Բաքուն ստացել է Երևանի նոր առաջարկները․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ. Factor

Այս պահին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպման ժամկետի մասին տեղեկություն չկա։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները շարունակվում են, հիշեցրել է ադրբեջանական ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

«Գործընթացը շարունակվում է։ Այս հարցին օգոստոսի 24-ին անդրադարձել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ ասուլիսում։ Հաջորդ հանդիպումների ժամկետների մասին (Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև) դեռևս տեղեկություններ չկան»,- նշել է Հաջիզադեն։

Ադրբեջանցի դիվանագետը հաստատել է, որ Երևանը նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որի մասին նախօրեին հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։