«Հիմնական միջոցառումը ոգեկոչման արարողությունն է». Ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի այլ միջոցառումների մասին տեղեկություններ չկան

Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հիշատակի կազմակերպված միջոցառումներ, ամենայն հավանականությամբ, տեղի չեն ունենա: Համենայնդեպս, այդ նպատակով կառավարական հանձնաժողով ստեղծված չէ, իսկ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Մեդիալաբին» հայտնեցին, որ հիմնական միջոցառումը պաշտոնյաների կողմից Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցելն է:

«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կբարձրանա Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք կմատուցի։ Հիմնական միջոցառումը Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչման այդ արարողությունն է»,- «Մեդիալաբի» հարցին ի պատասխան ասաց Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը։

Նկատենք, որ 2020 թվականի ապրիլի 24-ին պետական բյուջեից 17 մլն դրամ գումար էր հատկացվել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակման միջոցառման կազմակերպման ծախսերն ապահովելու համար: Իսկ 2021-ի Ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների համար՝ 71 մլն դրամ։

Մասնավորապես, 2021-ին «Հիշատակի եռերգություն» խորագրով ծրագրի շրջանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվել էր  Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը ներկայացրել էր Մոցարտի Ռեքվիեմը: Իսկ ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես էին եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը: Համերգը վարչապետի հովանու ներքո էր:

Այս տարվա համար կառավարությունը լռում է: Մեր հարցին՝ նախատեսվա՞ծ են արդյոք այլ պետական մշակութային միջոցառումներ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ այդ ու այլ հարցերով լավ կլինի դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Անհասկանալի է՝ ինչու արտաքին գործերի նախարարություն, եթե երկրի ներսում պետական մակարդակով միջոցառումները կազմակերպվում են կառավարության կամ վարչապետի աշխատակազմի անմիջական կազմակերպմամբ կամ իմացությամբ:

Առայժմ հաղորդվել է միայն, որ ապրիլի 24-ին ժամը 08:30-22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով՝

Համար 1 երթուղի  – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան,
հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ.

Համար 2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան,
հետադարձը՝ նույն ուղեգծով:

Նշենք նաև, որ ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը, որին, ինչպես տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, կմասնակցի նաև Ռոբերտ Քոչարյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am