանց 51.5%-ը և կանանց 1.8%-ը:
Մանրամասները այստեղ