Ալեն Սիմոնյանն ընդունել է Ուրուգվայի ԱԳ նախարարին

Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացումը եւ ամրապնդումը: «Անկախ այն փաստից, որ Հայաստանին եւ Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորությունը, դրանից մեր երկրների եւ ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն տուժել»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Խոսելով հայ-ուրուգվայական միջպետական կապերի մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ծավալել փոխշահավետ համագործակցություն. «Մեր երկրների միջեւ բարեկամությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության եւ փոխաջակցության վրա»:

Ալեն Սիմոնյանը գոհունակություն հայտնեց 2019-ին Երեւանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, ինչը կարեւոր խթան է երկկողմ փոխգործակցության համար: ԱԺ նախագահը նաեւ ողջունեց առաջիկայում Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան բացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուրուգվայի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Հյուրը խոսեց երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ բարեկամական խմբերի միջեւ համագործակցությանը: Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում կստեղծվի Ուրուգվայի հետ ներկայացուցչական կազմով բարեկամական խումբ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը փաստեց. «Հայաստանում բոլորը գիտեն, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է»: Այս համատեքստում Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն տեղեկացրեց, որ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ եւ հույս: «Ցավ, որին ողջ պատմության ընթացքում առերեսվել է հայ ժողովուրդը, բայց հույս՝ հետագա հրաշալի ապագայի համար, որը սպասում է հայ ժողովրդին»,-հավելեց հյուրը:

Կողմերը խոսեցին նաեւ Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի մասին՝ ընդգծելով նրա դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում: