Նմանատիպ օպերատիվ գործողությունները չպետք է կատարվեն դպրոցի տարածքում. Իրավապաշտպանը՝ ԱԱԾ գործողությունների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, օրերս ԱԱԾ-ի կողմից Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում իրականացրած գործողությունների բուռն քննարկումների առիթ հանդիսացան:  Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հաշվի առնվել են երեխաների իրավունքներ: 

– Ելնելով այն խնդրից, որը տեղի է ունեցել կոնկրետ դպրոցում, ու դիտարկելով նաև զուտ ձերբակալության հետ կապված գործընթացը, հստակորեն կարելի է ասել, որ հաշվի չեն առնվել երեխաների իրավունքները, որ երեխաները գտնվում են դպրոցում, խոցելի վիճակում, որևէ կերպ չի նախազգուշացվել՝ երեխաները դուրս գան, դուրս չգան դասարանից, ինչ կկատարվի, այսինքն՝ այդ զուտ ակտը կարող էր դիտարկվել և՛ ահաբեկչություն, և՛ ցանկացած տիպի այլ գործողություն, որը երեխաների շահերից չի բխում։

Այդ պարագայում, իհարկե, իրավապահ համակարգը պետք է գործեր ավելի երեխայակենտրոն, հաշվի առնելով երեխաների լավագույն շահը, այո՛, ցանկացած նմանատիպ տեղեկություն ստանալու ու դույզն-ինչ կասկած ունենալու պարագայում պետք է բազմակողմանի, օբյեկտիվ քննություն իրականացվի, բայց հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մենք գործ ունենք երեխաների իրավունքների պաշտպանության, խոցելիության, դպրոցում գտնվելու ապահովության զգացման իրավունքից ևս պետք է ելնենք ու գործենք երեխաների շահերից ելնելով։ 

Նմանատիպ օպերատիվ գործողությունները հնարավորինս չպետք է կատարվեն դպրոցի տարածքում։ Այս դեպքում իրավապահ համակարգը գործել է նաև ոչ երեխայակենտրոն՝ ելնելով զուտ իր գործողությունների կատարման կարևորությունից՝ հաշվի չառնելով երեխաների շահերը։ Երեխաների շահերն ակնհայտ ոտնահարվել են, երեխաների իրավունքների պաշտպանությանը միտված գործողություն է կատարվել, բայց մյուս կողմից՝ զուտ այդ գործողության ձևը ոտնահարում է երեխաների շահերը։

– Բուն երևույթի հետ կապված մեր հասարակության արձագանքն ինչպե՞ս եք գնահատում, որովհետև հնչեցին հակասական մեկնաբանություններ։

– Մենք պետք է հստակորեն հասկանանք խորքային երևույթը, թե ինչ է իրենից ներկայացնում երեխաների նկատմամբ սեռական տարբեր տիպի գործողություններ ու նրանց անձեռնմխելիության իրավունքի խախտում։ Այս ամենի վերաբերյալ հասարակության գիտակցության բարձրացումը ամենաառաջնայինն է, երբ մենք խոսում էինք երեխաների սեռական կրթության, դպրոցում դասընթացների ներդրման մասին, որպեսզի երեխաները ճանաչեն երևույթը, կարողանան տարբերակել, ու հստակ արձագանքման ու բարձրաձայնման, ազդարարման մեխանիզմներ ներդրվեն, դրա դեմ հասարակությունը կատաղի կերպով ելույթներ էր ունենում, պայքարում էր։ 

Մինչև այժմ էլ, վստահ եմ, ծնողական խմբերը կունենան առարկություններ երեխաներին այդ գիտելիքները տալու ուղղությամբ։ Բայց այսօրվա դրությամբ նմանատիպ դեպքերի բացահայտման ծիրում, առաջին հարցը, որ պետք է բարձրաձայնվի, երեխաների գրագիտության, խնդրի ճանաչման ու հասցեական ազդարարման աջակցություն ստանալու հնարավորությունների խնդիրն է, որի մասին գրեթե չեն խոսում ու կմոռանան մի քանի օր հետո վստահաբար։ 

Նախ առաջինն այն պատճառով, որ մարդիկ կենտրոնանում են միայն դեպքի վրա, չդիտարկելով խորքային երևույթի դեմ պայքարի մեխանիզմներ ներդնելը: Դա այդ եզակի դեպքի խնդիր չէ, երեխաների պաշտպանության խնդիր է, որը նաև պետք է դիտարկվի ինստիտուցիոնալ մակարդակում՝ ինչպե՞ս ենք մենք երեխաներին պաշտպանում նման դեպքերից։ 

Դա միայն դպրոցի ուսուցիչը չէ, դա կարող են լինել անչափահասների համացանցային սեռական որսորդներ, դա կարող են լինել ընտանիքի անդամներ, որը, ի դեպ, ըստ մեր տվյալների ու նաև վիճակագրության, ընտանիքի անդամների կողմից սեռական բռնությունների թիվն ամենաբարձրն է, ու երեխան ամենախոցելին է այն տարածքում, որտեղ պետք է իր նկատմամբ ապահովությունն ամենաբարձր մակարդակին լիներ, ու այն անձանց կողմից է դա կատարվում, որոնք այս կամ այն կերպ վայելում են երեխայի վստահությունը, ընտանիքի կողմից հարգված մարդիկ են։ 

Ուզում եմ ասել, երեխաներին այս կրթությունն ու դաստիարակությունն անհրաժեշտ են, միայն ծնողին ասելով ու հետամուտ լինելով չէ, որովհետև կարող է լինել ընտանիքի անդամների կողմից, ուստի ազդարարման գործողություններ ու երեխաների պաշտպանությանն ուղղված գործողություններ հստակ պետք է կատարվեն հենց կրթական հաստատության կողմից, իսկ այդ հարցն ընդհանրապես ստվերվում է ու նույնիսկ այս քննարկումների ծիրում չի դիտարկվում, այլ դիտարկվում է՝ եղել է, չի եղել, հարգված է այդ անձը, թե չէ։ 

Նախ՝ կարելի էր այդ գործողություններն այնպես իրականացնել, որ մարդիկ ընդհանրապես չիմանային՝ որ դպրոցում է տեղի ունեցել դեպքը, երբ է տեղի ունեցել, այսպիսի ահաբեկչական գործողության նմանվող իրավիճակ չստեղծվեր, ու դա իհարկե կպաշտպաներ մարդկանց իրավունքները՝ թե՛ երեխաների, որոնք հիմա դարձել են բավական խոցելի, և հասարակության համար ևս, հասարակության յուրաքանչյուր անդամ այդ երեխաներին դիտարկում է հենց պոտենցիալ բռնության կամ ոտնձգության ենթարկված, ու դպրոցը ևս թիրախավորվում է՝ որպես այդպիսին։ 

Մենք՝ իրավապաշտպաններս, մշտապես մարդու իրավունքներից ելնելով, բոլոր քրեական գործերի հարուցման, Քննչական կոմիտեի հայտարարությունների ու այլ նմանատիպ դրսևորումների պարագայում խրախուսում ենք, որ անուններ չհրապարակվեն, փորձ արվի ծածկել մարդկանց անունը, ազգանունը, անձնական տվյալները, գտնվելու վայրը, երբ մանավանդ լինում են սեռական բռնության դեպքեր, մշտապես ասում ենք, որ երեխայի լավագույն շահից ելնելով պետք չէ ասել տարածքը և այլ մանրամասներ, որով հնարավոր կլինի նույնականացնել։ 

Իսկ այս դեպքում պետական մարմինը հենց ամբողջականորեն թիրախավորեց դպրոցը, ուսուցչին, իսկ դրանից հետո դժվար չէ իմանալ նաև պոտենցիալ թիրախների անունները։ Մյուս խնդիրը, իհարկե, առաջացած իրավիճակից հետո որևէ կերպ չսկսել արդարացնել կամ փորձել ցույց տալ, որ չի կարող պատահի, որ անձը նման արարք իրեն թույլ տա։ Մեր երկարատև փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ բռնարարներն ընդհանրապես հասարակության մեջ բավական հարգված ու ադեկվատ վարք ունեցող մարդիկ են լինում։ Այս ածանցյալ քննարկումները հետևանք են նրա, որ դեպքը հանրայնացվեց, հանրայնացվեց նաև անձը, իսկ այս ամենը չպետք է թույլ տրվեր։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, այսինքն՝ ակնհայտ բացից, որ երեխաները չունեն անհրաժեշտ կրթություն, տեղեկություն, սեռական դաստիարակություն, նաև նմանատիպ դեպքերի հետ վարվելու գրագիտությո՞ւն չկա մեզանում՝ սկսած իրավապահ մարմիններից։

– Ընթացակարգեր չկան՝ ինչպես տեղեկացնել դեպքերի մասին, ինչպես վարվել երեխայի հետ, որպեսզի նա մինչև վերջ նաև կարողանա տեղեկություն տալ համապատասխան մարմիններին: Հայաստանում չկան այդպիսի ընթացակարգեր, որովհետև խնդիրը որպես այդպիսին չեն ճանաչում, ու համապատասխան մարմինը այդ խնդրի հետ վարվելու որևէ գործընթաց չի ներդնում։ Սա կարևոր է նաև նմանատիպ դեպքերը կանխարգելելու տեսանկյունից։ 

Մենք դեռևս այդ ամբողջական ընթացակարգերը չունենք ու նաև այն պատճառով, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքից հետո գալիս են եզրակացության, որ դա եզակի դեպք էր, ու ամբողջական մոտեցում ցուցաբերել պետք չէ։ Բայց դա միայն անհատական խնդիր չէ, սա երեխաների նկատմամբ համակարգային խնդիրներից մեկն է՝ գլոբալ իմաստով բռնությունը ու հատկապես սեռական բռնությունը, որի համար հստակ քայլեր պետք է ձեռնարկել՝ խնդիրը ճանաչելու, երեխաներին այդ կրթությունը տալու, ազդարարման ու աջակցության մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ։ 

– Առաջնային օղակը, որը պետք է զբաղվի այդ ամենով, ո՞րն է։

– Ընդհանրապես շատ կարևոր է, որ կրթական հաստատություններում ներդրվի, որովհետև դրանք այն հաստատություններն են, որտեղ երեխան կարող է գրագետ ինֆորմացիա ստանալ այն խնդիրների վերաբերյալ, որոնք առնչվում են իրեն։ Առաջնային օղակը դպրոցն է։

– Տիկի՛ն Հովհաննիսյան, իսկ ո՞ր տարիքից պետք է երեխաներին տալ այդ կրթությունը, որովհետև սա էլ քննարկման բուռն տեղիք տվեց հանրության շրջանում։

– Երեխաներն ունենում են խնդիրներ 9-10 տարեկանից սկսած, իրենց սեռահասունացման խնդիրներն են, աղջիկների հենց դաշտանի սկսման ու այդ ժամանակահատվածում մարմնի հետ վարվել, հիգիենան պահպանել։ Սրանք հարցեր են, որոնց շատ հաճախ ընտանիքում պատասխան չի տրվում, երեխաների մոտ այդ իրավիճակը սկսվում է շատ անակնկալ, նրանք չգիտեն՝ ինչպես վարվել իրենց մարմնի հետ։ 

Մանկապարտեզից սկսած հարկավոր է երեխաներին գրագետ գիտելիք տալ, թե ինչպես անել, որ երեխան իրեն պաշտպանված զգա, կամ մարմնի որ հատվածներին կարելի է դիպչել կամ չդիպչել, եթե ընտանիքում իրականացվում է, իրականացվում է, եթե չի իրականացվում, ապա ոչ մի տեղ չի իրականացվում, որևէ տեղ ոչինչ ներդրված չէ։ 

Կրթական համակարգի խնդիրն է զգայուն գիտելիք փոխանցելը, այս ամենը մանկավարժություն է, ինչպես երեխային սկսում ենք տառեր սովորեցնել՝ անկախ նրանից, ընտանիքում նրան տառերը սովորեցրել ենք, թե չէ, սա կրթության մի ձև է՝ սեռակրթություն, որը որքան երեխայակենտրոն և տարիքին համապատասխան անենք՝ գիտական ու կրթական մակարդակով, այնքան երեխաներին ավելի մատչելի կլինի այդ գիտելիքի փոխանցումը, ու այդ գիտելիքն ի վերջո տեղ կհասնի ու կկարողանա նաև երեխաներին օգտակար լինել։ Թաքուն՝ դռների հետևում չեն խոսի, այլ կունենան գիտականորեն հիմնավորված գիտելիքներ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am