Այն, ինչ մասին հիմա խոսում ենք, ոչ մի սահմանազատման, ոչ մի քարտեզագրական նորմի մեջ չի տեղավորվում. Շահեն Շահինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը

– Պարո՛ն Շահինյան, իշխանության ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում են, թե այն «ոչ անկլավային» գյուղերը, որոնք «անհապաղ վերադարձնելու» պահանջ էր ներկայացրել Ադրբեջանը, Հայաստանին չեն պատկանում, ու իրենք Հայաստանից ոչ մի տարածք չեն տալիս Ադրբեջանին։ Կա՞ որևէ ճանաչված փաստաթուղթ, որևէ քարտեզ, որ ապացուցում է, թե այդ տարածքներն իսկապես Հայաստանին չեն պատկանում։

– Մենք ընտրել ենք շատ սխալ գործելաոճ, փորձելով ապացուցել այն, ինչ Ադրբեջանն ուզում է, սահմանների ճշտումն այդպես չի կատարվում։ Ընդհանրապես, եթե մենք մինչ օրս ունենայինք Ադրբեջանի հետ համաձայնություն, թե սահմանազատումն ու պետությունների միջև սահմանն ի՛նչ սկզբունքով ենք որոշելու, այս հարցը չէր առաջանա՝ տվյալ գյուղերը գտնվում են Հայաստանի՞ տարածքում, թե՞ Ադրբեջանի։ Երբ Ադրբեջանը հայտարարում է, թե այս գյուղերն իմն են, ապա պետք է հիմնավորի, թե ինչո՛ւ են իրենը, հստակ հիմնավորում է անհրաժեշտ։ 

Ունենք հետևյալ պարադոքսալ իրավիճակը, երբ Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ պետք է սահմանազատման գնալ Խորհրդային Միության վարչատարածքային բաժանման քարտեզներով, որն իրենից ենթադրում է հենց Ալմա Աթայի հռչակագիրը, ու ի հավելումն դրան ասում է, որ սահմանազատման համար պետք է կիրառվեն Խորհրդային Միության գոյության վերջին քարտեզները, որի մասին Ալմա Աթայում ընդհանրապես խոսակցություն չի եղել։ 

Հիմա, եթե Ադրբեջանը ճանաչեր այս սկզբունքը, ապա կարելի կլիներ ասել, որ համաձայն 1970-ական թվականների քարտեզների, այդ չորս բնակավայրերի տարածքներն Ադրբեջանինն են, բայց միևնույն ժամանակ դրանց տարածքը մի քանի անգամ գերազանցող հողակտորներ հենց Տավուշի մարզում Ադրբեջանի վերահսկողության տակ են, որոնք Հայաստանինն են։ 

Ինձ համար այստեղ անհասկանալին ու անընդունելին այն է, որ մենք խոսում ենք միմիայն այն տարածքների մասին, որոնք պետք է տանք Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի քառակուսի կիլոմետր ազատել։ Այն պնդումը, որ բնակավայրի տարածքն առավել կարևոր է, քան բնակավայրին հարող տարածքը, վերջին աստիճանի ապուշություն է։

– Եթե չեք ուզում, ինչպես ասում եք, զբաղվենք Ադրբեջանի ասածները հաստատելով կամ հերքելով, ապա հարցս հետևյալ կերպ հնչեցնեմ. կա՞ քարտեզ կամ փաստաթուղթ, որն ապացուցի ՀՀ գործող իշխանության իրավացիությունը այդ չորս գյուղի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների մասով։

– Իմ պատասխանը չի փոխվելու։ Եվս մեկ անգամ կրկնեմ. եթե դու ունես՝ պայմանական, 500 կիլոմետր չսահմանազատված սահման, ու քեզ ասում են, որ այս 500 կիլոմետրից 3 կիլոմետրի վերաբերյալ կա հստակ պատկերացում, որքան էլ այդ պատկերացումը ճիշտ լինի, պետք է դա դիտարկվի ամբողջ համատեքստում։ 

Ադրբեջանը մոտ 2-3 ամիս առաջ հայտարարեց, որ առաջարկել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզի, իրենց ասած՝ Ղազախի շրջանի հատվածից: Դա ընդունելի կլիներ, եթե սահմանազատվեր ոչ միայն այդ չորս գյուղերին հարող հատվածները, այլև ամբողջ Տավուշի սահմանը։ Այս դեպքում կստացվեր, որ կան հողեր, որոնք մեր հսկողության տակ են ու պետք է փոխանցվեն Ադրբեջանին, և կան հողեր, որ պետք է փոխանցվեն Հայաստանին, քանի որ Ադրբեջանի հսկողության տակ են։ 

Ինձ համար պարադոքսալն այն է, որ մեր հիշողությունն այն աստիճանի կարճ է, որ մոռանում ենք ընդամենը 2-3 տարի առաջ տեղի ունեցածը։ Երբ կնքվեց 2020 թվականի զինադադարը, այդ ժամանակ, կարծեմ դեկտեմբեր ամիսն էր, որ հայկական զորքերը պետք է հետ քաշվեին Միջնավանի ու Կովսականի, այսպես կոչված Կուբաթլուի ու Զանգելանի տարածքներից, քանի որ դրանք ադրբեջանական են, իբրև թե Ադրբեջանն ու ռուսական կողմը հաստատել էին, որ դա այդպես է, ու իբրև թե կար մի սահմանագիծ, որից այս կողմ Ադրբեջանը չպետք է անցներ, իսկ ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Ձմռանը մենք զիջեցինք այդ տարածքները, գարնանը Ադրբեջանը զբաղեցրեց այդ սահմանագծի բարձունքները ու 2021-ին հարձակվեց Հայաստանի վրա։ 

Եթե մենք գնանք այս նույն սցենարով՝ անկախ նրանից, մենք այս տարածքները հիմա զիջենք, թե հետո, Ադրբեջանը դրանից հետո հարձակվելու է Տավուշի բնակչության վրա։ Պետք է քննարկել ոչ թե այդ տարածքներն Ադրբեջանի՞նն են, թե՞ չէ, այլ այն, թե Ադրբեջանն այդ տարածքներն ուզում է սահմանազատման գործընթացի՞ շրջանակներում, թե՞ ագրեսիայի։ 

Այն, ինչ մասին մենք հիմա խոսում ենք, ոչ մի սահմանազատման, ոչ մի քարտեզագրական նորմի մեջ չի տեղավորվում, մենք այս պահին խոսում ենք ուղիղ ագրեսիայի մասին։ Իսկ եթե միջազգային որևէ կառույց ունի այն պատկերացումը, թե Հայաստանը զավթել է Ադրբեջանից ինչ-որ տարածք, ապա դա մեր դիվանագիտական պարտությունն է, որովհետև այնպիսի սխալ քաղաքականություն ենք վարել, որ աչքաթող է արվել այն փաստը, որ մեր վերահսկողության տակ՝ համաձայն 1970-ական թվականների քարտեզների, կա մի քանի հարյուր անգամ պակաս տարածք, քան Ադրբեջանի վերահսկողության տակ է։ 

Եթե այս պահին չկա որևէ քարտեզ, որով Ադրբեջանը համաձայնի մեզ հետ սահմանազատման ու սահմանների ճանաչման, այդ ինչպե՞ս ենք մենք այդ չորս գյուղը ճանաչում ադրբեջանական, սա ապագիտական մոտեցում է։

– Ստացվում է, որ մենք հիմա գործ ունենք ոչ թե սահմանազատման գործընթացի, այլ կրկին միակողմանի զիջման հե՞տ, պարո՛ն Շահինյան։

– Ագրեսիայի հետ, ագրեսիան պետք չէ դիտարկել միայն քեզ վրա կրակելը, ագրեսիան նաև լինում է հիբրիդային ճնշումների տեսքով, ու այս պահին մենք ենթարկվում ենք Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ 

Հատկանշականն այն է, որ անգամ մեր պաշտոնյաները, որոնք այս գործընթացից շատ թե քիչ պետք է տեղյակ լինեն, հստակ նշում են, որ եթե չտանք՝ հարձակվելու են, եթե տանք էլ՝ չհարձակվելու երաշխիք չկա, այդ դեպքում ինչո՞ւ ենք տալիս։ Ինչո՞ւ չենք պատրաստվում պաշտպանության։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am