Արթիկում «Երիտասարդների տուն» կհիմնվի․ հուշագիր է ստորագրվել 

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Արթիկում «Երիտասարդների տուն» հիմնելու վերաբերյալ։

«Երիտասարդների տուն» – ը կբացվի 2023 թվականի վերջին՝ Արգենտինայի հայ համայնքի աջակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և մի շարք ծառայություններ կտրամադրի մոտ 500-700 երեխաների և դեռահասների, այդ թվում՝ արտադպրոցական կրթություն, կարիերայի վերաբերյալ խորհրդատվություն և ծանոթություններ` անհատական և խմբային աշխատանքների, վերապատրաստումների (թրենինգների), էքսկուրսիաների, համայնքային միջոցառումների և ճանաչողական այցերի միջոցով։

«Այս «Երիտասարդների տան» ստեղծման միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի Արթիկի և հարակից համայնքների դեռահասներին և երիտասարդներին՝ օգտվելու ոչ ֆորմալ կրթությունից, զարգացնելու կյանքի հմտություններ և խթանելու իրենց ներուժը քաղաքացիական ներգրավվածության, նորարարության և ձեռներեցության ոլորտում: Այս «Երիտասարդների տունը» բազմաթիվ գործընկերների համագործակցության կարևոր օրինակ է՝ տեղական ինքնակառավարման մարմիններից մինչև Սփյուռք և քաղաքացիական հասարակություն՝ միտված ստեղծելու որակյալ համայնքահեն ծառայություն դեռահասների համար», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Արթիկի համայնքապետարանն ընտրել և հատկացրել է «Երիտասարդների տան» տարածքը, ինչպես նաև հանձն է առել ներդրումներ կատարել վերանորոգման աշխատանքներում։ 2024 թվականի հունվարից համայնքապետարանը կհոգա նաև կառույցի հետ կապված ծախսերը՝ որպես համայնքային ծառայություն, այդ թվում՝ անձնակազմի և կոմունալ ծառայությունները:

«Արթիկցի երիտասարդները մեծ ներուժ ունեն համայնքի ակտիվ անդամ դառնալու և իրենց երկրի զարգացմանը նպաստելու համար։ Նրանցից ոմանք արդեն ավագանու անդամ են։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս դեռահասների առողջ զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան օգտագործել իրենց ողջ ներուժը և այս «Երիտասարդների տան» միջոցով պատրաստ ենք հետագայում ևս աջակցել նրանց»,- նշել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կվերանորոգեն և կկահավորեն «Երիտասարդների տունը», ինչպես նաև կտրամադրեն տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված պարագաներ, զարգացնող խաղեր, կրթական, տեղեկատվական և ժամանցային նյութեր: Նոր աաշխատողների աշխատանքի ընդունելուց հետո, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՆԿ ՀԿ-ն նրանց կտրամադրեն նաև դեռահասների զարգացման, դեռահասների և երիտասարդների հետ աշխատելու սկզբունքների և երեխակենտրոն ծառայությունների մատուցման վերաբերյալ դասընթացներ: ԵՆԿ ՀԿ-ն հետագայում կաջակցի նաև տան գործունեությանը՝ օգնելով համայնքին մատուցել համայնքահեն և երիտասարդակենտրոն ծառայություններ:

«Լիահույս ենք, որ «Երիտասարդների տունը» հարթակ կդառնա Արթիկի երիտասարդների համար` իրենց համայնքի զարգացման գործում բովանդակալից մասնակցություն ունենալու, ինչպես նաև իրենց տեսակետներն ու կարծիքները բարձրաձայնելու համար: Մենք կաջակցենք նրանց ձեռք բերել կիրառելի հմտություններ, ներկայացնել իրենց փորձը, լուծումներ առաջարկել և համատեղ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն նրանց սահուն անցում կատարել դեպի չափահասություն ու աշխատաշուկա», – նշել է ԵՆԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

Երիտասարդների տունը» կստեղծվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների համար անվտանգ տարածքների հայեցակարգի հիման վրա, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում՝ պատրաստ կլինի ծառայել որպես անվտանգ երեխայակենտրոն վայր, որտեղ երեխաները, դեռահասները և երիտասարդները կարող են ստանալ հոգեբանական աջակցություն և այլ ծառայություններ։

«Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում արգենտինահայ համայնքին՝ Արթիկի երեխաներին և դեռահասներին ուղղված այս ծրագրին աջակցելու համար։ Մենք նաև շնորհակալ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արգենտինայի և Հայաստանի գրասենյակներին համատեղ աշխատանքի համար։

Անհամբեր սպասում ենք մեր համատեղ նպատակների իրականացմանը՝ առաջնահերթություն համարելով Հայաստանում երեխաների և դեռահասների խաղաղ և բազմարդյուն ապագան», – նշել է Արգենտինայում «Հայաստան» հիմնադրամի ղեկավար Ալեքս Կալպակյանը: