Ադրբեջանում ինտենսիվորեն շրջանառվում է, որ պատրաստվում են Արցախում գնալ «հակաահաբեկչական գործողության». Տաթևիկ Հայրապետյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու համար, ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու համար»: Ադրբեջանական կողմում խոսվո՞ւմ է այս ծրագրի մասին, ու ինչպե՞ս եք գնահատում իշխանության ղեկավարի կողմից նման հայտարարություն հնչեցնելը՝ հղում անելով հավաստի տեղեկություններին: 

– Ադրբեջանում, առնվազն հրապարակային մակարդակում, նման խոսակցություններ չկան, իրենք այլ թեմա են ինտենսիվորեն շրջանառում, որ պատրաստվում են Արցախում գնալ «հակաահաբեկչական գործողության», այսինքն՝ ռազմական գործողությունների, այդ թեման են շատ ինտենսիվ քննարկում ու արդեն բավականին տևական ժամանակ: 

Բացի այդ՝ իրենք նշում են հստակ ժամկետներ, ու այդ առումով թիրախավորում են նաև բուն Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ նշում են, որ Հայաստանի դեմ էլ կարող են հնարավոր գործողություններ լինել, ու եթե ուշադրություն դարձնեք այդ ապատեղեկատվությանը, որը շարունակաբար տարածվում է, ապա կտեսնեք, որ այդ միտումը կա: Իրենք առնվազն ինչ-որ «հիմքեր» են նախապատրաստում ու, ըստ աշխարհաքաղաքական իրավիճակի, կհասկանան՝ կարո՞ղ են գնալ այդ գործողություններին, թե՞ չէ: 

Չգիտեմ՝ թե ո՛րն է Նիկոլ Փաշինյանի հավաստի աղբյուրը, բայց կարող եմ ասել, որ այնպես չէ, որ նման պլանը բացառված է: Ժամանակին, նաև ձեզ հետ զրույցներում, նշել եմ, որ Ադրբեջանը փորձում է Արցախում այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ ցանկանան այնտեղից դուրս գալ, այսինքն՝ ինքը ստեղծում է կյանքի համար անհամատեղելի պայմաններ, բայց այստեղ մի նրբություն կա. Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո Արցախում էլ հասկացան, որ եթե անգամ Ադրբեջանի ղեկավարն ասի, չնայած վաղուց են հայտարարել, որ ճանապարհը ելքի համար բաց է, միևնույն է, այդ առևանգումը ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ անվտանգ չի անցնի: 

– Փաշինյանը նաև նշել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկ են ներկայացրել Ադրբեջանին, դրան արձագանքեց Բայրամովը: Այս իրավիճակում, երբ Փաշինյանն արձանագրում է, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտում է իրականացնում, որքանո՞վ է տեղին խոսել Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին:

– Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ Ադրբեջանն ընդամենը օգտագործում է գործընթացը, իրականում Ալիևը շահագրգռված չէ, առնվազն այս փուլում, որևէ բան ստորագրելու, որովհետև, ինչպես իրենք են պարզ տեքստով ասում, իրենք փոխում են իրողություններ գետնի վրա ու հետո դա պարտադրում բանակցային սեղանի շուրջ: 

Հիմա նույն Նիկոլ Փաշինյանը առանց որևէ բան ստանալու գնաց ու Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, առնվազն քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ, բայց դրանից հետո գեթ մեկ անգամ տեղի չի ունեցել Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմներով: Հետո Ադրբեջանը տեղադրեց հսկիչ անցակետ, այնուհետև տոտալ շրջափակման է մատնել Արցախը՝ կանգնեցնելով սովի բավական իրական վտանգի առաջ: 

Այս ամենը ցույց է տալիս, որ հայկական կողմի որդեգրած քաղաքականությունը սխալ է, ու ինչպես մեր հարևան իրանցիներն են ասում՝ շաքար-շաքար ասելով՝ բերանը չի քաղցրանում: Հիմա նույնն է, որքան հաճախ նա կրկնի «խաղաղություն» բառը, դրանից խաղաղությունը չի մոտենում, ընդհակառակը՝ իրողություններն ամբողջությամբ հակառակի մասին են փաստում: 

Այսօր թիրախում են Կապանի օդանավակայանը, Սյունիքի մարզը, ու Ադրբեջանն առավոտից երեկո Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է որպես Ադրբեջանի տարածք, փոխում են տեղանունները, ու սա ամենևին էլ քարոզչություն չէ, սա որպես ծրագիր է, ու իրենք դա մտցնում են մարդկանց ուղեղները, ուստի ինչ էլ ստորագրվի-չստորագրվի, միևնույն է, մենք խաղաղություն չենք ունենա առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չենք կանխել հակառակորդի մտադրությունը: Խաղաղության պայմանագրի հետ կապված ֆարսը ինչ-որ պահի պայթելու է, ու հենց հիմա մենք դրա ականատեսն ենք բուն Արցախում: 

– Տիկի՛ն Հայրապետյան, եթե Ադրբեջանն ինչ-որ պահի իրականացնի Լաչինի միջանցքի միակողմանի բացում, դրա դեմ ինչպե՞ս պետք է պայքարի հայկական կողմը:

– Որևէ լծակ չունի, ինչպե՞ս պետք է պայքարի: Նույն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում եղավ, որն ավարտվեց ընդամենը հումանիտար խնդիրների մասին խոսքով, այնտեղ նույնիսկ քաղաքական կարևոր շեշտադրումներ չեղան: 

Հայաստանն այս պահին որևէ լծակ չունի, նույն միջազգայինների խոսույթն է շատ թերի: Լավագույն դեպքում մի քանի կոչեր կպոկեն ու վերջ, այլ տարբերակ չեմ տեսնում, որովհետև հայկական կողմն այլ լծակներ չի բանեցնում, դրա համար էլ այդ ուղերձները տեղ չեն հասնում: 

Նույն Փաշինյանի քաղաքական թիմն ու մյուսները, որոնք ժամանակին ասում էին՝ միջազգայիններն ասում են՝ նշաձող իջեցրեք կամ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում, ու կոնսոլիդացիա կլինի, դե թող հիմա գնան ու նույն այդ միջազգայիններից պահանջեն այդ բացառիկ կոնսոլիդացիան ու գործողությունները:

Բոլոր միջնորդները, որոնք սեղաններ են տրամադրել կողմերին, կրում են պատասխանատվություն այսօրվա իրավիճակի համար, որովհետև իրենց անգործությունը արձակել է Բաքվի ձեռքերը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am