Moderna ընկերությունը հայտարարել է ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների մեկնարկի մասին

Ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը, որի համահիմնադիրը և գլխավոր տնօրենը գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է, հայտարարել է ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների մեկնարկի մասին: Փորձարկումները կսկսվեն օգոստոսի 19-ին և կավարտվեն 2023 թվականի գարնանը, գրում է Newsweek-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) հրապարակած տեղեկատվությունը:

Factor.am-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է նաև, որ ՄԻԱՎ -ի պատվաստանյութը հիմնված է mRNA-ի վրա, ճիշտ այնպես, ինչպես կորոնավիրուսային պատվաստանյութը: Դեղագործական հսկան իր զինանոցում ունի ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի երկու տարբերակ` mRNA-1644 և mRNA-1644v2-Core: Moderna- ն պնդում է, որ երկու պատվաստանյութերն էլ մարդկանց վրա փորձարկվելուց առաջ անցել են փորձարկման բոլոր անհրաժեշտ փուլերը:

Նախատեսվում է, որ հետազոտությանը կմասնակցի 18-ից 56 տարեկան 56 մարդ, ովքեր ՄԻԱՎ-ով վարակված չեն: Մինչ այժմ, ՄԻԱՎ-ի դեմ ստեղծված պատվաստանյութերի փորձարկումները հաջող չեն եղել, դրանք կա՛մ անարդյունավետ են եղել, կա՛մ ոչ անվտանգ: