Քաղաքացին 5000 դրամ ակտի համար չի պատրաստվում ևս 4000 դրամ տուրք վճարել, փոփոխությունը գաղտագողի է անցկացվել. «Վարորդի ընկեր», Տիգրան Քեյան

«Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացման դեմ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը օրինական ճանապարհով պայքար է մղելու։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից այս նախագիծը հաստատելուն։ Ըստ այդմ, հիշեցնենք, ճանապարհային ոստիկանության որոշումները դատական կարգով բողոքարկելու համար քաղաքացիները պետք է պետական տուրք վճարեն։

«Այս օրենքը հակասահմանադրական կհամարվի։ Մարդկանց համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն, որպեսզի բոլոր քաղաքացիներն իրավունք ունենան իրենց իրավունքները դատական համակարգով պաշտպանելու, ինչն ի սկզբանե ամրագրվել էր «Պետական տուրքի մասին» օրենքով»,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Քեյանը։

Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ի կողմից ընդունվեց դեկտեմբերի 9-ին՝ երթևեկության բարելավմանն ուղղված բալային համակարգի ներդրման վերաբերյալ օրենքի նախագծի հետ միասին՝ փաթեթով։ Պատգամավորներից ոմանք կարծում են, որ այսպիսով կառավարությունը ծածուկ անցկացրեց այս փոփոխությունը, որպեսզի վարորդները մեծ աղմուկ չբարձրացնեն։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի… Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների:

Այսինքն` այսուհետ, հարգելի քաղաքացիներ, ՃՈ որոշումները բողոքարկելու համար դուք պիտի վճարեք պետական տուրք: Կարճ ասած` ամեն ինչ անում են, որ դուք չբողոքարկեք: ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի։ Ես դեմ եմ քվեարկել»:

Տիգրան Քեյանը ևս կարծում է, որ այս փոփոխությունը ծածուկ ու գաղտագողի է անցկացվել։ Ըստ նրա՝ սա հակասահմանադրական փոփոխություն է ու խախտում է հասարակության մի մասի իրավունքները։ 

«Մենք ասում ենք՝ մեր դատական համակարգը մինչ օրս լավը չէ, Սահմանադրական դատարանը լավը չէ, անվստահություն ենք հայտնում դատական իշխանությանը։ Եվ հիմա մեզ ասում են՝ 4000 դրամ վճարեք, որ ձեր իրավունքները պաշտպանեք ձեր վստահությունը չվայելող դատարաններում։ Դուք ի՞նչ եք կարծում՝ քաղաքացին կգնա՞ այդ բողոքարկմանը, եթե չի վստահում դատական համակարգին։ Չի գնա, քանի որ ինքը 5000 դրամ ակտի համար չի պատրաստվում ևս 4000 դրամ պետական տուրք վճարել»,- ասում է Տիգրան Քեյանը։ Նրա խոսքով՝ շատերը մեկնաբանում են այսպես՝ եթե հաղթեք դատարանում, այդ 4000 դրամը հետ եք ստանալու, բայց հարցն այն է, որ մարդը չի վստահում դատական համակարգին ու չգիտի՝ կհաղթի՞, թե՞ ոչ։

Այս փոփոխության ընդունման հիմնավորումներից մեկն այն է, որ դատարանները ծանրաբեռնված են նման գործերով, նպատակ կա այդ բեռը թեթևացնելու։ Տիգրան Քեյանն ասում է, որ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար պետք է կանխարգելիչ քայլեր անել, ոչ թե քաղաքացիներին խրախուսել, որ խախտում անեն, հետո բողոքարկեն։ 

«Պետք է կանխարգելիչ գործողություններ անեն, որոնց ուղղությամբ մենք իրենց մի շարք ճանապարհներ ցույց ենք տվել։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես պետք է անցկացվեն վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունները, թե հասարակությանը ոնց կարելի է կրթել, դպրոցներում համապատասխան դասաժամեր ներդնել, երթևեկության կանոններ անցնել։ Այսինքն՝ կառավարությունը պետք է սոցիալական ծրագրեր իրականացնի, որպեսզի երթևեկության վիճակը բարելավվի»,- նշում է նա։

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրն ասում է, որ աշխատում են իրավական հիմքերի վրա, որպեսզի իրենց հետագա քայլերն անեն։ Նա հիշեցնում է, որ նախորդ իշխանությունների օրոք նախադեպ է գրանցվել ՍԴ-ում՝ հակասահմանադրական է ճանաչվել այն դրույթը, որով փորձում էին կանխել քաղաքացիների բողոքը վերաքննիչ դատարանում։ 

«Մենք չէինք մտածում, որ նոր իշխանության օրոք նորից նման խնդրի առաջ ենք կանգնելու։ Մենք հիմա նորից նոր իրավական հիմքեր ենք փնտրում, որ նշված խնդրով զբաղվենք։ Այս օրենքը դեռ նախագահը չի ստորագրել։ Կարծում ենք՝ նախագահը կտեսնի մեր բողոքները, չի ստորագրի, և մենք այլևս այլ ատյաններում հանդես չենք գա այս օրենքի՝ ոչ իրավաչափ լինելու համար»,- հավելում է Քեյանը։

Անդրադառնալով ճանապարհային ոստիկանության կողմից վարորդների նկատմամբ տուգանքների նշանակմանը՝ Տիգրան Քեյանն ասում է, որ վերջին տարիներին տարեկան ակտերի նվազման միտում չկա։

«Փորձը ցույց է տալիս, որ արդեն 7 տարի է՝ տուգանքի ինստիտուտը չի աշխատում։ Եթե նրանք պատժելով կարողանային երթևեկություն կարգավորել, ես շատ ուրախ կլինեի։ Բայց իրավիճակը չի փոխվում, երթևեկության վիճակը գնալով վատանում է։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ այս մեթոդը չի աշխատում, տուգանքներով մենք չենք կարող գալ հասնել անվտանգ երթևեկության, պետք է այլ միջոցներ ձեռնարկել»,- ասում է նա։ 

Իսկ այլ միջոցը, հավելում է Քեյանը, դատարանների մուտքերը փակելով կամ քաղաքացիների համար բողոքարկումը սահմանափակելով չէ։ 

«Դե դրեք բոլոր վարչական իրավախախտումների մասով պետական տուրք սահմանեք, ինչո՞ւ եք միայն ճանապարհային ոստիկանության տուգանքների համար սահմանում։ Դատարանները բոլոր գործերով են ծանրաբեռնված, ոչ թե միայն ՃՈ ակտերի գործով»,- ասում է նա։

Տիգրան Քեյանի խոսքով՝ ՃՈ-ի կազմած ակտերի չնչին տոկոսն են այսօր քաղաքացիները դատական կարգով բողոքարկում, այսինքն՝ այդ գործերի թիվը մեծ չէ։ Ըստ նրա՝ հաշվարկները ցույց են տալիս, որ բողոքների քանակն ընդհանուր ակտերի 0.5 տոկոսն է կազմում։

Քեյանի խոսքով՝ երթևեկության խնդիրներին համալիր լուծում պետք է տալ՝ կառավարության, քաղաքային իշխանության, պատգամավորների, իրավասու այլ մարմինների համատեղ աշխատանքով։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am