Երկակի ստանդարտներ․ Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ փոխվարչապետի խորհրդականին՝ ոչ․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նախորդ շաբաթ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ձերբակալման մասին, ինչպես նշել եմ, ավելացնելու բան չունեմ` խնդիրն արդեն իրավական հարթությունում է։

Բայց միևնույն ժամանակ, ԱԱԾ տարածած հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ մեղադրանքը նաև ենթադրում է, թե Վահագն Վերմիշյանը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռությունից ելնելով…, կաշառք ստանալու դիմաց 2019թ. ընթացքում մի շարք շինարարների կամ կառուցապատողների օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը…

Նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող կազմակերպություն և, նյութական առավելություն ստանալու նպատակով, իրեն դիմածներին ուղղորդել է գործարքներ կատարել այդ ընկերության հետ, միջոցներ է ձեռնարկել, որ պետական և տեղական մարմինները բարենպաստ որոշումներ կայացնեն այդ հարցերով: (Հաղորդագրության հղումը՝ ներքևում։)

Փաստորեն, երկակի ստանդարտները դեռ շարունակվում են մեր իրականությունում ու Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մեկ այլ գրեթե նույնական իրավիճակում հայտնված չինովնիկի՝ ոչ։

Հիմա նկարագրեմ այդ իրավիճակը. փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը համակարգում է խոշոր ներդրումային ծրագրերը, իսկ նույն փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբայրը (իմ կարծիքով հենց ինքը՝ նույն խորհրդականը) իմ ունեցած տեղեկություններով, նախագծում է այս պահին ամենախոշոր ներդրողներից մեկի՝ Վարդան Սերմաքեշի ամենախոշոր նախագիծը։

Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի անկախության շրջանի միակ նոր քաղաքի նախագիծը վստահվել է փոխվարչապետի խորհրդականի եղբոր 2019-ի մայիսին հիմնադրած ընկերությանը, որն ի դեպ, իմ ունեցած տեղեկություններով, քաղաքներ նախագծելու ո՛չ իրավունք (արտոնագիր կամ լիցենզիա) ունի, ո՛չ էլ փորձ։

Այս ամենից հետո հիացնում է ինքնավստահությունը, որ մի հատ էլ ինձ դատի են տալիս “զրպարտելու” համար։ Իշխանության համար մի օրվա գործ է՝ բացահայտել հեռախոսային խոսակցություններն ու բոլոր կապերը, բայց երևի այլ պատճառներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք»։